Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ևս 5 առաջարկություններ է ստացել. «Հայկական Ժամանակ»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որն արդեն ավարտուն տեսքի է բերել բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը և այժմ վերամշակում է այն, վերջնական տարբերակը Սերժ Սարգսյանին կներկայացնի ապրիլին։ Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

«Հայեցակարգի նախնական տարբերակը, ինչպես մեզ հայտնեցին մասնագիտական հանձնաժողովից, դեռևս Սերժ Սարգսյանին չի ներկայացվել և նրա հետ դրա շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել։ Անցած 2 ամիսներին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ևս 5 առաջարկություններ է ստացել։ Դիմումներից մեկը ներկայացվել է քաղաքացի Գ. Բալայանի կողմից, որով մասնավորապես առաջարկվել է ամրագրել պատգամավորի հետկանչման ինստիտուտը, այլ պատգամավորի փոխարեն քվեարկելը համարել հանցագործություն, ամրագրել ՀՀ քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքը, ամրագրել նախագահի աշխատակազմի կարգավիճակը և հստակեցնել նախագահի կողմից ընդունվող ակտերի ազդեցության ոլորտը»,- գրում է թերթը։

Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացման և ապահովման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել «Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության և ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության եւ աջակցության հիմնադրամի կողմից։

Սահմանադրության 5-րդ հոդվածի վերաձևակերպման առաջարկ է ներկայացրել քաղաքացի Ա. Բաբախանյանը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են նաև, որ «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպություն. Զորավիգ թերթի գլխավոր խմբագրի կողմից իրենց է ուղարկվել «Սրբապղծություն է Սահմանադրությանը կամայական հղում կատարելը» հրապարակումը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել