Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Այս գործը մեզ վրա «կարված» է. ամբաստանյալ

Ինչպե՞ս կարելի է 1 մարդու ցուցմունքով 4 մարդու 4 դրվագով դատել: Ընդ որում՝ երեք դրվագով ոչ մի վկա ոչ մեկի դեմքը չի տեսել, ոչ մի ապացույց չկա: Այս մասին այսօր վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարանին ասաց Ա-ն:

«Կա 4 դրվագ և կա 1 վկայի ցուցմունք, որը 4 դրվագից 1-ում ասում է, որ դեպքի վայրում ավտոմեքենա է տեսել, և այդ ավտոմեքենայի թվերից մի քանիսն է միայն իմ ավտոմեքենայի թվերի հետ բռնում,- նշեց Ա-ն ու հավելեց,- Մի տեսագրություն ունեն, բայց փորձագետը հայտնել է, որ ո´չ ավտոմեքենայի համարն է երևում, ո´չ անձինք են երևում՝ պարզ չէ, թե ինչ ավտոմեքենա է»:

Ա-ի խոսքով՝ դատախազությունը 2012 թվականին տուժողի եղբոր խոտի դեզի այրվելու չբացահայտված դեպքն էլ է փորձել իրենց վրա «կարել», սակայն չի ստացվել: Քեմբրիջի շրջանավարտի կարծիքով՝ այս գործը ևս իրենց վրա «կարված» է:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալ Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանը շարունակեց դատարանին ներկայացնել նախորդ դատական նիստի ժամանակ կիսատ մնացած վերաքնննիչ բողոքը: Նա կես ժամից ավելի ներկայացրեց փաստարկներ դատավճռի անօրինականության վերաբերյալ և խնդրեց դատարանին բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանին վերաքննիչ բողոք ներկայացրեց նաև Ռ-ի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ եթե անգամ պատկերացնենք, որ երիտասարդներն այդ վայրում եղել են, միևնույնն է, խոտի դեզ այրելը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես խուլիգանություն: Նա ևս դատարանից խնդրեց արդարացնել Ռ-ին:

Գործով ամբաստանյալ Գ-ի պաշտպան Գայանե Լյուդվիգյանը ևս դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացման դատավճիռ կայացնել:

«Ես անմեղ տեղը կես տարի նստել եմ՝ չիմանալով ինչի համար: Ես հիմա հոգեբանական ծանր իրավիճակում եմ հայտնվել»,- դատարանին ասաց Գ-ն:

Նա նշեց, որ աշխատել է որպես Ռ-ի ընտանիքի վարորդ և օգնել նրանց կենցաղային հարցերում: Հաճախ որևէ տեղ գնալիս անգամ չի էլ հարցրել, թե ո՞ւր են գնում, որքա՞ն են այնտեղ մնալու: Դեպքի օրը ևս ինքն իր աշխատանքային պարտականություններն է կատարել և այն հանգամանքը, որ ինքը ևս տղաների հետ մեքենայի մեջ է եղել դեռևս չի վկայում այն մասին, որ ինքը քրեորեն պատժելի արարք է կատարել: Գործով 3 դատավորներին Գ-ի հետ կապված հետաքրքրում էր միայն, թե նա գրանցված աշխատող է եղել Ռ-ի ընտանիքում, թե՝ ոչ: Գագիկ Առաքելյանն ասաց, որ գրանցված չի եղել, բայց յուրաքանչյուր ամիս իրեն աշխատավարձ են տվել:

Դատարանը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել: Ընդմիջումից հետո կլսի  Ք-ի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Ա-ն, Ռ-ն, Գ-ն մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Ք-ն` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են արդարացման որոշում հրապարակել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ա-ին և Ռ-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում, նրանց դատապարտել ազատազրկման 2,6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ նրանց ազատ է արձակել դատական նիստի դահլիճից: Գ-ին և Ա-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և նրանց դատապարտել է ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ երիտասարդներին ազատ է արձակել դատական նիստի դահլիճից:

 Նունե Հովսեփյան

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել