ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Էդգար Սեդրակյան

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

 

– ՀՀ-ում ներկայումս ընթանում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը, դատական համակարգում կատարվել են կառուցակարգային փոփոխություններ, ձևավորվել է նոր ինստիտուտ՝ դատական դապարտամենտը: Պարոն Սեդրակյան, որոնք են դատական դեպարտամենտի հիմնական խնդիրները և գործառույթները, խնդրում եմ հակիրճ ներկայացնել նաև դատական դեպարտամենտի կառուցվածքը:

 

– Դատական դեպարտամենտի հիմնական խնդիրները և գործառույթները կարգավորված են «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով: Հիմնական գործառույթը դատարանների բնականոն գործունեության ապահովումն է: Այսինքն դեպարտամենտը, իրականացնելով իր բոլոր գործառույթները կապված արդարադատության բնականոն գործունեություն իրականացնելու հետ, արդարադատություն իրականացնող մարմին չէ: Գործունեության հիմնական ուղղությունները դատական համակարգի ֆինանսաբյուջետային քաղաքականության, բյուջետային հայտի ձևավորման հետ կապված խնդիրներն են, դատական համակարգի ֆինանսական տարվա պլանավորումը, ֆինանսական միջոցների ծախսումը և դրանց վերահսկողությունը: Վերահսկողությունը իրականացվում է գլխավոր աուդիտորի միջոցով, որը գլխավորում է դեպարտամենտում որպես առանձնացված ստորաբաժանում հանդիսացող խումբը: Ունենք ֆինանսաբյուջետային վարչություն, որը պլանավորում է դատական համակարգի բյուջետային հայտը: Ունենք արտաքին կապերի և արարողակարգի ծառայություն, որի հիմնական գործառույթը դեպարտամենտի արտաքին, միջազգային կապերն են, միջազգային համագործակցության հետ կապված խնդիրների վերհանումն և դրանց լուծումը: Հաջորդը դեպարտամենտի կենտրոնական արխիվն է, որտեղ կենտրոնացված են դատարանների՝ արխիվացման ենթակա արխիվային գործերը: Մյուս կառուցվածքային ստորաբաժանումը տնտեսական և շահագործման վարչությունն է, որի հիմնական նպատակը դատական համակարգի շենք-շինությունների կապիտալ վերանորոգումն ու շահագործման հետ կապված խնդիրների լուծումն է, որը շատ ակտուալ է և սրան կարելի է առանձին անդրադառնալ: Մյուս կարևոր գործառույթը մամուլի և հասարակության հետ կապերի ստեղծումն է, քանի որ մինչ այսօր դատական համակարգում այս հարաբերությունները համակարգված չեն եղել: Այս ծառայության խնդիրը այդ կապերի համակարգումն ու դատական պրոցեսների լուսաբանումն է: Մյուս կարևորագույն օղակը դեպարտամենտի ընդհանուր բաժինն է, որի հիմնական խնդիրը դատական գրասենյակների միասնական պրակտիկան ձևավորելն է և միասնական գրասենյակային գործավարության ապահովումը: Որպես առանձնացված ստորաբաժանումներ հանդես են գալիս բոլոր դատարանների աշխատակազմերը՝ առանձին վերցված: Դրանք ևս կենտրոնացված կարգով կառավարվում են կենտրոնական մարմինների կողմից: Մյուսը արդարադատության խորհրդի փոքրիկ աշխատակազմն է, որը իրականացնում է արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների կազմակերպումը: Եվ մեկ այլ ստորաբաժանում՝ դատական դպրոց, որտեղ տեղի են ունենում դատական ծառայողների և դատավորների վերապատրաստման դասընթացներ: Հետագայում այս դպրոցը պետք է ընդունելություն կատարի դատավորների պիտանելիության ցուցակում համապատասխան անձանց ընդգրկելու նպատակով:

 

– Կարելի՞ է արդյոք ասել, որ դատական դեպարտամենտի ձևավորումով դատավորների համար ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները ՀՀ-ում արդարադատությունը ավելի արդյունավետ իրականացնելու համար:

 

– Այո, ՀՀ Դատական դեպարտամենտի առջև դրված հիմնական խնդիրը դատական համակարգին, մասնավորապես դատավորներին, արդարադատություն իրականացնելիս խոչընդոտներից առավելագույնս զերծ պահելն է՝ կազմակերպական առումով:

 

– Արդարադատության խորհրդի աշխատակազմի ներառումը դատական դեպարտամենտի կազմում արդյո՞ք նշանակում է, որ ի վերջո արդարադատության խորհուրդը կսկսի ավելի արդյունավետ աշխատել՝ կապված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և, ինչու չէ, նաև դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցերում, քանի որ ենթադրվում է, որ արդարադատության խորհրդի աշխատակազմը ավելի լրջորեն կուսումնասիրի դատավորների վերաբերյալ քաղաքացիների, փաստաբանների և հասարակական կազմակերպությունների ներկայացված բողոքները, և դրանք պրոֆեսոնալ հիմնավորվածությամբ կներկայացնի արդարադատության խորհրդի քննարկմանը:

 

– Ներկայացնելիս Դատական դեպարտամենտի կառուցվածքը՝ ես բաց թողեցի երկու կարևոր գործառույթներ: Դրանք դատական պրակտիկայի և դատական վիճակագրության ամփոփման վարչության գործառույթներն էին: Այս վարչությունը ամբողջովին զբաղվում է դատական համակարգում դատական պրակտիկայի ուսումնասիրմամբ: Ինչպես գիտեք՝ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանին, մասնավորապես ՀՀ Դատական դեպարտամենտին վերապահվեց դատական պրակտիկայի ամփոփման այս առաքելությունը: Բացի սրանից՝ գործում է նաև ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, և այս խորհրդի աշխատանքները անմիջապես կազմակերպվում են Դատական դեպարտամենտի կողմից: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը անմիջականորեն առնչվում է նաև դատարանների նախագահների խորհրդի գործունեության հետ: Վերջինս ունի 5 հանձնաժողովներ, որոնք բացառապես կազմված են դատարանների նախագահներից: Դա բյուջետային հանձնաժողովն է, դատական դեպարտամենտի հարցերով հանձնաժողովը, ուսումնական հանձնաժողովը, դատական պրակտիկայի ու վիճակագրության ուսումնասիրման հանձնաժողովը և էթիկայի հարցերով հանձնաժողովը: Մինչև ՀՀ արդարադատության խորհուրդ հասնելը՝ բոլոր դիմումները, որ ներկայացվում են Դատական դեպարտամենտ, համապատասխան ուսումնասիրություն են անցնում հանձնաժողովներում, որի եզրակացությունից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, որը միաժամանակ ղեկավարում է ՀՀ արդարադատության և ՀՀ դատարանների նախագահների խորհուրդները, իր լիազորություններից ելնելով, հարցը կարող է մտցնել ՀՀ արդարադատության խորհուրդ՝ համապատասխան քննության: Այս պարագայում, այո, բացառիկ է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի՝ որպես ՀՀ արդարադատության խորհրդի և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ղեկավարի դերը:

 

– Այս հարցից բխող մյուս հարցը, արդյո՞ք դատական դպրոցի ստեղծումը ենթադրում է, որ դատական կորպուսը կարիք ունի պրոֆեսիոնալ և բարոյական բարձր հատկանիշների տեր դատավորների, ու որքանո՞վ դատական դպրոցը ի վիճակի կլինի լուծել այդ խնդիրը:

 

– Խնդիրը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, քանի որ, եթե երկրում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, այստեղ դատավորներին նույն օրենսդրական փոփոխությունների շրջանակներում վերապատրաստելու խնդիր է առաջանում: Քանի որ, երբ դատավորը անընդհատ դատավարությունների մեջ է, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի նա տարեկան որոշակի ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ անցնի: Այս դասընթացների հիմնական նպատակն է դատավորներին հասանելի դարձնել օրենսդրական փոփոխությունները, Հայաստանում նախադեպի ինստիտուտի կիրառումը և միջազգային ու Եվրոդատարանի կողմից նախադեպի իրավունք ունեցող դատական որոշումները: Այս առումով դպրոցը յուրօրինակ առաքելություն ունի՝ իրականացնելու այդ գործառույթները:

 

– Ձեզ, որպես դատական դեպարտամենտի ղեկավարի, այսօր բավարարո՞ւմ է դատարանների աշխատակազմերի իրավաբան մասնագետների պրոֆեսոնալ մակարդակը, և այս առումով առաջիկայում ի՞նչ եք պատրաստում ձեռնարկել:

 

– Սկսած սույն թվականի հոկտեմբերի 6-ից՝ դատական դպրոցը կենտրոնացված կարգով իրականացնելու է դատական ծառայողների վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստում անցած դատական ծառայողները անցնելու են հարցազրույց, և համապատասխան հանձնաժողովը որոշում է կայացնելու տվյալ դատական ծառայողի՝ պաշտոնին համապատասխանության հարցի վերաբերյալ: Հանձնաժողովը պետք է պարզի արդյո՞ք տվյալ դատական ծառայողը համապատասխանում է, համապատասխանում է մասամբ, թե՞ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Եվ այս ամենը պետք է պարզվի համապատասխան գնահատման չափորոշիչների միջոցով, որոնք մշակվել են դատական դեպարտամենտի կողմից: Չեմ կարող ասել, թե այսօր լավագույն կադրերն են աշխատում դատական համակարգում, սակայն կան առանձին լավագույն կադրեր, որոնց վրա կարելի է հենվել և որոնց միջոցով կարելի է դատական ծառայողների վերապատրաստման պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնել: Իսկ կադրային խնդիրը իր հոսունության մեջ շարժվող խնդիր է, քանի որ կադրերը գալիս են, ավելի են մասնագիտանում դատական ծառայության մեջ, ձգտում են ավելի բարձր պաշտոնի, ինչու չէ՝ նաև դատավոր դառնալու:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել