Մենք այսօր մտածում ենք Արադարադատության ակադեմիայի ուսուցման որակը բարձր պահելու մասին. Ռուբեն Մելիքյան

2012 թվականի հունիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրեց Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ռազմավարական ծրագրի արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսվել էր ստեղծել Արդարադատության ակադեմիա:

Այն գալու էր փոխարինելու «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց»-ին և «Դատախազական դպրոց»-ին, և հակառակ այն կարծիքին, թե պետք չէ ապագա կամ գործող դատախազներին ու դատավորներին այդ եղանակով է՛լ ավելի մերձեցնել, այդուամենայնիվ, Արդարադատության ակադեմիան որպես ՊՈԱԿ գրանցվեց 2013 թվականի դեկտեմբերի 20-ին և ամբողջ ծավալով գործունեություն է սկսել իրականացնել 2014թ. հունվարից: Այսուհետև դատախազ կամ դատավոր դառնալու համար պարտադիր պետք է ուսանել Արդարադատության ակադեմիայում:

Փետրվարի 22-ին լրացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի պաշտոնավարման 100 օրը:

Իրավաբան.net-ը զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ պարզելու Արդարադատության ակադեմիայում մինչ օրս կատարված աշխատանքները և նորաստեղծ ակադեմիայի հետագա անելիքները:

-Պարոն Մելիքյան, ըստ օրենքի` պետք է արդեն հաստատված լինի 2014 թվականի ուսումնական ծրագիրը: Կմանրամասնեք, թե՞ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք ի՞նչ գրաֆիկով են այցելելու ակադեմիա:

-Նախ նշեմ, որ Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ մեր աշխատանքները սկսելու ենք մարտի 17-ից: Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևելու է 8,5 ամիս (այս պահին միայն դատավորների թեկնածուների ուսումնական ծրագիրն է հաստատված): Մենք նրանց համար բավականին հագեցած ուսուցման ծրագիր ենք նախատեսել, որն ընդգրկում է կրթական 5 մաս, որոնցից առաջինն ու երկրորդը, ըստ էության, նույնաբովանդակ են. 5 շաբաթ նախատեսված է լսարանային ժամերին և 2 շաբաթ` քննության համար:

Ամեն օր լինելու են դասեր: Այսպես ասած, առաջին և երկրորդ քառորդների ընթացքում մենք ունենում ենք 2 շաբաթ տևողությամբ քննաշրջան, որի ընթացքում 8 քննություն է հանձնվում: Այսինքն` 8 դասընթաց է անցնում ունկնդիրն առաջին և երկրորդ քառորդների ընթացքում: Ինչո՞ւ երկու շաբաթ, որպեսզի հնարավություն տանք նորմալ պատրաստվել և մեկ օրվա ընթացքում մեկից ավելի քննություն չունենանք:

-Ի՞նչ առարկաներ են նախատեսված դասավանդել ակադեմիայում:

-Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով մեր առարկաները 3 խմբի ենք բաժանում` մոտավորապես դասընթացների 25 տոկոսը ընդհանուր մասնագիտական առարկաներ են, որոնք վերաբերում են բոլոր երեք մասնագիտացումներին` քաղաքացիական, քրեական և վարչական: Դրա շրջանակում իրենք անցնելու են իրավաբանական գրի և վերլուծության հիմունքներ, սահմանադրական արդարադատության արդի զարգացումներ, Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները և այլն:

Առարկաների 2-րդ խումբը հարակից բնույթի դասընթացներ են: Այս դասընթացների շրջանակում մենք փորձելու ենք տալ գիտելիքներ ժամանակի կառավարման, սթրեսի կառավարման, հոգեբանության հիմունքների, ներազդման հոգեբանության, հաղորդակցության և բանակցության վերաբերյալ:

Երրորդ խմբի մեջ մտնող 50 տոկոս դասընթացները մասնագիտական դասընթացներ են: Դրա շրջանակում դասավանդվելու է այնպիսի թեմաներ, որոնք արդիական են հիմա, օրինակ` քրեական իրավունքի արդի հարցերը և վերջապես այնպիսի առարկաներ, որոնք ամենաբնորոշներն են այսպիսի հաստատություններին` որոշակի հմտությունների և կարողությունների ձևավորում դատական նիստ վարելու, դատական ակտեր կազմելու հարցում: Մենք ունենալու ենք կոնկրետ գործ, դատական նիստի դահլիճ, որտեղ ունկնդիրները փորձելու են գործ քննել ու դատական ակտ կազմել: Նշեմ, որ այս կառուցվածքն ու կուրսերը նման են նույն գերմանական մոդելին: Մենք չենք տարբերվում այն մոդելից, որն առկա է Եվրոպայում:

-Իսկ ովքե՞ր են դասավանդելու ակադեմիայում:

-Մենք չունենք մշտական դասախոսներ: Սա մեր 2014 թվականի ռազմավարությունն էր: Հետո հնարավոր է որոշում կայացնենք ունենալ ամբիոններ: Մեր ակադեմիայի կառուցվածքը հիմա վարչական է: Դասախոսների հետ մենք կնքելու ենք պայմանագրեր կոնկրետ ժամաքանակով և հրավիրելու ենք բոլոր այն դասախոսներին, ովքեր որոշակի փորձ ունեն, որոշակիորեն ապացուցել են իրենց գործունեության արդյունավետությունը և ավելի շատ ընտրելու ենք այնպիսի դասախոսներ, ովքեր դատավորի, դատախազի շատ մեծ պրակտիկ փորձ ունեն:
Մենք ունենք նաև գիտահետազոտական վարչություն, որը դասախոսների հետ աշխատելու է առարկաների, ծրագրերի և փաթեթների վրա, որպեսզի դասախոսը մտնի լսարան, ունենա որոշակի փաթեթ, որոշակի հստակ կառուցվածք դասն անցկացնելու:

-Իսկ արդյո՞ք փորձագետներ լինելու են արտասահմանից:

-Փորձելու ենք օգտագործել մեր ռեսուրսները, որպեսզի արտասահմանյան փորձագետներին ներգրավվենք որևէ ձևաչափով ակադեմիայի աշխատանքին: Ուսուցման ծրագրում նախատեսել ենք հրավիրյալ մասնագետների դասախոսություն ձևաչափը: 20 ժամ ենք ունենալու դրա համար նախատեսված, գուցե հեռավար կարողանանք մեկ-երկու դաս ապահովվել նրանց դասախոսությունը կարևոր թեմաների վերաբերյալ:

Մեր մյուս ձևաչափը ներառում է համագործակցություն միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող սեմինարների կազմակերպիչների հետ, որոնց ներգրավվում են դատախազներն ու դատավորները: Քանի որ դատավորներն ու դատախազները ունեն տարեկան վերապատրաստման հստակ ժամաքանակ, մենք նպատակահարմար ենք համարում որոշակի չափանիշներ դնել և այդ չափանիշներին համապատասխանելու դեպքում, հաշվենք ժամաքանակ: Այս ձևը հիմա փորձում ենք հղկել, կենսագործել:

-Մինչև Արդարադատության ակադեմիայի ստեղծումը բազմաթիվ քննարկումներ եղան: Կային կարծիքներ, որ պետք չէ դատավորների և դատախազների թեկնածուներին մեկ հարկի տակ հավաքել ու կրթել, քանի որ նրանց միավորումը գուցե հետագայում ճիշտ չլինի: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ:

-Մենք ունենք դրական կողմեր այդ ձևաչափում, այսինքն` կարողանում ենք միասնական կրթական քաղաքականություն իրականացնել: Պարզ ասած` որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք նույն գիտելիքն են ստանում և դրանով խուսափում ենք պրակտիկ հնարավոր խնդիրներից, երբ նույն հարցը մի դեպքում մի կերպ է մեկնաբանվում, մեկ այլ դեպքում` այլ կերպ: Ես կարծում եմ, որ այս գործընթացը մեզ մոտ սկսելու է նաև որոշակի վեկտրային ուղղվածություն ունենալ. գուցե արդյունավետ և հաջող փորձի պարագայում պետությունը մտածի շարունակելու այս ինտեգրացիոն գործընթացը: Այս ուղղությամբ որոշակի քայլեր ունենք արված, մասնավորապես` «Քննչական կոմիտեի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում նախատեսված է նաև «Արդարադատության ակադեմիայի մասին օրենք»-ի փոփոխություն: Օրենքի փաթեթն ընդունվելու դեպքում մեր ունկնդիրների շրջանակը համալրվելու է նաև քննչական կոմիտեի քննիչներով:

– Դուք նշեցիք, որ ապագա դատավորներին ու դատախազներին միասին կրթելով խուսափում ենք պրակտիկ հնարավոր խնդիրներից, երբ նույն հարցը մի դեպքում մի կերպ է մեկնաբանվում, մեկ այլ դեպքում` այլ: Այդ նույն խնդիրն առաջանում է նաև փաստաբանների մոտ` երբեմն չհասկանալով, թե դատավորն ու դատախազն ինչպես են մեկնաբանել օրենքի նորմը: Այսինքն` ակադեմիային պետք է միացնել նաև Փաստաբանների դպրո՞ցը:

-Ես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա իմ լիազորություններից և գործառույթներից դուրս է, բայց ես կարծում եմ, որ Փաստաբանների դպրոցն անշուշտ ունի որոշակի առանձնահատկություն. փաստաբանը պետական գործառույթ չի իրականացնում: Մեր խնդիրն է համագործակցել դպրոցի հետ և հնարավոր է ունենաք դասընթացներ, որտեղ լինեն ապագա դատավոր, դատախազ, փաստաբան:
Ես չեմ կարծում, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, որը դեռ չի սկսել ուսումնական գործընթացը և չի կարողացել ապացուցել Արդարադատության ակադեմիայի արդյունավետությունը, պետք է դատողություններ անի հետագայում Արդարադատության ակադեմիայի ընդլայնման և ինտեգրացիոն պրոցեսի շարունակման առումով: Մենք այսօր այդ մասին անկեղծորեն չենք մտածում, այլ մտածում ենք ուսուցման որակը բարձր պահելու մասին:

Ռուբեն Մելիքյանի խոսքով` իրենք ցանկանում են, որ ապագայում ակադեմիայի այցեքարտը լինի հեռավար ուսուցումը. դա 2015 թվականի պլանների մեջ է մտնում, իհարկե, հեռավար ուսուցումը չի կարող ամբողջությամբ փոխարինել առկա ուսուցումը, բայց կարող է էապես նվազեցնել առկա ուսուցման դերը:

Ըստ օրենքի` ակադեմիայի նպատակն է նաև դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաuտումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ինչպես նաև դատական և դատախազական համակարգերի ունկնդիրների համար համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Արդարադատության ակադեմիայի 2014 թվականի ծախսերի համար պետական բյուջեից նախատեսված է 300 միլիոն դրամ` չհաշված դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձնաց կրթաթոշակները (յուրաքանչյուրին մոտավորապես 100.000-ական դրամ)

Հ.Գ. ՀՀ արդարադատության ակադեմիայի համար շենքային համալիր կառուցելը` 2698 քառ. մետր ընդհանուր մակերեսով (ներառյալ հողատարածքը` 2500 քառ. մետր) արժեցել է 844.681.213 դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է համաշխարհային բանկի միջոցներով:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հարցազրույցներ

Իրադարձություններ