Նորություններ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՄԵԶԱՆՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Վերջին տարիներին իրականացվող դատաիրավական բարեփոխումները, թվում էր, լուրջ նախապայմաններ կստեղծեն հասարակության իրավական իրազեկության առումով: Սակայն այդ բարեփոխումները դատարանների շենքերի բարեկարգումից այն կողմ չանցան, և իրավական դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ հասարակության իրավական իրազեկության մակարդակը բավականին ցածր է: Մինչդեռ միայն սեփական իրավունքների լավ իմացությունն է հնարավորություն տալիս պայքարելու դրանց պաշտպանման համար: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանի հետ:

– Հայաստանի բնակչության իրավական իրազեկության մակարդակը բավականին ցածր է, և դա ունի մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ,- ասում է Կ. Զադոյանը,- Ցածր է հատկապես մարզերում և գյուղական համայնքներում բնակվողների իրավական իրազեկության մակարդակը: Հայաստանում ցածր է նաև իրավունքների պաշտպանության մակարդակը: Հիմնական պատճառը ցածր իրավագիտակցությունն է: Մարդիկ պետք է իմանան իրենց իրավունքները, որպեսզի կարողանան դրանք կամ իրենք պաշտպանել, կամ էլ, եթե կարիք ունեն մասնագիտական իրավաբանական օգնության, կարողանան դիմել և օգտվել այդ ծառայություններից:
Կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք նպաստում են իրավագիտակցության ցածր մակարդակին: Դրանցից են դատական համակարգում առկա բարձր կոռուպցիոն ռիսկերը: Այդ պատճառով է նաև, որ վերջերս դատարանների նախագահների խորհուրդն ընդունեց դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագիրը, որի հիմնական նպատակը համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Մյուս կարևոր հանգամանքը փաստաբանական ինստիտուտի ոչ կատարյալ լինելն է: Այսօր փաստաբանական ինստիտուտն ամբողջովին իր դերը չի կատարում: Այն նախկինից ժառանգած շատ վատ սովորություններ ունի: Խոսքս վերաբերում է նրան, որ փաստաբանների մեծ մասն այսօր միջնորդական ծառայություններ է մատուցում իրավաբանական ծառայությունների փոխարեն և մինչև վերջ չեն պայքարում իրենց վստահորդների իրավունքների պաշտպանության համար: Այդուհանդերձ կան լուրջ փաստաբաններ, ովքեր պայքարում են մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և մենք հույս ունենք, որ այդ կարող ուժերով հնարավոր կլինի բարեփոխել փաստաբանական ինստիտուտը:
Վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ քայլ կատարվեց. ներդրվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Բայց դեռևս երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այն կայանա և կարողանա իր խնդիրներն ու նպատակները լուծել: Ինչ վերաբերում է իրավական իրազեկությանը, ապա ասեմ, որ այս ուղղությամբ պետությունը որոշ քայլեր ձեռնարկում է: Առանձնացնենք Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը, որը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվեց և այժմ ինտերնետ համացանցում դրված է, ու ցանկացողները կարող են օգտվել: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը շատ քիչ է, պետք է ասենք, որ այն իրազեկության խնդիրը մասնակիորեն է լուծում:

– Չե՞ք կարծում, որ եթե մարդիկ հավատային, որ իրենց իրավունքները կպաշտպանվեն, շահագրգիռ կլինեին իրավական գիտելիքների ձեռքբերման հարցում:

– Կարծում եմ՝ միայն իրազեկ քաղաքացին կարող է իր իրավունքներն արդյունավետ պաշտպանել: Մարդիկ ուղղակի դատապարտված են սեփական իրավունքներն իմանալուն: Երբ գիտես քո իրավունքները, դրանք ավելի հեշտ կարող ես պաշտպանել: Այլ հարց է, որ, իրոք, այսօրվա դատական համակարգի վիճակը տեսնելով՝ անձը երաշխավորված չէ, որ կարող է դրանք պաշտպանել: Ես վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում, կարելի է լուրջ բարեփոխումներ անել ու հասնել նրան, որ վերջնականապես կարողանանք սեփական իրավունքները պաշտպանել: Բարեփոխումներ ասելով՝ նկատի չունեմ միայն դատարանների շենքային պայմանները, դատավորների հագուկապը: Խոսքը վերաբերում է դատարանների կողմից օրենքների անշեղ կատարմանը: Այսինքն՝ պետք է բոլորս վստահ լինենք, որ ՀՀ դատարաններում իրոք իրականացվում է արդարադատություն:

– Վերջին մի քանի տարիներին պետական մակարդակով պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Տեղաշարժ նկատո՞ւմ եք, թե՞ ամեն ինչ մնացել է նույնը:

– Կա հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր, ստեղծվեց մոնիտորինգի հանձնաժողով, որն ուներ տարբեր խմբեր: Դրանց մեջ ընդգրկված էին նաև մեր կազմակերպության անդամները: Այդ խմբերում հիմնականում ծանոթանում էինք տարբեր օրինագծերի, այսինքն՝ նման խմբերը ավելի շատ տեսական հարթության վրա են գործում և կոռուպցիայի դեմ պայքարում որևէ դեր չունեն: Բայց որ կոռուպցիան մեզանում կա և աստիճանաբար խորանում է, փաստ է:

– Ի վերջո՝ կաշառք տվողն էլ նույն քաղաքացին է:

– Համաձայն եմ: Այն տեսակետը կա, որ կաշառք չտան, վերցնող էլ չի լինի: Ես ինչ-որ տեղ համաձայն եմ այդ ձևակերպմանը: Կարծում եմ՝ քաղաքացին ոչ միայն պետք է իմանա իր իրավունքների մասին, այլև պայքարի դրանց համար, կարողանա իր իրավունքներն իրացնել և ոչ թե կաշառքով, զարտուղի ճանապարհով իր հարցերը լուծի: Չէ՞ որ այդպիսով նրանք վարկաբեկում են դեռ կայացող դատական, փաստաբանական համակարգերը

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել