ՍԴ որոշումը ՊԵԿ-ի համար ոչինչ է. «Հայկական ժամանակ»

Մեկ շաբաթ առաջ` հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես` առնվազն մինչև մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը: «Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ հոդվածներից մեկով տույժ-տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը:

«Ու ստացվում է, որ ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ այդ գումարը չփոխանցելու համար գործատուն պատասխանատվության չի ենթարկվի, ինչն էլ ազատում է պարտավորությունից: Կենսաթոշակային այս համակարգի դեմ պայքար ծավալողների շրջանում ՍԴ-ի վերը նշված որոշումը ոգևորություն մտցրեց և գնահատվեց որպես փոքր հաղթանակ: Բայց երեկ պարզեցինք, որ գործատուների հետ պարզապես տուն-տունիկ են խաղում: Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն եւ պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը»,- գրում է թերթը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»: Եվ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊԵԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, եւ գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե գործատուն լրացնում է այդ դաշտը, ապա պետք է նաև աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը: Մի խոսքով, ստացվում է այսպես. եթե գործատուն մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը չվճարի իր աշխատողի պարտադիր կուտակայինը, ապա տույժ-տուգանքների չի ենթարկվի, բայց միևնույն ժամանակ, գործնականում ստիպված է աշխատողից պահել, քանի որ հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել