Պաշտոնյաների զոքանչների անունով գրանցված գույքերը ևս պետք է հայտարարագրվեն

Քանի դեռ ապօրինի հարստացումը չի քրեականացվել, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին խոսք լինել չի կարող: Դրա պայքարին պետք է միանան նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ-ները:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» գործընկեր կազմակերպության` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ շարունակում է մարզերում իրազեկել նոր մեկնարկած «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մասին: Հերթն այս անգամ Շիրակի և Արագածոտնի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններինն էր: 

«Ինչպես գիտեք` մենք ունեինք կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագիր, որն ավարտվել է, նորը դեռևս մշակման փուլում է և հուսով ենք, որ այս ծրագրի մեջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կունենան ավելի լուրջ ներդրում»,- ասաց «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիան» ՀԿ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

 «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:

«Վերջերս քաղաքական առաջնորդները Հայաստանում բազմիցս պատրաստակամություն են հայտնել պայքարելու կոռուպցիայի դեմ. Մասնավորապես իրենց հանրային ելույթներում ու հայտարարություններում»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության,համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան:

Միջոցառման ժամանակ Շիրակի մարզպետի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ  Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:

ՀԿ-ներ մի շարք ներկայացուցիչներ նշեցին` Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում հիմնականում հիմնավորված է նրանց ներկայացրած դրամական միջոցները, սակայն իրականում նրանք ավելի շատ երկամուտներ ու գույք ունենք` «մեծ մասամբ գրանցված իրեն զոքանչների անունով». Անհրաժեշտ է աշխատել գույքի և եկամուտների համատարած հայտարարագրման ուղղությամբ:

Նշենք, որ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Ընտրանի

Իրադարձություններ