Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մեր բարեկամուհին եկավ գլուխը կախ ու ես իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ սարսափելի բան ա ասելու. պատմում է մահացած երեխայի մայրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննություն:

Դատարանում ցուցմունք տվեց մահացած երեխայի մայրը, գործով վկա Աշխեն Բաբայանը: Նա դատարանին պատմեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 30-ին Լիան ջերմություն է ունեցել, բայց իրենք չեն մտածել, որ լուրջ բան կա, կարծել են՝ սովորական գրիպ է: Ջերմիջեցնող են տվել, որպեսզի ջերմությունն իջնի:

«Կրիտիկական բան չկար: Սովորական վիրուս էր, գրիպ: Հաջորդ օրը ջերմությունն էլի բարձրացավ, դեղ տվեցինք՝ իջավ: Հետո, որ ջերմությունն իջավ աղիները երեխու սկսեցին գործել: Երեխան ինչ-որ բան ուզեց ուտելու: Ջուր տվեցինք ու հաց կերավ: Հացը ձեռքին նստած էր բազմոցին: Մեկ էլ  բիբերը վերև բարձրացան ու դող սկսվեց: Քանի որ ոչ մի անգամ իմ մյուս երեխաների մոտ նման բան չի եղել, ես շատ վախեցա ու խառնվեցի: Ենթադրեցի, որ դա ցնցում ա: Ամուսինս գրկեց երեխային ու ուշքի բերեց: Լեզուն կծել էր, բերանից արյուն էր գալիս: Շատ վախեցանք ու շտտապօգնություն կանչեցինք»,- պատմեց մահացած երեխայի մայրը:

Ըստ նրա՝ քանի որ երեխան բարձր ջերմություն է ունեցել, շտապօգնության բժիշկը թույլ չափաբաժնով դիմիդրոլ է նշանակել, ու երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն. «Ընդունարանում մեզ ընդունեց բժշկուհի Լիլիթ Վարդանյանը: Թոքերը լսեց, կոկորդը նայեց: Ասեց թեթև կարմրած ա,  իսկ  թոքերը մաքուր են ու որևէ  խնդիր չկա: Վիրուսային վիճակ է: Մեզ տեղափոխեցին չորրորդ պալատ: Չափեցին երեխայի ջեմրությունը: Բավական բարձր էր, բայց թե ինչքան կոնկրետ չեմ հիշում: Ջերմիջեցնող նշանակեց բժշկուհին ու կաթիլային միացրին»:

Կաթիլայինից և ջերմիջեցնողներից հետո երեխայի ջերմությունը մի փոքր իջել էր: Բուժքույր Լարիսան ասել է, որ վիճակը նորմալ է: Քանի որ Աշխեն Բաբայանը տանը տասը ամսեկան երեխա ուներ գնում է տուն, իսկ ամուսինը՝ Գեորգի Միսակյանը մնում է հիվանդանոցում:

Աշխեն Բաբայանը դատարանին հայտնեց նաև, որ առավոտյան ժամը 5-ին նորից վերադարձել է հիվանդանոց. «Առավոտյան հերթախոխի ժամանակ տեսա բժշկին ՝ Լիլիթին, հարցրի՝ ինչպե՞ս է երեխան, ասեց նորմալ: Ամսի 1-ի բժիշկն արդեն Զարինեն էր: Եկավ, ինձ հարցրեց երեխայի վիճակի մասին: Ես ասեցի, որ երեխայի կոկորդը դուրս չի գալիս, կարմրած ա ու ինձ անհանգստացնում ա: Ինքն ասեց, որ վիրուս ա ու ձեռք տալ չի կարելի, բոլոր այդ միջոցները սիստեմայի մեջ կան: Հեռվից երեխուն տեսավ, երևի մտածեց լավ ա ու դրանից հետո ես իրեն չեմ տեսել: Ոչ թոքերն ա զննել, ոչ էլ կոկորդը նայել»:

Մոր փոխանցմամբ՝ երեխան հեղուկներ չէր խմում: Լիայի մոտ պարբերաբար փսխումներ էին լինում. «Երեխայիս բերանից ահավոր հոտ էր գալիս: Էդպես ամբողջ գիշեր շատ անհանգիստ էր, անընդհատ գալարվում էր՝ ո´չ քնած էր, ո´չ արթուն: Բուժքույրը ներս ու դուրս էր անում, երեխայից հարցնում: Երրորդ օրվա բժիշկն արդեն Իրինա Մանյանն էր, ումից ես շատ շնորհակալ եմ իր բարեհամբույր վերաբերմունքի համար»:

Իրինա Մանյանը, երբ հետաքրքրվում է երեխայի վիճակից, մայրը պատնմում է, որ  գիշերն անհանգիստ է եղել, անընդհատ գալարվել է: Բժիշկը լսել է երեխայի թոքերը և նայել կոկորդը:

Ըստ Աշխեն Բաբայանի՝ Իրինա Մանյանն արել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր անել: Այնուհետև հայտնել է, որ երեխան շատ դժվար է շնչում ու դա իրենց անհանգստացնում է. « Ես ամենը նկարագրեցի: Ասեց՝ մենք միջոցներ կձեռնարկենք ու ասեց, որ հարկավոր է արյան կրկնակի անալիզ: Հետո ռենտգեն արեցին, քիթ-կոկորդը նայեցին ու ասեցին, որ երեխայի վիճակը միջին ծանրության է: Արդեն իրավիճակը շատ լարված էր: Բժշկուհին ասաց, որ պետք ա հակաբիոտիկներ նշանակել: Մի հատ ժամը չորսին ներարկեցին ու նշանակեցին թթվածին: Գնացինք կողքի սենյակ, որ ստանար թթվածինը, բայց  չէր թողնում դիմակը դեմքին հագցնենք: Բուժքույրն ասեց ոչինչ, որ երեխան քնի կարող եք այդ ժամանակ բերել ու մենք վերադարձանք պալատ»:

Երեխայի մոր պատմելով՝ երբ վերադարձել են պալատ, երեխան շատ թույլ է եղել: Ամուսնու հետ փորձել են ինչ-որ բան ուտեցնել երեխային: Հետո փորձել են ներարկիչով մի երկու կաթիլ հեղուկ խմեցնել. «Մի երկու գդալ բան կերավ: Հետո հրաժարվեց: Գիշերը 11-ի կողմերն էր: Երեխան իմ գրկում էր: Զգացի, որ թուլացավ, բիբերը լայնացան: Հանկարծակի եկանք ու սկսեցինք գոռգոռալ, որ շտապ բժիշկը գա: Երբ եկան, երեխային վազելով բարձրացրին վերակենդանացման բաժանմունք: Ես իջա ներքև, բուժքույրն ինձ հանգստացնող դեղ տվեց: Հետո մեր բարեկանմուհին եկավ գլուխը կախ ու ես իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ սարսափելի բան ա ասելու: Ես աննորմալ բղավոցների մեջ էի ու էլ բան չեմ հիշում»:

Գործով մյուս վկանների հարցաքնննությունը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 24-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել