Անհրաժեշտ է ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 205 հոդվածը. բիզնես միջավայրը վտանգված է

Եթե անբարեխիղճ տեսուչն այցելի ցանկացած ընկերություն և ակտ կազմի, ապա բիզնեսի կառավարիչը հեշտությամբ կհայտնվի ճաղերի հետևում: Նրան կմեղադրեն հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով:

«Առաջ երկար ժամանակ նյութեր էին նախապատրաստում, հիմա միանգամից քրեական գործեր են հարուցում: Դու դեռ չես հասցնում բողոքես, որ դա նկարած ակտ է, ընկերության բիզնեսի տնօրենը հայտնվում է կալանավայրում: Կա նաև մեկ այլ հոդված` Քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասը, որն ասում է, որ եթե դու այդ ակտի գումարը վճարել ես ամբողջությամբ, դու ազատվում ես քրեական պատասխանատվությունից. ի՞նչ է ստացվում` հարկերից չարամտորեն խուսափելը մեզ մոտ քրեականացված է, թե` ոչ», – Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավական ոլորտում բիզնեսի խորհրդատու, «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:

Փաստաբանի խոսքով` անհրաժեշտ է ապաքրեականացնել քրեական օրենսգրքի 205 հոդվածը. եթե բիզնեսի ներկայացուցիչները խուսափում են հարկեր վճարելուց, ապա չխուսափելու համար այլ մեթոդներ պետք է ներդնել:

Նրա կարծիքով` անթույլատրելի է նաև այն, որ նախաքննության մարմինն աշխատում է ՊԵԿ-ի համակարգում. նրանք հստակ կարող են ուղղորդել:

«Եթե մենք ստեղծում ենք Միասնական քննչական կոմիտե, բոլոր նախաքննական մարմինները հավաքում ենք մեկ կոմիտեում, բայց ՊԵԿ-ի նախաքննական մարմինը թողնում ենք ՊԵԿ-ում, որն ամենամեծ խնդիրներն էր առաջացնում, այդ դեպքում չեմ հասկանում այդ կոմիտեի ստեղծման իմաստը»,- նշեց Սեդրակ Ասատրյանը:

Այս տարի արդեն ուժի մեջ է մտել Վարչական դատավարության նոր օրենսգիրքը և փոփոխություններ է կատարվել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում: Սեդրակ Ասատրյանը համոզված է, որ մասնագետները դեռ նոր են զգալու դրա բացասական հետևանքները. ակտի բողոքարկման ժամկետները կրճատվել են`6 ամսից դարձել է 2 ամիս:

Եթե 2 ամսվա ընթացքում չբողոքարկվի ակտը, ապա վարչական մարմինները հնարավություն ունեն ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձում տարածել առանց դատարանի, ընդ որում` մինչև անբողոքարկելի դառնալը ՊԵԿ-ը հնարավություն ունի արգելանք դնել բիզնեսի գույքի վրա` որպես հայցի ապահովման միջոց և այս որոշումը ԴԱՀԿ-ն կկատարի:

«Եթե առաջ ՊԵԿ-ն իրավունք ուներ բիզնեսի վրա արգելանք դնել մեկ ամսով, մեկ ամիս հետո արգելանքը դուրս էր գալիս առանց դատարանի, մենք բողոքում էինք, որ դա հակասահմանադրական է, այսօր ընդհանրապես վարչական մարմնիններին հնարավություն տվեցին արգելանք դնելու բիզնեսի վրա»,- մտահոգվում է փաստաբանը:

Սեդրակ Ասատրյանի կարծիքով`ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունների համեմատությունից պարզ է դառնում, որ մեր բիզնես միջավայրը տխուր վիճակում է` հակառակ Կառավարության որդեգրած քաղաքականության. ՊԵԿ-ը պարտքերի աննախադեպ հավաքագրում է իրականացրել, սակայն ձախողվել են ներդրումները:

Նրա փոխանցմամբ` չեղած տեղից քրեական գործեր են հարուցում բիզնեսով զբաղվող անձնաց նկատմամբ, փաստաթղթերն առգրավվում են, և երբ դու գերավճարներ ունես ստանալու և այդ մեխանիզմն օրենքով ենթադրում է փաստաթղթերի ստուգում, դիմում ես, որ գան, ստուգեն, ապա փաստաթուղթ չունենալու պատճառով կասեցնում են ստուգումը` գերավճարները պահելով բյուջեում: Այսքանից հետո ՊԵԿ-ը ոգևորությամբ նշում է, որ մեծ թվով գումարներ են հավաքագրել:

«Հայտնի համալսարաններում սովորած բիզնեսմենները, որոնք փորձում են Հայաստանում ներդրում անել, դրանց բերել, այստեղ խաբել, ասել, որ մեր բիզնես միջավայրը լավն է, մենք Doing Business-ով 37-րդ տեղում ենք ու տակից բոլորի վրա համատարած քրեական գործեր հարուցել ու սրանով հույս ունենալ, որ մեզ մոտ ներդրումներ կլինեն, սա մեղմ ասած միամտություն է »,- նշեց Սեդրակ Ասատրյանը:

Եթե չկան օտարերկրյա ներդրումներ, ապա բիզնես միջավայրի մասին խոսելն ավելորդ է. «Այս տեսակետից բիզնես միջավայր մնում է, այսպես ասած, ախպեր տղերքի համար»,- եզրակացնում է իրավական ոլորտում բիզնեսի խորհրդատուն:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել