Նորություններ

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյան

ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐԱՎՈՒՆՔ Է ԴԱՌՆՈՒՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՅՆ ՀՍՏԱԿ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ Է

 

– Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների արդյունքում զգալիորեն փոփոխվեցին նաև Սահմանադրական դատարանի լիազորությունները, ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքը: Խնդրում եմ հայտնել Ձեր տեսակետը այս կապակցությամբ:

 

– Հարցին մոտենանք մի փոքր ճշգրտումով, որ լիազորությունների դաշտը էապես չի փոխվել, փոխվել են ՍԴ-ի լիազորությունների իրականացման նախադրյալները: Եվ այդ փոփոխությունները էական են: Էական են, քանի որ ընդհանրապես սահմանադրական արդարադատություն իրականացնելիս անկախության այլ բաղադրատարրերի շարքում բացառիկ կարևոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանների գործառնական ու կառուցակարգային անկախության երաշխավորումը: Այստեղ խոսքը գործառնական անկախության և գործունակության մասին է: Եթե դատարանն ունի լիազորություն, որը չի իրացվում, ապա այդ լիազորությունը դառնում է վերացական լիազորություն: Ինչպես, օրինակ, մարդը, եթե ունի իրավունք, և այն չի իրացվում, նշանակում է` մարդն այդ իրավունքը պարզապես չունի: Իրավունքը իրավունք է դառնում միայն այն ժամանակ, երբ այն հստակ իրագործելի իրավունք է, իրացվող իրավունք: Նույն` բավականին ծանր վիճակում հայտնվել էինք մենք, և այդ վիճակը պայմանավորված էր նրանով, որ, ասենք, ՍԴ-ն իրավասություն ուներ գնահատելու նորմատիվ ակտերից օրենքների, կառավարության, ԱԺ-ի որոշումների, Նախագահի իրավական ակտերի սահմանադրականությունը, բայց այդ ակտերի գծով տաս տարի ոչ մի դիմում չէր ստացվել, իսկ որոշ հարցերով, օրինակ, օրենքի սահմանադրականության հարցով ընդամենը 8 գործ էր քննվել: Սա բավարար չէ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար: Սահմանադրական արդարադատությունը պետք է լինի անընդհատ, ընդգրկուն և գործուն, որպեսզի վերահսկողության առարկան գտնվի այդ դաշտում: Հակառակ պարագայում՝ այդպիսի էպիզոդիկ գնահատումով սահմանադրական արդարադատություն չի իրականացվի:

 

– Խնդրում ենք ասել, թե, ըստ Ձեզ, որո՞նք են կատարված ամենաէական փոփոխությունները:

 

– Մեր Սահմանադրության առանցքային փոփոխություններից մեկը մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցման մեթոդաբանության փոփոխումն է: Դա չափազանց կարևոր է, որ շատերը դեռ չեն ընկալում և գիտակցում, որ մեր Սահմանադրության նախորդ տարբերակում մարդու իրավունքների վերաբերյալ ըստ էության տեղ էր գտել այսպես կոչված ձևախեղված պոզիտիվիստական մոտեցումը, երբ խոսքը վերաբերում էր ոչ թե իրավունքի, այլ օրենքի գերակայությանը, և մարդկանց իրավունքները չէին ճանաչված որպես բարձրագույն արժեք և անմիջական գործող իրավունքներ: Սահմանադրականորեն փոփոխվեց մարդու իրավունքի գերակայության սկզբունքը, և այդ իրավունքները ճանաչվեցին ոչ միայն որպես անմիջական գործող իրավունքներ, այլ նաև որպես բարձրագույն արժեք, այդ թվում մարդու արժանապատվությունը՝ որպես այդ իրավունքների հենք, և այլևս այդ իրավունքները պետության համար դարձան պետական գործառույթների սահմանափակիչներ: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով՝ որպես անմիջական գործող իրավունքներ: Սա մեթոդաբանական բոլորովին այլ մոտեցում է և այս մոտեցումը համահունչ է ոչ միայն այսօրվա եվրոպական չափանիշներին, այլ նաև մեր պատմական զարգացումների շատ հետաքրքիր ընդհանրացումներին` սկսած 1184թ.-ի Գոշի Դատաստանագրքով, Որոգայթ փառացով այս հարցը շատ խորը ընկալում և իրացում է գտել մեր պատմության մեջ: Եվ, բարեբախտաբար, այսօր մենք ոչ միայն եվրոպական ավանդույթների, այլ նաև մեր պատմական ավանդույթների շարունակողն ենք դառնում, և սա պատմությունից ճիշտ դասեր քաղելու օրինակներից մեկն է: Սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով առանցքային փոփոխությունը, որ կատարվեց, այն էր, որ ՍԴ լիազորությունները դարձվեցին գործուն լիազորություններ՝ փոփոխություն կատարելով հատկապես 101 հոդվածում և ընդլայնելով ՍԴ դիմող սուբյեկտների ցանկը: Այժմ Սահմանադրական դատարան դիմում են ոչ միայն երկու սուբյեկտներ, այլ դրանց ցանկը բավականին ընդլայնված է, և դիմելու հնարավորությունը բավականին հեշտացված և հստակեցված է: Նախկինում դիմում էին պատգամավորների 1/3-ը, ներկայումս այդ թիվը փոխվեց 1/5-ի, և փոփոխությունն անմիջապես իրեն զգացնել տվեց. այս 3 ամսվա ընթացքում արդեն ԱԺ պատգամավորներից երկու դիմում է ներկայացվել ՍԴ: Քաղաքացիները ՍԴ դիմելու հնարավորություն չունեին, այժմ նրանք կարող են դիմել ՍԴ, երբ դատական բոլոր մակարդակներում իրենք սպառել են պաշտպանության հնարավորությունները, վերջնական դատական ակտը ուժի մեջ է մտել, և այդ ակտով նրանց նկատմամբ կիրառվել է օրենքի նորմ, որի սահմանադրականությունը նրանք վիճարկում են: Խնդիրը թողնվել է միայն այս նեղ շրջանակում՝ օրենքի նորմի սահմանադրականության վիճարկումը կոնկրետ դատական գործով: Չնայած դրան՝ այս ընթացքում արդեն մեզ դիմել են շուրջ 430 քաղաքացի, որոնց մի մասը ծանոթանալով, ճշտելով պայմանները, դիմելու կարգը, իրավունքները և այլն, հրաժարվել է գրավոր դիմել: Պատկերացրեք՝ օրենքի սահմանադրականության հարցով 10 տարում դատարանը քննության է առել ընդամենը 8 գործ, իսկ միայն երեք ամիսների ընթացքում արդեն շուրջ 20 այդպիսի գործ է ընդունել քննության: ՍԴ-ի դիրքորոշումները իրականում կդառնան սահմանադրական իրավունքի և ընդհանուր օրենսդրության համար իրավունքի աղբյուր, և ներազդեցությունը սահմանադրական գործընթացների վրա կլինի շոշափելի ու արդյունավետ: Բացի դրանից՝ կարևոր պարագաներից մեկն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն ունեցավ դիմել ՍԴ: Վերջինս արդեն երկու դիմում է ներկայացրել ՍԴ: Մեկը քննության է առնվել և որոշումը կայացվել է սեփականության օտարման հարցերի վերաբերյալ, որի պահանջով այսօր օրենսդրական կարգավորումներ են փորձում իրականացնել, և երկրորդ դիմումի քննությունն էլ նշանակվել է դեկտեմբերի 12-ին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը քննության առարկա է դարձրել Կուսակցությունների մասին օրենքը: ՍԴ դիմելու հնարավորություն են ստացել նաև տեղական ինքնակառավարման մարմինները, գլխավոր դատախազը, դատարանները: Դատարաններից մեկ դիմում արդեն ստացվել է, և ՍԴ-ն որոշում կայացրել է: Այսինքն՝ դիմողների շրջանակն այսօր կարելի է բավարար համարել՝ արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար:

 

– Կատարված սահմանադրական փոփոխություններն արդյո՞ք բավարար են Հայաստանում սահմանադրական արդարադատության լիարժեք իրականացման համար:

 

– Ես չէի համարի, թե սահմանադրական այդ փոփոխություններով այս ոլորտում խնդիրներն ամբողջությամբ լուծված են: Այն լուծումները, որոնք արվել են, անհրաժեշտ էին, բայց իմ կարծիքով՝ ոչ բավարար: Ոչ բավարար, որովհետև առանցքային երկու խնդիր դուրս է մնացել այսօրվա լուծումներից, թերևս երեքը կարելի է ասել:
Առաջինն այն է, որ սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման խնդիրը մնացել է օդում կախված: Բոլոր երկրները, հատկապես 21-րդ դար թևակոխած առաջադիմական մոդել ունեցող երկրները, այդ խնդիրը լուծել են: Առաջինը գերմանացիները դեռևս 1949 թվականին իրենց հիմնական օրենքում անդրադարձան այս հարցին՝ որպես կարևորագույն խնդիրներից մեկը, և առաջին լիազորությունը, որ վերապահեցին դաշնային ՍԴ-ին, այն էր, որ վերջինս պետք է լուծի սահմանադրական մարմինների լիազորությունների հարցով առաջացած վեճերը և այդ վեճերը լուծի Սահմանադրությունը մեկնաբանելով: Այսինքն՝ առաջ է գալիս նաև այսպես կոչված վերացական մեկնաբանման անհրաժեշտություն, որը ծագում է վեճերի լուծման ժամանակ, և մեկնաբանելով սահմանադրության նորմը, լուծվում են այդ վեճերը, և այդ մեկնաբանությունը դառնում է պաշտոնական մեկնաբանություն վեճերի լուծման ժամանակ:

Երկրորդ կարևոր խնդիրը այն էր, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերվեց վախվորած մոտեցում: Այս մոտեցումը կա միջազգային սահմանադրական պրակտիկայում` սա ունեն Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը, Ռուսաստանի ՍԴ-ն, և սահմանափակվում է միայն օրենքի նորմի սահմանադրականության գնահատմամբ, սա թերևս բավարար չէ այն առաջադիմական մոդելների առումով, որ այսօր կան Գերմանիայում, Իսպանիայում, մի շարք այլ երկրներում: Դասական մոդելն այն է, որ եթե սահմանադրական իրավունքներն անմիջական գործող իրավունքներ և բարձրագույն արժեք են ճանաչվում (ՍԴ-ի մասին մեր օրենքում էլ ասվում է, որ ՍԴ-ն երաշխավորում է Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը), անմիջական գործողությունը չես կարող երաշխավորել, առանց իրավունքները որպես անմիջական գործող իրավունքներ անհրաժեշտ ձևով պաշտպանելու և ապահովելու: Այսինքն՝ դատարանը պետք է քննության առներ ոչ միայն օրենքի նորմի սահմանադրականությունը, այլ նաև այն, թե մարդու իրավունքներն արդյո՞ք վերջնական ձևով պաշտպանվել են, թե՞ ոչ:
Երրորդ հարցը կապված է շատ նուրբ և խորքային պրոբլեմի հետ: Ինչպես նախկին խորհրդային, այնպես էլ արևելյան Եվրոպայի շատ երկրներ, երբ ժողովրդավարացման այս նոր ալիքի պայմաններում փորձեցին իրենց դատաիրավական բարեփոխումներն իրականացնել, կանգնեցին հետևյալ հարցի առջև. սահմանադրական արդարադատությունը լիարժեք ներդնելն անհրաժեշտություն է: Այս պարագաներում ինչպե՞ս վարվել ենթաօրենսդրական ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցի լուծման հետ: Արդյո՞ք անհրաժեշտ է ստեղծել հատուկ վարչական դատարաններ և դրանց միջոցով փորձել խնդիրը լուծել կամ դա վերապահել ընդհանուր իրավասության դատարաններին, թե՞ այստեղ որոշակի տարանջատում կատարել: Երկրների մեծ մասը, հատկապես փոքր երկրները, որոնք և մարդկային, և ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտություն ունեն և չեն ձգտում ստեղծել գաճաճ դատարաններ, որոնք ավելի շատ ներարկման օբյեկտ են դառնում, նաև Լեհաստանում, Սլովենիայում և այլն, գնացին այն ճանապարհով, որ հիմնականում ենթաօրենսդրական ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցը վերապահեցին ՍԴ-ներին: Այսինքն ՍԴ-ն ինչո՞վ է տարբերվում այլ դատարաններից. սա իրավունքի դատարան է, մյուս դատարանները փաստի դատարան են, որ կիրառման կամ սխալ կիրառման հանգամանքներն են քննում, իսկ ՍԴ-ն քննում է, թե հենց ակտն ինքը որքանո՞վ է սահմանադրական, իրավունք ունի՞ գոյություն ունենալ, թե՞ ոչ: Եվ, ելնելով այս տրամաբանությունից, առանձնացրեցին. ՍԴ-ներին վերապահեցին ոչ միայն օրենքի սահմանադրականության հարցը, ոչ միայն նորմատիվ ակտերի՝ Սահմանադրությանն համապատասխանության հարցը, այլև այդ ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցը, միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցը, իսկ կիրառման հետևանքների հետ կապված հարցերը թողեցին ընդհանուր իրավասության դատարաններին կամ Վարչական դատարաններին: Մեզ մոտ հրաժարվեցին այս մոտեցումից, պատճառաբանելով, թե ցանկություն կա ստեղծել Վարչական դատարանների համակարգ, իսկ այսօր կա նույնիսկ որոշակի իրավական բաց այս հարցում: Վարչական դատարանը չկա, քաղաքացին ենթաօրենսդրական ակտերին վերաբերող հարցերով ՍԴ դիմել չի կարող, ընդհանուր իրավասության դատարանները նորմատիվ իրավունքով իրավասություն ունեն գնահատել բոլոր ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցը, բայց դատավարական օրենսգրքերն այստեղ որոշակի արգելքներ են դնում: Այսինքն՝ չկա որևէ հստակություն, որի արդյունքում տուժում է անձը, նրա իրավունքները, նրա իրավունքների պաշտպանությունը և, վերջին հաշվով, արդարադատությունը:
Հարցեր կան, որոնք դեռևս լուծման փուլում են և պետք է լուծվեն: Ընդ որում՝ պետք է լուծվեն ոչ թե հեծանիվ հայտնաբերելով, այլ միջազգային փորձը խորությամբ հաշվի առնելով և տեսնելով, թե հատկապես նույնատիպ երկրներում, որոնք արդեն ինչ-որ տեղ ժողովրդավարական զարգացումների ճանապարհին առաջընթաց քայլեր են կատարել, արձանագրել արդյունքներ, ինչպե՞ս, ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում այս ինստիտուտները, որ հնարավոր լինի կատարելագործել: Այսինքն՝ այս փոփոխությունները առնչվում են նաև սահմանադրական արդարադատության համակարգի հետ, և ես համոզված եմ, որ համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

 

– Պարոն Հարությունյան, ներկայումս ՀՀ-ում ունենք համապատասխան օրենսդրական դաշտ, դատարանների վերանորոգված, կահավորված և տեխնիկապես զինված շենքեր, ՀՀ-ում և արևմտյան զարգացած իրավական համակարգեր ունեցող երկրներում վերապատրաստում անցած դատավորներ, ՀՀ փաստաբանների միասնական պալատ, այս հարցերով հետաքրքրված միջազգային և արտասահմանյան կազմակերպություններ՝ իրենց հսկայածավալ ներդրումներով, սակայն անձանց իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում դեռևս համարվում է ամենակարևորը և հրատապը: Ինչու՞:

 

– Որովհետև Ձեր թվարկած բոլոր հարցերում մենք դեռևս չենք հասել որոշակի, անհրաժեշտ համակարգային որակի: Ես չեմ կարծում, թե մենք այդ ոլորտում ունենք անհրաժեշտ կատարելության օրենսդրություն: Օրենքը փոփոխելը կամ օրենք ստեղծելը դեռ չի նշանակում խնդիրը լուծել: Այսօր համակարգային վերափոխման անհրաժեշտություն կա: Ժամանակին, երբ ես ասում էի` մենք ունենք դատարաններ, սակայն չունենք դատական համակարգ, շատերը տարակուսում էին, թե ինչպես կարող է դա լինել: Համակարգը նշանակում է դրա բոլոր տարրերի այնպիսի ներդաշնակ գործակցություն, երբ դրա գործառույթն ամբողջությամբ իրացվում է: Այսինքն` դատարանի առկայությունն արդարացված է այնքանով, որքանով առկա է և իրական արդարադատությունը: Եթե դատարան կա, սակայն արդյունավետ արդարադատություն չկա, նշանակում է, որ դատարանի գոյությունը դառնում է ինքնանպատակ: Այդ առումով այսօր մեր ամբողջ համակարգը գտնվում է վերափոխումների լուրջ գործընթացում, և մշակված են ծրագրեր, դրանց մասին խոսակցություններ են գնում, քննարկումներ են գնում: Այո, որոշակի մոտեցում առկա է, սակայն խնդիրը հստակ հայեցակարգի շրջանակներում համակարգի ամբողջականությունն ապահովելն ու երաշխավորելն է, որին մենք դեռ չենք հասել և՛ օրենսդրական առումով, և՛ կառուցակարգային լուծումների առումով: Այսինքն` այստեղ նախադրյալներն անհրաժեշտ և բավարար չեն, որպեսզի իրավունքների երաշխավորված պաշտպանություն իրականացվի: Ուստի, որքան էլ շենքը բարեփոխվի, պայմանները բարելավվեն, միևնույն է` դատարանի անկախությունը և արդյունավետ գործունեությունը պայմանավորված են չորս երաշխիքներով, որոնցից յուրաքանչյուրի բացակայությունը կարող է մեծ բացեր առաջացնել: Դրանք հետևյալներն են:

Առաջին՝ գործառնական անկախությունը, ինչը ենթադրում է ոչ միայն գործառույթների հստակեցում, օրենսդրորեն երաշխավորում, այլև ամբողջականացում և արդյունավետ իրացման դատավարական հնարավորությունների ստեղծում, որտեղ, եթե միայն այսօրվա օրենսդրական համակարգն ուսումնասիրենք, բացերը բավականին շատ են:

Երկրորդ՝ կառուցակարգային անկախությունը, որը նույնպես մեզ մոտ գտնվում է փոփոխությունների գործընթացում: Օրինակ՝ ստեղծվեցին տնտեսական դատարաններ, հետո պարզվեց, որ դրանք իրենց չեն արդարացնում: Փորձ է արվում ստեղծել վարչական դատարաններ: Իմ անձնական համոզմունքն այն է, որ դրանք տնտեսական դատարանների ճակատագրին են արժանանալու: Բայց բոլոր պարագաներում այժմ գործընթացներ են գնում կառուցակարգային նոր լուծումներ գտնելու առումով, նաև նույնը վերաբերում է ընդհանուր իրավասության դատական համակարգում տարբեր աստիճանի դատարանների փոխգործակցության խնդիրների հստակեցմանը: Սրանք կառուցակարգային լուծումներ են, ինչը դարձյալ փնտրտուքների մեջ է:

Երրորդ՝ դատական համակարգի նյութական անկախությունը նույնպես հսկայական խնդիր է, որն այսօր չէի ասի, թե արդյունավետ լուծված է:
Չորրորդ՝ սոցիալական անկախությունը, որը կարևորագույն խնդիր է, և դարձյալ արդյունավետ լուծված չէ, և փնտրտուքները շարունակվում են: Այսինքն՝ համակարգային կայացման խնդիրներն այսօր դեռ չեն լուծվել այն մակարդակով և որակով, որպեսզի արդյունավետ արդարադատություն երաշխավորեն: Այո՛, երեկվա համեմատությամբ պայմանների բարելավումը դրական քայլ է, այո՛, կան որոշակի դրական օրենսդրական բարեփոխումներ, բայց դրանք արդյո՞ք անհրաժեշտ լինելով` բավարար են արդյունավետ արդարադատություն երաշխավորելու համար: Ես գտնում եմ, որ ոչ: Մասնավորապես՝ հիմա սահմանադրական արդարադատության տեսանկյունից տեսանելի է, որ համակարգային փոփոխություններն ինչ-որ անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծում են: Մյուս համակարգերում նույնը պետք է լինի, և գործակցությունը նույնատիպ պետք է լինի: Եթե երկու տարի անցնի, և ես համոզվեմ, որ Սահմանադրական դատարան դիմած դատավորը միակ «ծիծեռնակն» էր, այլ դիմումներ այլ դատարաններից չեն գալիս Սահմանադրական դատարան, առանց վարանելու կարող եմ ասել, որ այստեղ համակարգային լուրջ հիվանդության հետ գործ ունենք:

 

– Այսօր Հայաստանում գրեթե բոլոր պետական մարմինները խոսում են մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին և շեշտում, որ իրենք իրենց ամենօրյա գործունեության մեջ պաշտպանում են մարդու իրավունքները: Ի՞նչ կասեք այս մասին, և ի՞նչ պետք է արվի, որ իրականում պաշտպանվեն մարդու իրավունքները:

 

– Այս առումով այսօր կա հասկացութային շփոթ. այո, ճիշտ եք ասում, որ ՀՀ-ում հիմա ում հարցնեք՝ կասեն՝ մենք իրավունքներ ենք պաշտպանում, այդ թվում գործադիր, օրենսդիր իշխանություններում: Բայց իրականում Սահմանադրությունն այդպիսի խնդիր չի դնում այդ ինստիտուտների առջև: Կա երեք կարևոր խնդիր՝ երաշխավորել այդ իրավունքները, ապահովել այդ իրավունքները, պաշտպանել այդ իրավունքները: Եվ եթե բացենք շատ երկրների Սահմանադրություններ, ապա կտեսնենք, թե որ իշխանության իրավասության մեջ է մտնում երաշխավորելը, որի՞նը` ապահովելը և որի՞նը` պաշտպանելը: Օրենսդիր մարմինը պետք է օրենսդրորեն երաշխավորի այդ իրավունքները, գործադիրը պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը, և պաշտպանող ինստիտուտները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանը, պետք է պաշտպանեն խախտված իրավունքները: Դատական մարմինները հանդես են գալիս և՛ ապահովողի, և՛ պաշտպանողի դիրքերում: Այն ինստիտուտը, որը չի երաշխավորում, խոսում է պաշտպանությունից, նշանակում է՝ իր գործը չի կատարում: Այն ինստիտուտը, որը պետք է ապահովի, չի ապահովում, խոսում է պաշտպանությունից, նշանակում է՝ նա մտել է բոլորովին այլ դաշտ, իր անելիքը չգիտի այդ ոլորտում: Եվ եթե իր անելիքը չգիտի՝ ուրիշի անելիքն էլ կիսատ-պռատ է անելու կամ փորձելու է շրջանցել: Եվ մենք մեր քննության առնված գործերի մեջ, ինչպես հայելում, տեսնում ենք բոլորի պատկերը, թե յուրաքանչյուրն իր սահմանադրական լիազորություններն ինչպես է իրականացնում: Այդ պատճառով չափազանց կարևոր է, ինչպես էլ մենք մեր վերջին որոշումներում ստիպված եղանք նշել, որ ՀՀ-ում դեռևս պատշաճ ձևով ընկալված չէ և անհրաժեշտաբար չի իրացվում Սահմանադրության երրորդ հոդվածի պահանջը, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Ինչպես նաև մի շարք այլ հոդվածների դրույթները, որ այդ իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները, որ այդ իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Երեկ ի՞նչ հոգեբանություն ունեինք, Սահմանադրությունը փոփոխելուց հետո ի՞նչ հոգեբանություն և մոտեցում ունենք այս հարցերին: Եթե դուք չնկատեք որևէ ինստիտուտում այդ տարբերությունը, նշանակում է չի ընկալվել Սահմանադրության փոփոխության էությունը, և այդ երրորդ հոդվածի էությունը: Եթե դա չի ընկալվել, չի հասկացվել, բնական է՝ չի էլ ապահովվի: Բնական է՝ իրավունքները կմնան պաշտպանված այն վիճակում, ինչ վիճակում կային, կամ ավելի ստույգ` անպաշտպան այն վիճակում, ինչ վիճակում կային: Խնդիրը դա է: Համակարգային փոփոխությունները որքանո՞վ են հավաքում անհրաժեշտ և բավարար կրիտիկական զանգված էապես խնդրի արդյունավետ լուծումը երաշխավորելու համար: Այսօր դա դեռ հավաքված չէ, այդ փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են: Եվ դա պայմանավորված չէ միայն իմ թվարկած գործոններով, այստեղ մի շարք այլ գործոններ անհրաժեշտաբար իրենց դերակատարությունն ունեն: Դա մտայնության վերափոխումն է, իրավագիտակցության փոփոխությունն է, իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության աստիճանն է: Օրինակ՝ հաճախ քաղաքացին գալիս է Սահմանադրական դատարան ինչ-որ վեճով: Ժամերով փորձում ենք բացատրել, որ մեր իրավասությունն օրենքի նորմի սահմանադրականության գնահատումն է: «Ինչպե՞ս թե, իմ իրավունքը ոտնահարվել է, դուք պիտի որոշում ընդունեք և պարտադրեք, որ դա արվի»: Եթե նույնիսկ դիմումների տեքստերը դուք նայեք, նույնիսկ փաստաբանների կողմից կազմված, հաճախ գրվում է. «Իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված բոլոր օրենքները համարել հակասահմանադրական»: Այս պարագայում պարզ է, որ անհնարին է նման իրավագիտակցությամբ արդյունավետ իրավունք պաշտպանել: Դա նշանակում է, որ բոլոր բաղադրիչները խիստ անհրաժեշտ են. և՛ իրավամտածողությունը, և՛ իրավագիտակցությունը, և՛ մարդկանց համապատասխան կրթվածությունը, և՛ պրոֆեսիոնալների՝ իրենց պարտականության պատշաճ կատարումը և, ամենակարևորը, սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը, ոգին յուրաքանչյուրին հասու դարձնելը: Ամենավտանգավորը հասարակական հարաբերություններում այն է, երբ սահմանադրական արժեքները կարող են վերածվել ծխածածկույթի, երբ այդ արժեքները մուտացիայի են ենթարկվում: Երբ այդ արժեքները դառնում են կարգախոսներ, բայց դրանց հետևում արվում են բոլորովին այլ գործողություններ: Դրանցով ոչ միայն այդ արժեքներն են արժեզրկվում, այլ տեղի է ունենում համակարգային արժեզրկում, իսկ դա կարող է բերել նրան, որ մուտացված արժեքները տիրապետող են դառնում, և երբ դրանք վերարտադրվող արժեքներ դառնան, դա արդեն մետաստազ է, այլ բան դրան անվանել չես կարող, իսկ դա արդեն չափազանց վտանգավոր երևույթ է: Դրա համար այդ բոլոր պարագաներին մեզ մոտ պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձվի, որպեսզի կարողանանք առողջ իրավական միջավայր ստեղծել և այդտեղ իրականում կարողանանք երաշխավորել, ապահովել, պաշտպանել իրավունքներ:

 

– Եվ վերջին հարցը: Որպես անձ, ով իր լուրջ ներդրումն ունի երկրի կայացման և զարգացման գործում, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Հայաստանը և, մասնավորապես, Հայաստանի իրավական համակարգը մոտ ապագայում, օրինակ, երեք տարի անց:

 

– Այդ հարցը ցանկացած մեկին որ տաք, կարող է ասել՝ կատարյալ, լավ, ամբողջական: Ես այսօր մտածում եմ այսօրվա մասին, թե այսօր ինչ կարելի է անել, որ հնարավոր դրական միտումները խթանվեն, որ հնարավոր բացասական միտումները կաշկանդվեն: Սա լրջագույն խնդիր է, որովհետև ես ունեմ ներքին մտահոգություն, որ եթե բացասական միտումները խորանան և դառնան ինքնավերարտադրելի, այլևս դրանց դեմ պայքարը կարող է դառնալ անհնարին, և դրանք կործանարար հետևանքներ կարող են ունենալ: Իսկ համակարգային առումով դա նշանակում է, որ երբեք սահմանադրական արժեքները հասարակական պրակտիկայում չպետք է դրսևորվեն ձևախեղված: Ես մի գիրք գրեցի, որը վերնագրեցի «Սահմանադրությունից` սահմանադրականություն»: Շատերը զարմացան` գուցե հակառա՞կը, ես բացատրեցի, որ` ոչ, Սահմանադրության գոյությունը դեռևս բավարար չէ: Սահմանադրության գոյությունն անհրաժեշտ բովանդակություն է ձեռք բերում, երբ սահմանադրական արժեքները դառնում են ապրող արժեքներ, երբ գոյություն ունի սահմանադրականություն, այսինքն, երբ սահմանադրական ժողովրդավարությունը դառնում է ապրող իրողություն: Սահմանադրական մշակույթն առկա է այնտեղ, որտեղ սահմանադրական արժեքներն ընկած են հասարակական համաձայնությունների հիմքում: Դրան հասնելու ճանապարհին հիմնախնդիրները շատ են: Օրինակ՝ պարզ մի իրողություն, երբ մեր ժողովուրդը շուրջ 700 տարի կորցրեց իր պետականությունը, մշակել է օրենքի, իրավունքի հանդեպ մերժողական հոգեբանություն: Նա միշտ ժխտել և մերժել է այլ ժողովուրդների օրենքները, որովհետև դրանք իր իրավունքները սահմանափակող օրենքներ են եղել և փորձել է, հակառակվելով դրանց, իր գոյը պահպանել: Այսօր մենք անկախության պարագայում անկախացել ենք քաղաքական հարթության վրա, բայց տեսե՞լ եք մեզանից յուրաքանչյուրի ներսում անկախ քաղաքացու անհրաժեշտ որակներ: Մենք անկախ պետությունում ենք, բայց անկախ պետության քաղաքացի չունենք: Որովհետև անկախ պետության քաղաքացու ներսում արժեքային համակարգը պետք է լինի համարժեք իր պետականությանը: Ասում են, եթե հավատացյալը Աստծուն իր ներսում չի գտնում, դրսում որքան էլ փնտրի` չի գտնի: Եթե այդ պետությունը, պետականությունը քո ներսում չեղավ որպես արժեքային համակարգ, քաղաքացիական որակների որոշակի համակարգ, դու պետության քաղաքացի չես կարող կոչվել, իսկ եթե պետության քաղաքացի չկոչվեցիր՝ այդ պետությանը, պետականությանը որևէ լիցք չես կարող բերել քո մասնակցությամբ: Այսինքն՝ մենք մարդուն վերափոխելու անհրաժեշտություն ունենք, համակարգի վերափոխման անհրաժեշտություն ունենք: Դրանք մեկ օրում չեն լինում: Վերափոխումը նշանակում է այդ արժեքային համակարգի վերափոխում, իսկ արժեքային համակարգի վերափոխումը չի նշանակում ուրիշներին կապկել: Դա նշանակում է կարողանալ ճանաչել քոնը և ներդաշնակել նրա հետ, ինչը համամարդկային է և ինչն առաջադիմական է: Դրանք լրջագույն խնդիրներ են, որոնք, դարձյալ, մեկ օրում, երկու օրում չեն լուծվում: Այս բոլոր խնդիրների՝ այսօրվա լուծման հաջողությամբ պայմանավորված է վաղը: Այսինքն՝ ժամանակը պետք է դառնա չկորսված հնարավորությունների ժամանակ, որովհետև պետականության կայացումն ունի բազմաթիվ մարտահրավերներ: Այսօրվա բազմաթիվ մարտահրավերներից մեկն էլ իրավական համակարգի կայացումն է:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել