Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Գրկեցի, ասեցի բալես-բալես, մի տեսակ ծանրացել էր երեխեն. դատարանում ցուցմունք տվեց մահացած երեխայի հայրը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը:

Նա դատարանին պատմեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին երեխան ջերմում էր՝ ցնցումների մեջ էր: Նախ փորձել են առանց բժշկական միջամտության ջերմությունն իջեցնել: Սառը թրջոց են դրել երեսին, որ ուշքի գա ու զանգել են շտապօգնություն:

Երեխային զննելուց հետո շտապօգնության բժիշկը կես չափաբաժին անալգին-դիմիդրոլ է սրսկել՝ ասելով անվտանգ հիվանդանոց հասցնենք, իսկ այնտեղ իրենք ամեն-ինչ կանեն:

«Մեզ ասեցին, որ շտապ պետք է երեխուն տեղափոխենք հիվանդանոց, քանի որ նման վիճակում չի կարելի երեխային տանը պահել: Հնարավոր ա ցնցումները կրկնվեն: Քանի որ ես Արաբկիր բժշկական կենտրոնում ապահովագրություն ունեի, մտածեցի, որ էնտեղ տանենք ավելի լավ կլինի:  Կինս գնաց շտապօգնության մեքենայով, իսկ ես իմ մեքենայով գնացի շտապօգնության մեքենայի հետևից: Մինչև ես հասա հիվանդանոց  բժշկուհի Լիլիթ Վարդանյանն արդեն զննել էր երեխային, ու ասել, որ որևէ վտանգավոր բան չկա, պարզապես վիրուս ա: Թոքերի հետ կապված խնդիր չկա:  Այդ ժամանակ բուժքույր Լարիսան սիստեմա գրեց ու տեղափոխեցին հիվանդասենյակ»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Նրա խոսքով՝ երեխան ամբողջ գիշեր չի քնել՝ անհանգիստ է եղել: Բուժքույր  Լարիսան ջերմաչափ է տվել՝ երեխայի ջերմությունը պարբերաբար ստուգելու համար. «Հենց ջերմությունը բարձրանում էր ջերմիջեցնող էին տալիս: Բայց երեխես շատ անհանգիստ էր: Տեղը չէր գտնում, ինքը շատ աշխույժ երեխա էր: Չէի կարողանում հանգստացնել: Գնացինք էդ միջանցքի հատված մի քիչ ման եկանք: Նկարներ կային պատերին կախած դրանք էի ցույց տալիս: Հետո բուժքույր Լարիսայի ձեռքը բռնած ման էր գալիս: Ամբողջ գիշեր երեխես չի քնել»:

Գեորգի Միսակյանը առավոտյան 5-ի կողմերը գնում է տուն մի փոքր հանգստանալու: Երեխայի մոտ է մնում կինը: Առավոտյան երբ արդեն վերադառնում է հիվանդանոց, տեսնում է, որ և´ բուժքույրերն են փոխվել, և´ բժիշկը. «Առավոտյան արդեն բժշկուհի Զարինե Այվազյանն էր: Եկա  տեսա հինգ հատ ներարկիչով դեղ էր դրած: Հենց ջերմությունը բարձրանում էր, տալիս էին: Գնացի Զարինեին ասեցի երեխուս կոկորդը խռխռում ա ՝  լավ չի շնչում: Ինքը ասեց անհոգ եղեք սիստեմայի մեջ ամեն ինչ կա, որ վիրուսը հանի: Ես ամբողջ օրը եղել եմ հիվանդանոցում: Երեկոյան տղամարդ չէր կարող մնալ գնում էի առավոտյան գալիս: Ամսի 1-ին կինս ասեց հասուն մեկը չկա գա էս երեխուն տեսնի ի՞նչ ա եղել: Մտածեցինք երևի Նոր տարիա ամսի 2-ին կգան երևի»:

Արդեն հունվարի 2-ին, երբ Գ. Միսակյանը գնում է հիվանդանոց, կինն ասում է, որ այլ բժիշկ է եկել: Մի քանի անգամ թթվածին են միացրել, որ երեխան շնչի: Այնուհետև, տեսնելով, որ երեխայի վիճակը չի կարգավորվում, հայրը գնում է բժիկների սենյակ և Մանյան Իրինային ասում, որ գա երեխային զննելու ՝ քանի, որ երեխան ոչ հաց է կարողանում ուտել, ոչ էլ ջուր խմել.

«Ես իրանց անհնըդհատ ասում էի, որ երեխեն լավ չի: Շատ ծանր ա շնչում մի հատ էլ եկեք նայեք: Իմ ասելուց մի քսան րոպե հետո բժիշկ  Իրինա Մանյանն ասեց, որ պետք ա շտապ ռենտգեն անել: Երեխուն ռենտգեն արեցին ու բուժքույրն ասեց, որ չի կարա ասի, թե ինչ խնդիր ա, քանի որ չի հասկանում: Բժիշկը կգա կասի: Մի քանի ժամից բուժքույրն եկավ ասեց, որ աջ թոքի թոքաբորբա: Հետո բժշկուհիներ եկան, երեխու կոկորդը նայեցին ու ասեցին, որ պետք ա շտապ կոկորդը մաքրել: Հետո վիրաբույժն եկավ, ասեց հոգնա  ա պետք անել»:

Քանի որ Լիան պարբերաբար իրեն վատ է զգացել, հայրը դուրս է եկել շոր բերելու: Երբ հետ է եկել արդեն սենյակում չեն եղել, երեխային տարել են բժիշկների սենյակ, որպեսզի թթվածին շնչի:

«Երբ երեխուն բերեցին պառկած էր: Տեսա, որ շրթունքները կապտում ա: Գրկեցի, ասեցի բալես-բալես: Մի տեսակ ծանրացել էր: Աչքերը բացեցի, տեսա բիբերը լայնացել են, որ գոռացի բժիշկը շտապ եկավ: Մանյան Իրինան ասաց, որ շտապ վերակենդանացման բաժին պետք է տեղափոխել: Հետո մի երկու ժամ հետո եկան ու ասեցին, որ երեխաս մահացել ա»:

Արև  Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել