Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մենք, որ ցուցմունք ենք տվել, չենք էլ գիտակցել` ինչ ենք տվել». Վկաներն ուշագրավ մանրամասներ են հայտնել

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատարանում այսօր ցուցմունք տվեց վկա Զոյա Զաքարյանը: Նա դատարանին հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանին չի ճանաչում և առաջին անգամ է տեսնում:

«Թոռս` Հենրիկ Հարոյանը, մի շարք խնդիրներ ունի: Մեզ ասել էին, որ Վոլոդյա անունով մարդ կա, ով նախկին ոստիկան է ու կարող է օգնել, որ թոռս մոտ տեղ ծառայի, էլի: Ամուսինս մոտեցել էր, խոսել էր: Մինչև ամուսնուս հարցաքննությունը,  ես բան չեմ իմացել: Առաջին հարցաքննությունից հետո պարզվեց, որ Ավետիսյանը երկու հազար դոլար փող է ուզել` երեխային  մոտիկ գցելու համար»:

Ամուսնու և Վոլոդյա Ավետիսյանի հանդիպման մանրամասները վկան չկարողցավ պատմել, քանի որ, ինչպես ինքը պատճառաբանեց, իր ամուսինը շատ քչախոս և ինքնամփոփ մարդ է, չի սիրում, երբ խառնվում են իր գործերին:

Մեղադրողի այն հարցին, թե արդյոք հիշում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, նշեց, որ չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել, բայց միաժամանակ պնդեց նախաքննության ժամանակ տված ցուցմունքը. «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Ինչ գիտեցել եմ, պատմել եմ»:

Վկայի խոսքով` իր ամուսինն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Վոլոդյա Ավետիսյանի հետ, իսկ թե նախքան դա հեռախոսով խոսել են, թե ոչ` չգիտեր. «Մեր տնից ինքը երբեք հեռախոսով չի խոսել, չգիտեմ հեռախոսով խոսել են, թե չէ: Աղջիկս` Լուսինեն, Հենրիկի հետ 2 հազար դոլար էր ուղարկել: Ամուսինս մի օր էդ գումարը վերցրեց ու տնից գնաց: Ասեցի` ուր էս տանում, ասեց` քո գործը չի: Հետո հարցաքննությունից հետո իմացա, որ էդ գումարը Վոլոդյա Ավետիսյանն ա պահանջել»:

Նա դատարանին պատմեց նաև, որ երեկոյան իրենց տուն է եկել ՊՆ մեքենա, որով էլ իր ամուսնուն և թոռանը տարել են ոստիկանություն` ասելով, թե Սեյրան Օհանյանն է կանչում. «Հաջորդ օրը ցերեկը 3-ի կամ 4-ի կողմերը նոր եկել են տուն: Ես չգիտեմ, թե ինչ էին էդքան ժամանակ հարցաքննում. ոչ թոռս, ոչ էլ ամուսինս բան չասեցին»:

Ամուսնու հարցաքննությունից հետո օրեր անց, վկա Զոյա Զաքարյանի տուն են եկել երկու անծանոթ անձինք, ովքեր ներկայացել են որպես փաստաբաններ. «Մենք փաստաբանի կարիք ունեինք, բայց փող չունեինք, որ վարձեինք: Երկու հոգի եկան, ասեցին, որ կօգնեն: Սկզբում վախեցա, բայց հետո տեսա, որ շատ պարկեշտ մարդիկ են: Հետո աղջիկս` Լուսինեն, ասեց, որ պետք չի, կարողա մեզ չպաշտպանի իրանց պաշտպանի»:

Վկայի խոսքով` 2 հազար դոլարն իրենք հետ չեն պահանջել. «Մենք մենակ ուզում ենք էստեղից շուտ պրծնենք: Ես 59 տարեկան կին եմ, օրենքի հետ երբեք չեմ առնչվել»:

Պատասխանելով մեղադրողի այն հարցին, թե արդյոք նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքները համապատասխանում են` նշեց. «Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել: Կարող ա ինչ- որ բան հիշած չլինեմ, երկար ժամանակ ա անցել: Մենք, որ ցուցմունք ենք տվել, չենք էլ գիտակցել` ինչ ենք տվել»:

Մեղադրող Հենրիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որին դեմ արտահայտվեց պաշտպան Արա Զաքարյանը: Դատավորը մերժեց հրապարկել նախաքննական ցուցմունքը:

Այնուհետև ցուցմունք  տվեց գործով վկա Հենրիկ Հարոյանը: Նա դատարանին միայն հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանին: Դատավարական կողմերի մյուս հարցերին նա չէր պատասխանում: Կամ ասում էր «չեմ հիշում», կամ էլ` «չգիտեմ»:

Վկան անգամ չէր էլ հիշում, որ հարցաքննվել է նախաքննության ժամանակ:

Դատախազը այս փաստը որպես էական հակասություն վկայակոչելով` միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Դատավորը մերժեց այս միջնորդությունը, ապա հայտարարեց  5 րոպե ընդմիջում: Վերադառնալով` բավարարեց ներկայացված միջնորդությունը` վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության 342-րդ հոդվածը:

Պաշտպան Արա Զաքարյանը առարկեց դատավորի այս որոշմանը` նշելով, որ ինքը  դատավորի այս քայլից հետո պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել և դատարանից խնդրեց իրեն տրամադրել դատական նիստի արձանագրությունը և ժամանակ` միջնորդությունը ներկայացնելու համար:

Սակայն դատավորը, այնուամենայնիվ, որոշեց հրապարկել վկայի նախաքննական ցուցմունքը, ինչն էլ առաջացրեց Արա Զաքարյանի զայրույթը, և նա հրաժարվեց նման պայմաններում շարունակել մասնակցել դատական նիստին: Երբ պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը, նրան միացան նաև դահլիճում հավաքված Վոլոդյա Ավետիսյանի ընկերները, որոնք ևս դժգոհ էին դատավորի որոշումից:

Դատական կարգադրիչների միջնորդությամբ նրանք դուրս հրավիրվեցին նիստերի դահլիճից:

Դատավոր Լևոն Ավետիսյանը ստիպված եղավ լքել նիստերի դահլիճն առանց դատական նիստը փակելու:

Կարճ ժամանակ անց, երբ կրքերն արդեն հանդարտվել էին, դատավորը վերադարձավ և նշանակեց հաջորդ նիստի օրը:

Այն տեղի կունենա մայիսի 6-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել