Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեզ նույնպես ծնող է բերել աշխարհ…». մահացած զինվորի գործով պաշտպանը` դատավորին

Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, շարունակեց 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործի քննությունը:

Դատարան էր ներկայացել միայն պաշտպանական կողմը. դատախազը նախապես հայտնել էր, որ զինվորական դատախազությունում կարևոր քննարկման է, իսկ տուժող կողմը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել: Գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո մահացած զինվորի հայրը` Մովսես Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չեն ներկայանում դատական նիստերի` այդ կերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով փորձաքննության արդյունքներին:

Ավելի վաղ կայացած նիստի ժամանակ գործով 2 ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին դատարանին համաներման ակտով կարճել գործի վարույթը և իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Դատարանը որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին, իսկ միջնորդությունը քննության չէր առել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուժող կողմի դիրքորոշումը չի ճշտել և հնարավոր է նաև, որ տուժող կողմին դրամական փոխհատուցման խնդիր լինի` հուղարկավորության ծախսեր և այլն:

Ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն այսօր դատարանին ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության զորքերի սոցիալական պահպանության վարչության պետից ստացած իր հարցման պատասխանը, համաձայն որի` Հայկ Խաչատրյանի ընտանիքը Կառավարության որոշմամբ ստացել է հուղարկավորման, գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցում` 700.000 դրամի և 1.400.000 դրամի չափով: Նաև Հայկ Խաչատրյանի ընտանիքին նշանակվել է 30.000 դրամ ամենամսյա դրամական օգնություն:

Գործով մյուս ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը դատարանին միջնորդեց ճշտել տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ, նոր նշանակել դատական նիստ:
«Այդպիսի բան որտե՞ղ ես տեսել»,- նշեց դատավորը:

«Մենք այդքան պարապ չենք, մենք մարդասիրական բոլոր հարաբերություններն ընդունում ենք, մեզ նույնպես ծնող է բերել աշխարհ… Նրանք, դատական նիստերին չներկայանալով, արդեն դիրքորոշում են հայտնում. նրանք մեզանից պահանջ չունեն: Եթե կպահանջեն, մենք էլ կգնանք դեպի արդարացում»,- հայտնեց պաշտպան Լևոն Պողոսյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Տուժող կողմին ևս մեկ անգամ ծանուցում կուղարկվի:

Նունե Հովսեփյան

Լուսանկարում մահացած զինվորին հայրն է ու նրա փաստաբանը
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել