Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի դիմել են գլխավոր դատախազին

Մի խումբ արվեստագետներ նամակ են հղել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն, որը ներկայացնում ենք ստորև:

«ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:

Այս ողբերգության զոհն է նաեւ Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես եւ վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել:

Ցավով եւ վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա եւ նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան <Սթրես> կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք եւ խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:

Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը բավարարեց որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետեւանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում»: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձեւակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, եւ յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաեւ Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական եւ հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը: Վստահեցնում ենք եւ երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը:

Հարգանքով՝

Ռուբեն Բաբայան՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, UNIMA-ի անհատական անդամ

Նարեկ Դուրյան՝ բեմադրիչ, դերասան

Վիգեն Ավետիս՝ քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի

Արամ Թոփչյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Արծվի Բախչինյան՝ բանասիրական գիտոթյունների թեկնածու, կինոգետ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հենրիկ Բախչինյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր

Զարուհի Մուրադյան՝ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ

Վիգեն Չալդրանյան՝ կինոռեժիսոր

Գոհար Մուրադյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Արամ Մեհրաբյան՝ «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն

Նարեկ Հարությունյան՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր

Տիգրան Խզմալյան՝ կինոբեմադրող

Աննա Մայիլյան` ՀՀ վաստակավոր արտիստուհի

Վահան Արծրունի` երգիչ, կոմպոզիտոր

Մարիետա Բադալյան` երգչուհի

Կարինե Հոկոբյան՝ մշակութաբան

Էդգար Բաղդասարյան`կինոռեժիսոր

Նարինե Ռշտունի` փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Գագիկ եւ Աննա Փարադյաններ՝ «Այրուձի» ակումբ

Հասմիկ Գուլակյան՝ «Վեմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան

Անահիտ Բախշան` Երեւանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Ստեփան Սաֆարյան`Երեւանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Հենրիկ Հովհաննիսյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Տիգրան Հեքեքյան` խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արա Խզմալյան` ԱԹՍՄ ՀԿ նախագահ

Միքայել Պողոսյան` դերասան

Անժելա Թովմասյան` «Հայելի» ակումբի նախագահ

Գոհար Հակոբյան` «Առավոտ» թերթի լրագրող

Սյուզան Կարդալյան` կինոռեժիսոր

Երաշխավորագիրը բաց է ստորագրման համար»:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել