«Ես երազանքներ չունեմ, իմ նպատակներն իրականացնում եմ ինքս»

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013թ.-ի դրությամբ ՀՀ-ում կա հաշվառված մոտ 192 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8 հազար 142-ը՝ երեխա:

«Ես երազանքներ չունեմ, իմ նպատակներն իրականացնում եմ ինքս»: Այս կարգախոսով 27-ամյա Հովսեփ Հաջակյանն ապրում է արդեն 8 տարի: Տեղաշարժման հետ կապված խնդիրները չեն խանգարել վերջինիս կյանքում հասնել հաջողությունների և ծավալել ակտիվ հասարակական գործունեություն. «19 տարեկան էի, երբ վթարի հետևանքով ձեռք  բերեցի վնասվածքս: Վերականգնման համար ինձանից պահանջվեց 6 ամիս, որից արդեն մոտ 2 ամիս անց սկսեցի աշխատել»:

Մեր զրուցակիցն իր առաջին աշխատանքային փորձը սկսել է տաքսի ծառայությունում՝ որպես դիսպետչեր. «Այնտեղ շատ խոչընդոտների եմ հանդիպել: Դրա պատճառը եղել է այն, որ այդ ժամանակ հաշմանդամները դեռևս ինտեգրված չէին հասարակությանը: 6 ամիս փորձաշրջան եմ անցել,  սովորել եմ այդ ծրագիրը և սկսել աշխատել»:

Հովսեփը պատմում է, որ դպրոցական տարիներից սիրել է երաժշտությունը և աշխատանքին զուգընթաց զբաղվել  նաև դրանով: Ազատ ժամանակ հաճախ է ջութակ նվագել. «Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան: Ցավոք, կարողացա միայն առաջին կուրսն ավարտել: Տեղի ունեցած պատահարից հետո այլևս չեմ շարունակել ուսումս»:

Ուսումը թողնելուց հետո չի դադարել զբաղվել երաժշտությամբ: Սկսել է ելույթ ունենալ Կարմիր խաչի «Փարոս» կամերային երգչախմբում: Հենց դա էլ եղել է հասարակությանն ինտեգրվելու առաջին փորձը:

Այժմ Հովսեփն աշխատում է Վիվասել-ՄՏՍ-ում. «Երկու ամիս փորձաշրջան անցնելուց հետո սկսել եմ աշխատել Վիվասել-ՄՏՍ-ի արխիվային բաժնում, որը բավական դժվար աշխատանք էր: Այնուհետև տեղափոխվել եմ սպասարկման բաժին, իսկ հիմա աշխատում եմ որպես բողոքարկման մասնագետ: Միաժամանակ նաև երգում եմ «Փարոս» կամերային երգչախմբում»:

Վերջինիս կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող անձնաց համար շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն. «Հիմնական խնդիրը տեղաշարժման հետ է կապված: Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար չկան ստեղծված համապատասխան պայմաններ»:

«Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձնաց պետության կողմից տրամադրվող աջակցությունը բավարար չէ, բայց միայն այն հանգամանքը, որ պետական մարմինները հետաքրքրվում են խնդրով և բաց են քննարկման համար, արդեն բավական լուրջ առաջընթաց է. «Մեր կազմակերպությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ: Այդ համագործակցության արդյունքում 2013 թվականին  Երևանի կենտրոնում կառուցվել է 160 թեքահարթակ: Քաղաքապետարանում անգամ ստեղծվել է համապատասխան կառույց, որտեղ ընդգրկված են նաև ՀԿ-ների ղեկավարներ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելու հարցում շատ կարևոր է համապատասխան մարմինների համագործակցությունը ՀԿ-ների հետ»:

Իրավաբան.net-ի 27-ամյա հերոսը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված քայլերը ևս գնահատում է ոչ բավարար. «Շատ բան կարելի է անել, որ չի արվում: Նախևառաջ պետք է խստացվի օրենքը: Եթե օրենքը խստացվի, ենթադրենք տուգանք սահմանվի թեքահարթակ չկառուցելու համար, կարծում եմ տեղաշարժման շատ խնդիրներ կլուծվեն»:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի իրավաբան Սերինե Խաչատրյանը, խոսելով օրենսդրության մասին, փաստեց, որ ներկայիս օրենքը` «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», բավական լայն իրավունքեր է սահմանում  հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ սկսած բնակավայրերի նախագծման և կառուցապատման պահանջներ սահմանելուց մինչև վերականգնողական միջոցառումները և աշխատանքային իրավունքները: «Օրենքը մասնավորապես սահմանել է, որ շենքերը չեն կարող շահագործվել, եթե հարմարեցված չեն հաշմանդամների համար: Օրենքով սահմանվել են նաև հաշմանդամների աշխատանքի իրավունքի ապահովման երաշխիքներ, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի այլ անձանց հետ հավասար պայմաններ ստեղծվեն աշխատանքի ընդունվելու համար:

Բացի այդ, գործող օրենքը հնարավորություն է տալիս հարկային և այլ արտոնություններ սահմանել հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը մասնակցող կազմակերպությունների համար, սակայն ընդհանուր ձևակերպման և համապատասխան օրենքներում չամրագրվելու պատճառով այս նորմը գործուն չէ»:

Ըստ իրավաբանի՝ խնդիրների պատճառը ամենևին էլ  օրենքի անկատար լինելը չէ. «Խնդիրները կապված են ոչ թե օրենքի անկատարության, այլ դրա չկիրառման

հետ»:

Նշենք, որ ներկայումս ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է նոր օրենքի նախագիծ՝«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին», որը դեռևս չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգում:

Սերինե Խաչատրյանի կարծիքով՝ նախորդ օրենքի  համեմատ  նոր օրենքում ահմանվում է հաշմանդամության որոշման նոր կարգ: Ներկայումս գործող կարգիհամաձայն՝ հաշմանդամությունը որոշվում է  բժշկական չափանիշների հիման վրա: Ըստ նոր օրենքի՝ հաշմանդամությունը որոշելիս պետք է հաշվի առնվեն ոչ միայն բժշկական չափանիշները, այլ նաև այն, թե որքանո՞վ են շրջակա միջավայրի արգելքները նպաստում անձի իրավունքների սահմանափակմանը և մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին մասնակցելուն:

Այս օրենքը նախատեսում է նաև, որ յուրաքանչյուր գործատու պարտավոր է իր աշխատողների որոշակի տոկոսի չափով աշխատանքի ընդունել հաշմադամություն ունեցող անձանց և աշխատանքի համապատասխան  պայմաններ ստեղծել  նրանց համար»:

«Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միության» նախագահի փոխանցմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելու ուղղությամբ մի շարք քայլեր են արվում, որոնք ժամանակի ընթացքում տալիս են իրենց դրական արդյունքները. «2013 թվականի բյուջեով թեքահարթակներ կառուցելու  համար 20 միլիոն դրամ էր հատկացվել: Նույնքան գումար հատկացվել է նաև տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց հարամարեցնելու համար: Թեքահարթակներ կառուցելու հարցում բավական լուրջ քայլեր են արվել, իսկ երթևեկության հետ կապված խնդիրները լուծելու համար դեռևսքայլեր են արվում, որպեսզի խնդիրը համապատասխան լուծում ստանա»:

2013 թվականն արդեն ավարտվել է, բայց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ դեռևս մնում են չլուծված:

«Այս պահին ես շարժվում եմ սայլակով, բայց պետք չի մոռանալ՝ ցանկացած մարդ ունի խնդիր, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է»,-եզրափակելով խոսքը՝ ասաց մեր հերոսը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել