Վարորդը պայքարում է գծատիրոջ դեմ. գործը հասել է վճռաբեկ դատարան

66-ամյա Հայկ Գասպարյանը 45 տարվա վարորդ է: 2002 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է թիվ 89 երթուղում, սակայն աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրությունը չի ստացել: Ոտնահարված իրավունքները վերականգնելու համար Հայկ Գասպարյանը դիմում է դատարան՝ աշխատավարձի բռնագանձման հայցապահանջով: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում հօգուտ վարորդի, և հիշյալ գիծը սպասարկող, սույն գործով պատասխանող «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը պարտավորեցնում վճարել շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ: Հաշվի առնելով հայցային վաղեմության ժամկետը՝ հայցը բավարարել է միայն վերջին 3 տարվա մասով: Այնուհետև  «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությունը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ կայացված վճիռը մնացել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը բողոքարկվում է ՀՀ վճռաբեկ դատարան: Հենց այդ հանգամանքն էլ անհանգստացրել է 66-ամյա վարորդին և վերջինիս պաշտպան Արևհատ Սիմոնյանին:

«Եթե Վճռաբեկը վարույթ է ընդունում, ապա 99 տոկոսով դատական ակտը նույնը չի թողնում. կամ փոփոխում են  կամ ուղարկում առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Մեր մտավախությունը հենց դրանում է»,- Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանը:

«Այդ 10-ը տարիների ընթացքում իմ պաշտպանյալն ընդհանրապես աշխատավարձ չի ստացել: Միայն օրական օգուտ է ունեցել: Սկզբում պայմանավորվածության համաձայն պետք է 14 հազար դրամ տար գծի տիրոջը, իսկ մնացած գումարը պետք է մնար իրեն: Քանի որ այդ ժամանակ մեքենաները նոր էին, ուշ-ուշ էին փչանում, այդ պայմաններով աշխատելը ձեռնտու էր: Մեքենաների հնանալուն զուգահեռ, ավելանում էին այն ծախսերը, որոնք պետք է կատարվեին՝ մեքենան սարքին պահելու համար»,- պատմում է պաշտպանը:

Հայկ Գասպարյանի խոսքով՝ ընկերությունը հոգում էր միայն շարժիչի և անվադողերի հետ կապված խնդիրները, իսկ մյուս բոլոր ծախսերի համար վճարում էր վարորդը:

Վարորդ Հայկը մոտ 6 ամիս բացակայել է աշխատանքից: Դրանից հետո, երբ վերադարձել է ղեկավարությունը վերջինիս հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ անկախ օրական օգուտից ստանալու է նաև ամսեկան 45 հազար դրամ ֆիքսված աշխատավարձ:

Արևհատ Սիմոնյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը ոչ պայմանագրից օրինակ է ստացել, ոչ էլ պայմանագրով նախատեսված աշխատավարձը. «Ամեն անգամ ասել են մի ամիս հետո ու այդպես էլ չեն տվել: Դրանից հետո խոսք են տվել նոր մեքենա տրամադրել, որպեսզի ծախսը քիչ լինի, սակայն, երբ մեքենաները ստացել են, Հայկին այդպես էլ մեքենա չի հասել»:

Հայկ Գասպարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ մի անգամ իրեն առաջարկել են նոր մեքենա, բայց մերժել է. «Այդ ժամանակ մեքենաս նոր էր և ինձ ուրիշը պետք չէր: Դրա համար չուզեցի: Բայց էդ 6 ամսվա դադարից հետո, որ գնացի գործի իմ մեքենայի վրա անգամ նայել հնարավոր չէր: Ինձ ուրիշ մեքենա տվեցին: Ասեցի, որ էս մեքենան փչացած ա ու քշելու բան չի: Ասեցին, թե մի երկու օր յոլա տար՝ կսարքենք: Տենց, որ ասեցին համաձայնվեցի, մտածեցի՝ լավ զգույշ կքշեմ»:

Մինչև մեքենան վերանորոգելը տեղի է ունենում ՃՏՊ: Որպես պատահարի մեղավոր՝ Հայկ Գասպարյանը ստիպված է լինում երկու մեքենաներն էլ իր սեփական միջոցներով վերանորոգել. «Էդ փչացած մեքենայով գնացի ուրիշ երթուղայինի խբեցի: Էն ժամանակ էլ ԱՊՊԱ չկար: Երկու մեքենայի ծախսն էլ ես հոգացի: Ստիպված վարկով փող վերցրի, որ կարանամ սարքեմ մեքենաները: Դրա արդյունքում ընկա տոկոսի տակ ու ստիպված եղա տունս վաճառել»:

Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, մի օր լցվում է համբերության բաժակը և որոշում դուրս գալ աշխատանքից. «Կռվեցի մեր մեխանիկի հետ: Իբր ասում էր մեքենայի շարժիչը սարքել ա, բայց իրականում անսարք վիճակում էր: Հլը մի հատ էլ ինձ հայհոյեց, ինչ ասես չասեց, թե իբր ես փողը դնում եմ գրպանս, գնում ուտում-խմում: Չի էլ ամաչում մեծ մարդ եմ: Էդ օրվանից էլ գործի չգնացի»:

«Էս դատական գործընթացների ժամանակ առողջական խնդիրներ ունեցա: Ինֆարկտ ստացա: Քանի օր հիվանդանոցում պառկեցի: Հիմա 27 հազար դրամ փող եմ ստանում պետությունից, որ մի ծախսս հոգամ: Իսկի չեմ էլ կարում դեղերս առնեմ»,- եզրափակելով խոսքը ասաց 66 ամյա վարպետը: Նա նաև հավելեց, որ եթե Վճռաբեկ դատարանը բավարարի պատասխանողի վճռաբեկ բողոքը, ապա ինքը կդիմի Եվրոդատարան՝ հուսալով, որ գուցե արդարությունն այնտեղ կհաղթի:

Պաշտպան Արևհատ Սիմոնյանը մեզ հետ զրույցում  ներկայացրեց դատաքննության մանրամասերը՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան:

«Մենք դիմում ենք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վճարել երեք տարվա աշխատավարձը՝ 2010թ., 2011թ., 2012 թ.: Պատասխանող կողմը՝ «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությունը, դատական նիստին ներկայանում է ընդամենը մեկ անգամ՝ անդրանիկ նիստին: Դրանից հետո մենք նրանց ներկայացուցչին չենք էլ տեսել»:

Պաշտպանի փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ դատարանը պետք է արդեն վճիռ կայացներ, պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացնում՝ դատաքննությունը վերսկսելու մասին. «Որպես միջնորդության հիմք են ներկայացնում գործով նոր ապացույցներ ներկայացնելու հանգամանքը: Դատավորը անկողմնակալությունը պահպանելու համար բավարարում է նշված միջնորդությունը»:

Սակայն պատասխանող կողմը միջնորդությունից հետո ևս չի ներկայանում դատական նիտերին, և դատարանը վճիռ է կայացնում բավարարել ներկայացված հայցը:

Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ պատասխանողը բերում է վերաքննիչ բողոք:

«Վերաքննիչում ևս նիստերին չներկայացան: Եթե առաջին ատյանում գոնե առաջին նիստին եկել էր պատասխանողի ներկայացուցիչը, ապա այս անգամ վերջիններս ընդհանրապես չմասնակցեցին դատական լսումներին: Վերաքննիչի առաջին նիստի ժամանակ գրավոր միջնորդություն են ներկայացրել և խնդրել հետաձգել դատական նիստը, որպեսզի ներկայացնեն ապացույցներ: Միջնորդությունը բավարարվեց, բայց այդպես էլ դատարանին ոչ մի ապացույց չներակայացվեց: Միայն տրամադրվեցին ինչ-որ փաստաթղթերի պատճեններ: Սակայն այդ փաստաթղթերի տակ դրված ստորագրությունը չէր համապատասխանում Հայկի ստորագրությանը»:

Պաշտպանը պահանջում է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, որպեսզի կատարվի ձեռագրաբանական փորձաքննություն. «Իմ պահանջից հետո դատարանը տեսավ, որ պատասխանող կողմը ոչինչ չի անում և մերժեց վերաքննիչ բողոքը»:

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը չի բավարարել «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը և այժմ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:

Մեզ հետ զրույցում վարորդ Հայկ Գասպարյանը և նրա պաշտպան Արևհատ Սիմոնյանը տեղեկացրին, որ թիվ 89 երթուղին իրականում պատկանում է Սամվել Թադևոսյանին, սակայն գրանցված է վերջինիս փեսայի անունով:

«Ազգանունը լավ չեմ հիշում: Անունը Գրիշա է: Շատ լավ տղա է, մենք մենակ իր հետ ենք շփվել, գծատիրոջը՝ Սամվել Թադևոսյանին, չենք էլ տեսել»,- ասաց մեր զրուցակից Հայկ Գասպարյանը:

Պաշտպան Արևհատ Սիմոնյանը պատմում է, որ այս հարցը փորձել է արտադատական կարգով լուծել, սակայն արդյունքի չի հասել. «Սկզբում հանդիպեցի Գրիշայի հետ: Շատ կիրթ ու բարեհամբույր մարդ էր: Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ եթե իր ձեռքին լիներ գումարը տալու կամ չտալու հարցը, ապա անպայման կտար մեզ հասանելիքը: Նա ասաց, որ կզանգահարի, սակայն այդպես էլ չզանգեց»:

Այնուհետև  Արևհատ Սիմոնյանը  որոշում է զրուցել հենց Սամվել Թադևոսյանի հետ. «Ես գնացի նրա տուն, կնոջից վերցրի հեռախոսահամարը, զանգահարեցի և գնացի նրա մոտ: Սակայն ինձ դիմավորեց շատ գռեհիկ ձևով, անգամ կոպտեց: Դրանից հետո մեզ այլևս ոչինչ չէր մնում, քան դատարան դիմելը»:

Հուսանք՝  Հայկ Գասպարյանի օրինակ վարակիչ կլինի բոլոր այն վարորդների համար, որոնց իրավուքները ոտնահարվել են: Եթե բոլոր վարորդները համարձակություն ունենան նման վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, ապա կարծում ենք՝ կարճ ժամանակ վարորդները բողոքելու առիթ այլևս չեն ունենա:

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել