Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ինչպե՞ս է սկսվել վեճը Լյուքս Ստեփանյանի գործի քննության ժամանակ. պարզաբանում է պաշտպանը

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով փետրվարի 26-ի դատական նիստը դարձավ բավական բուռն քննարկումների առարկա: Դատարանում վիճաբանություն էր սկսվել տուժող կողմի և ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջև: Վեճն այնքան թեժ է եղել, որ կողմերն անգամ հայհոյել են միմյանց:

Տեղի ունեցած միջադեպի մասին Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ անձամբ Երեմ Սարգսյանից:

«Տեղի ունեցած միջադեպը նախապատմություն ունի: Նախ սկսենք այն պահից, որ հենց առաջին դատական նիստին, երբ խոսքն ինձ հասավ ես անկեղծորեն ցավակցեցի սպանվածի ծնողներին և հարազատներին: Դատական նիստի ընդմիջմանը ևս մոտեցա Լյուքս Ստեփանյանի հորը՝ Իշխան Ստեփանյանին, փորձեցի զրուցել նրա հետ և հարթել հնարավոր լարվածությունը: Սակայն միանգամից շատ կոպիտ արձագանքի արժանացա: Երիտասարդ տղաներ կային, որ անեծքներով արտահայտություններ հնչեցրին իմ հասցեին, զուտ այն պատճառով, որ հանդիսանում եմ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանը»,- ասաց պաշտպանը:

Ըստ նրա՝ դատարանում ամեն ինչ հանգիստ է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանի աշխատանքը դրական առումով աչքի չի ընկնում. «Ոչ մեկ չի ուզում լսել այն մասին, որ հնարավոր է իրականության մեջ հանդես գան այնպիսի հանգամանքներ, որոնք իրենք չգիտեն և ի նպաստ ամբաստնյալի կարող են լինել»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ նիստերի ընթացքում դատարանում բացարձակ անտարբերություն է տիրում: Բոլոր աթոռները զբաղված են, անգամ կան մարդիկ, ովքեր կանգնած են և յուրաքանչյուրն իրեն թույլ է տալիս միջամտել դատական նիստին, տեղից խոսել: Մինչդեռ, ըստ փաստաբանի՝ դատավորը պարտավոր է դատարանում համապատասխան  կարգ և բնականոն ընթացք ապահովել:

«Ես այս պահին չեմ խոսում սպանվածի ծնողների մասին: Դահլիճում գտնվողներից յուրաքանչյուրն  իրեն իրավունք է վերապահում միջամտել դատարանին, պաշտպաններին և փորձում ինչ-որ բաներ պարզաբանել: Դատարանում որևէ սանկցիա չի կիրառվում, այնպիսի միջոց, որպեսզի հետագայում մյուսները հասկանան, որ չի կարելի ընդմիջել և խանգարել դատական նիստը: Մի քանի անգամ ես ինքս եմ միջնորդություն ներկայացրել,  որպեսզի դատական նիստը խանգարող անձինք հեռացվեն դահլիճից: Նրանք հեռացվել են, բայց  մի քանի րոպե անց նորից հետ են եկել դահլիճ և շարունակել իրենց նույն կերպ պահել»,- պատմում է փաստաբանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստի ժամանակ դահլիճում մի կին փորձել է ռեպլիկների միջոցով խոսքի բռնվել իր հետ: Սկզբում փորձել է անտեսել, բայց տեսնելով, որ կինն ավելի ակտիվ է դառնում, հստակ մատնացույց անելով՝ հրավիրել է դատարանի ուշադրությունը՝ խնդրելով սանկցիա կիրառել և հեռացնել դատական նիստերի դահլիճից.

«Դրանից հետո արձագանքներ լսեցի այլ անձանց կողմից: Նորից հրավիրեցի դատարանի ուշադրությունը՝ խնդրելով այդ անձնաց  հեռացնել դատարանից: Սակայն հարգելի դատարանը պատասխանեց, որ դատարանը նման բան չի լսել: Նման  կարծիք հայտնեցին նաև մեղադրող կողմը և տուժող կողմը: Այսինքն՝ եթե որևէ մեկը նման բան չի լսել, ուրեմն կարելի է ենթադրել, որ նման բան չի եղել: Նման պարագայում դատավորը պարտավոր էր կարգադրիչիներից պարզել կամ գոնե անձին ոտքի կանգնեցնել և հարցնել. եղել է արդյո՞ք նման բան, թե՝ ոչ»:

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ դատարանի նմանատիպ պահվածքը թույլ է տալիս որոշ անձանց եզրակացնել, որ կարող են ընդհատել դատական  նիստը, անել այն, ինչ ցանկանում է: Բայց իրականում ոչ ոք իրավունք  չունի խանգարել դատական նիստը. «Ես շատ բաներ կարող եմ չնկատելու տալ,  բայց այն, ինչ վերաբերում է իմ անձին, ես դա թույլ չեմ տա: Ես իմ աշխատանքն եմ անում և որևէ մեկն իրավունք չունի իր վիշտը շահարկելով խանգարել իմ աշխատանքին: Տուժող կողմը մի քանի անգամ էլ ասել է, որ պաշտպանը պասիվ լինի նիստի ընթացքում, բայց չի կարող այնպես լինել, որ ես դահլիճում լինեմ և չմասնակցեմ դատական նիստին»:

Պաշտպանը վստահեցնում է. այս եղանակով փորձ է արվում ճնշում գործադրել իր վրա, որպեսզի նա չկարողանա իր աշխատանքը պատշաճ կատարել. «Ի լուր բոլորին ասեմ, որ նման բան չի լինելու: Ես չեմ պատրաստվում հրաժարվել Դավիթ Խաչատրյանի պաշտպանությունից»:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին փաստեց, որ այն այնքան էլ չի արտացոլում իրականությունը:

«Լյուքս Ստեփանյանի հայրը առաջին շարքում նստած անընդհատ իմ կողմ էր նայում, մատը սահեցնում կոկորդի վրայով և ասում մորթելու եմ  և հայհոյանքի նման արտահայտություններ: Սկզբում կարծեցի, որ ինձ հետ չի, քանի որ մեր միջև կա հեռավորություն, իմ կողքին այլ մարդիկ էլ կային, այդ թվում՝ նաև ամբաստանյալը: Մտածեցի գուցե ամբաստանյալին նկատի ունի: Կրկնվելու ընթացքում, քանի որ ոչ ոք կարծես թե դա չէր նկատում, ստիպված եղա ոտքի կանգնել և հարցնել, թե արդյոք ինձ նկատի ունի, թե՝ ոչ: Միանգամից հնչեց դրական պատասխան և հայհոյանքներ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ դատարանը ոչինչ չէր անում ստեղծված իրավիճակը հարթելու համար: Ինքը միայնակ ի վիճակի չէր խաթարված դատական նիստը կարգավորեր. «Դատարանում ձևավորվել էր մի ամբոխ, որը պարզապես անհնար էր կառավարել: Դա էր պատճառը, որ ես դուրս եկա դատական նիստերի դահլիճից: Ինքս դատարանին հայտնեցի, որ հրաժարվում եմ դատական նիստին մասնակցել, քանի որ նման պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, քանի որ  պաշտպանի անվտանգությունը և անձանց իրավունքերը չեն պաշտպանվում: Քանի անգամ  Լյուքս Ստեփանյանի ծնողները վիրավորական արտահայտություններ են հնչել Դավիթ Խաչատրյանի հասցեին: Դատարանն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը հերքեց, որ ինքը տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանին ասել է թուրք և թքել նիստերի դահլիճում: Վստահեցրեց՝ եթե եղած լիներ ինքն անպայման կպնդեր դա: Իր խոսքերը կարող է ապացուցել նաև դատական նիստի արձանագրությունը: Նա հաստատեց միայն, որ հայհոյել է, բայց դա եղել է համարժեք պատասխան հայհոյանք և ուղղված չի եղել սպանված զինծառայողի ծնողներին. «Ես այդ պահի դրությամբ ինձ ամենազսպված ձևով եմ պահել: Իսկ այդ  բորբոքվածությունը նրանից էր գալիս, որ որևէ մեկն անկարող էր դատարանում կարգ պահպանել: Եվ ես ստիպված էի ամբողջը վերցնել իմ ուսերին՝ պաշտպանելու համար իմ անձը և իմ իրավունքները: Ես միայնակ գրեթե  մի գյուղի դիմաց էի կանգնած, որը պատրաստ էր ամեն ինչի: Իհարկե, կարգադրիչները փորձում էին իրավիճակը հանդարտեցնել, բայց շատ դժվարությամբ կամ ստացվում էր, կամ՝ ոչ: Այն, ինչ ես արել եմ, քիչ եմ արել, եթե փաստաբան չլինեի այլ կերպ կարձագանքեի, սակայն իմ փաստաբանական էթիկան դա ինձ թույլ չտվեց. ես դրանով կաշկանդված էի»:

Փաստաբանը մտահոգվում է՝ եթե այս կարգով իրականացվի դատաքննությունը, ապա ինքը չի պատկերացնում, թե ոնց է իրականացվելու ամբաստանյալի հարցաքննությունը, ինչպես պետք է անկաշկանդ իրականացվի նրա իրավունքը: Առաջիկա նիստի ժամանակ Երեմ Սարգսյանը պատրաստվում է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, քանի որ ըստ նրա  դատարանը բացարձակ ի վիճակի չէ դատական նիստի կարգը պահապանելու և արդար դատաքննություն անցկացնելու.

 «Դատարանի այս քայլերը վկայում են, որ դատարանը խիստ կաշկանդված է, իսկ եթե դատարանը կաշկանդված է դատական նիստը ապահովելու հարցում, առավել ևս կաշկանդված է լինելու հետագայում արդար դատավճիռ իրականացնելիս: Այսինքն՝  ես վստահ եմ, որ այս պահի դրությամբ դատարանն այս կազմով  ի վիճակի չէ արդար դատավճիռ կայացնելու: Միակ դատավճիռը,  որ կարող է դատարանն այս կազմով կայացնել, դա առկա հոդվածներով մեղադրանքը հաստատելն է և այդ շրջանակում պատիժ նշանակելը»:

Պաշտպանը դիմել է նաև ոստիկանություն՝ արդարդատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Վերջինիս փոխանցմամբ՝ արդարադատության իրականացմանը հստակ խոչընդոտվում է հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ նաև դատավորի նկատմամբ ճնշում գործադրելով: Նիստերից մեկի ժամանակ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ ձեռքը պարզած դատավորի վրա մի քանի անգամ ասում է. «Սաղ քո տակն ա, դու ես մեղավոր», որի արձանագրությունը ևս կա. «Այսինքն՝ ընդունե՞նք, որ դատարանի տակն իսկապես ինչ- որ բան կա, թե դատարանն ուղղակի ի վիճակի չէ որևէ մեկին համարժեք պատասխան տալ: Դատավորն ուղղակի պարտավոր էր այդ պահին հստակ արձագանքել հարցին»:

Ստեղծված իրավիճակում թերևս որպես լուծման տարբերակ Երեմ Սարգսյանն առաջարկում է դատական նիստերը դռնփակ անցկացնել: Այն բխում է և՛ դատարանի, և՛ արդարադատության իրականացման, և՛  դատական նիստի մասնակիցների շահերից. «Դատարանը կատարվածից հետո պարզապես պարտավոր էր գար և ասեր, որ այսուհետ նիստերը կկատարվեն դռփակ կարգով: Գուցե դրանից հետո մի որոշ ժամանակ անց նորից դռնբաց ընթանան, բայց այս անկառավարելի վիճակում, երբ դատարանը բացարձակապես անզոր է կազմակերպել նորմալ դատական նիստ և սաստել նիստը խանգարողներին»:

Եզրափակելով խոսքը՝ Երեմ Սարգսյանը խորհուրդ տվեց տուժող կողմին չխանգարել դատական նիստերի բնականոն ընթացքը. «Ես չեմ արդարացնում որևէ հանցագործություն: Իմ աշխատանքն անձի իրավունքների պաշտպանությունն է, և ես այն իրականացնում եմ»:

Դատարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև տուժող կողմի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանից: Վերջինս չցանկացավ շատ մանրամասնել, բայց հայտնեց, որ տուժող կողմը շատ ծանր հոգեվիճակում է գտնվում և ամեն բառը այլ կերպ են հասկանում. «Ես միշտ իրենց բացատրում եմ, որ փաստաբանն  իր աշխատանքն է իրականցնում: Պետք  չի նման կերպ արձագանքել»:

Միաժամանակ նշեց, որ ինքը ևս կողմ է  դատական նիստերը դռնփակ կարգով անցկացնելուն. «Միակ լուծումը դատական նիստը դռնփակ անցկացնելն է, քանի որ այստեղ կա պաշտպանների անվտանգության խնդիր: Դա ես չեմ կարող միջնորդել, բայց եթե մյուս կողմը միջնորդի, ես միանշանակ չեմ առարկի»:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ հայտարարության՝ Փաստաբանների պալատը դատապարտում է Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ դատական նիստին ներկա գտնվող անձանց կողմից Երեմ Սարգսյանին և Վաղինակ Գևորգյանին վիրավորելու վարքագիծը։

Պալատը միաժամանակ նաև մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել