ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան

ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԳԻՏԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՆԱ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ Է

 

– Պարոն Սահակյան, խնդրում եմ ասել, ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումները արդյո՞ք ստեղծել և կամ ստեղծում են նպաստավոր միջավայր ՀՀ-ում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար:

 

– Դատաիրավական բարեփոխումները սպասվում էին վաղուց, մասնավորապես, իմ և իմ համախոհների շրջանում: Իսկ ստեղծե՞լ են արդյոք նրանք նպաստավոր պայմաններ արդարադատության իրականացման համար, այս հարցին միանշանակ չի կարելի պատասխանել, քանի որ առանձին բարեփոխումներ ստեղծել են բարդ իրավիճակ: Մասնավորապես՝ ուզում եմ անդրադառնալ այդ բարեփոխումներից մեկին՝ վճռաբեկ բողոք վարույթ ընդունելու հիմքերին: Հիմքերից մեկն է՝ եթե ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ: Այս առումով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածները, արտաքնապես սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ պայմանները, իրականում դրանց չեն հաղորդել իրավական որոշակիություն: Օրինակ՝ այդ նորմից դժվար է կռահել, թե ինչ չափանիշներով են որոշվելու ծանր հետևանքները, կամ արդյո՞ք ծանր հետևանքը միայն նյութականացված է: Եթե այո, ապա ի՞նչ չափի վնասի դեպքում այն կհամարվի ծանր և այլն: Օրենքը չի սահմանում՝ ինչ ասել է ծանր հետևանք: Դատարանը նույնպես չի մեկնաբանում, թե ինչ է ծանր հետևանք:

Եթե դատարանի անդամները դա չեն կարող ասել, ապա ինչ անենք մենք՝ փաստաբաններս: Փաստաբանը վճռաբեկ բողոք է ներկայացնում դատարան և օրերից մի օր պատասխան է ստանում, որ բողոքը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Փաստաբանը չի իմանում ինչ պատճառով չընդունվեց իր բողոքը, և ինչու թույլ տրված դատական սխալը չի կարող առաջացնել ծանր հետևանք: Դատարանը իր որոշումը չի պատճառաբանում: Վճռաբեկ դատարանի անդամները ասում են, որ մենք չպետք է պատճառաբանենք, թե ինչու բողոքը չի ընդունվում, մինչդեռ համընդհանուր սկզբունք է, որ դատարանի որոշումները պետք է պատճառաբանված լինեն: Բարեփոխումների առաջացրած այս հորձանուտում մենք չենք կարող հասկանալ՝ որն է ճիշտ, որն է սխալ: Արդյունքում մեծանում է սուբյեկտիվ մոտեցման և շարաշահումների հնարավորությունը, այսինքն՝ ստեղծվել է կոռուպցիայի նոր հնարավորություն: Այս ամենով հանդերձ ես կողմնակից եմ բարեփոխումներին:

Համոզված եմ, որ բարեփոխումների արդյունքն էր օրերս Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը Մատաղիսի սպանության գործով: Այս գործը մեծ իրարանցում է առաջ բերել հանրապետությունում, առկա է տարակարծություն: Բայց ինձ համար մի դրական բան կա: Ինչպես Գորբաչովը ժամանակին ասաց՝ գործընթացը սկսվեց: Վճռաբեկ դատարանը գտավ իր մեջ ուժ՝ կայացնելու արդարացի որոշում: Եվ այստեղ դատախազությունը, դատավճիռ կայացրած առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պետք է լուրջ հետևություններ անեն: Այս գործի քննության ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներ: Նշեմ մի քանիսը. դատարանը հրապարակում է փորձագետի եզրակացությունը, այդ պահին փաստաբանը ասում է՝ առարկում եմ: Նիստը նախագահող դատավորը ասում է՝ նստեք, թույտվություն վերցրեք՝ նոր առարկեք: Սակայն եթե փաստաբանն ասում է առարկում եմ, նշանակում է նա թույլտվություն է ուզում: Դատարանը զրկում է փաստաբանին փորձագետի եզրակացությունը պարզելու համար հարցեր ուղղել փորձագետին: Երբ նախագահողի կամայական գործողություններից մեկի ժամանակ դահլիճից մեկը գոռում է՝ ինչ է, Պինոչետն ե՞ք, որ այսպիսի բան եք անում, նախագահողը կարգը խախտողի նկատմամբ համապատասխան միջոց կիրառելու փոխարեն պատասխանում է՝ այո՛ Պինոչետն եմ: Խոսքը ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Աղրամանյանի մասին է: Ինչ է, նա չի՞ ծանոթացել Քրեական դատավարության օրենսգրքին: Եթե ծանոթացել է, ապա ինչո՞ւ է փաստաբանին զրկում իր իրավունքներից: Այս գործով դատական սխալի ուղղումը համոզմունք է առաջացրել, որ Վճռաբեկ դատարանի որոշումները մեծ դեր են ունենալու այսուհետ:
Նախադեպային գործընթացը, որ սկսվելու է եկող տարվանից ավելի լայն թափով, մեծ փոփոխություներ է բերելու, որոնք շատերի համար ընդունելի չեն, սակայն ինձ համար ընդունելի են: Եկեք սկսենք այսօր, որպեսզի վաղը հասնենք մի հանգրվանի, որի մասին երազում ենք: Օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով այժմ մենք խնդիր չունենք փաստաբանի և վստահորդի, մեղադրյալի, կասկածյալի տեսակցության հարցում: Կամ ապացույցի օգտագործման անթույլատրելիության հարցերը: Այս տեսակետից ես ողջունում եմ բարեփոխումները, և գտնում եմ, որ եթե այն մենք սկսեինք 15 տարի առաջ, ապա մի դրական հանգրվանի արդեն հասած կլինեինք:

 

– Արդեն մոտ երկու տարի է, ինչ կազմավորվել է ՀՀ Փաստաբանների պալատը: Խնդրում եմ հակիրճ ներկայացնել այս ժամանակահատվածի ընթացքում Փաստաբանների պալատի հիմնական ձեռքբերումները:

 

– Դեռևս երկու տարի չէ, ընդամենը մեկ տարի երկու ամիս է: Մենք արդեն անցկացրել ենք որակավորման քննություններ՝ բավականին բարձր մակարդակով: Առաջին անգամն էր, որ քննություններն անցկացվեցին պալատի ուժերով: Անցկացրինք բացարձակ թափանցիկության պայմաններում: Բնական է՝ կային թերություններ: Ամեն մի նոր գործընթաց ունի թերություններ: Քննություններն անցկացվեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկայի իրավաբանների ընկերակցության աջակցությամբ: Քննություններում բացառվեցին կոռուպցիայի և հովանավորչության հնարավոր երևույթները: Դա ասում են նաև որակավորման քննությունները չանցած հավակնորդները: Սա ես համարում եմ լուրջ ձեռքբերում՝ չնայած դեռ բավականին աշխատանք ունենք կատարելու նկատված թերությունների շտկման առումով: Երեկ հանդիպում ունեցա Ամերիկայի իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչների հետ, պայմանավորվեցինք, որ հունվարի 8-ին եռակողմ հանդիպում ունենանք, որպեսզի բոլոր թերությունները թղթին տանք և մինչև երկրորդ քննությունները դրանք վերացնենք: Նախկինում անվճար իրավաբանական օգնությունն իրականացվում էր, այսպես ասած, պետպաշտպանությամբ, որը տարերայնորեն էր իրականացվում: Այսօր դրա փոխարեն օրենքով ամրագրված է հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտը, որը կամաց-կամաց ոտքի է կանգնում: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններին մենք ընտրեցինք մրցութային կարգով: 2005թ. դեկտեմբեր ամսին անցկացրեցինք մրցույթ, փորձեցինք ընտրել դիմողներից լավագույններին: Սա նույնպես ձեռքբերում է: Քանի որ աշխատավարձը ցածր է, ինչպես և ամբողջ աշխարհում, մեր լավագույն փաստաբանները չեն ցանկանում գնալ հանրային պաշտպանությամբ զբաղվել: Եկող տարի կանցկացնենք մոնիթորինգ և կփորձենք հասարակությունից ճշտել, թե որքանով է կայացել հանրային պաշտպանի գրասենյակը:

Այս կարճ ժամանակահատվածում մենք ձեռնամուխ եղանք նաև Փաստաբանների պալատի առաջիկա հինգ տարվա ռազմավարական պլանի մշակման գործին: Այս հարցում մեզ աջակցեց Բաց հասարակության ինստիտուտը: Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ՀԿ-ների, դատախազության, դատարանների, այլ կազմակերպությունների հետ, մոտ 100 փաստաբան ներգրավված է եղել այս գործընթացում: Հիմնական աշխատանքները արդեն ավարտված են, հույս ունենք, որ փետրվարին կվերջացնենք գործընթացը, որից հետո կսկսվի հիմնական աշխատանքը: Ես համարում եմ ձեռքբերում ևս մեկ բան: ՓՄՄ-ում մենք ամեն շաբաթ ուսուցումներ էինք անում, նույնը շարունակեցինք անել, երբ ՓՄՄ-ն և ՀՓՄՄ-ն միացան: ՀՀ ՓՄ-ում դրամաշնորհի շրջանակներում մի անգամ արվել է նման բան, և վերջ: Իսկ մենք մեկ տարվա ընթացքում անցկացրել ենք այնքան, որքան վերջին 7 տարիների ընթացքում միասին: Այս ամենը իհարկե Ամերիկայի իրավաբանների ընկերակցության և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, քանի որ դրսից մասնագետ բերելը թանկ հաճույք է: Փաստաբանները պարտավոր են սովորել փոփոխվող օրենքները:

 

– Որո՞նք են փաստաբանության առջև կանգնած և հրատապ լուծումներ պահանջող հիմնական խնդիրները:

 

– Ամենամեծ խնդիրը փաստաբանների գիտելիքների ցածր մակարդակն է: Գիտելիքներով սնանկ փաստաբանը չարիք է իր վստահորդների համար, իր շրջապատի, կոլեգաների, դատարանի համար: Պատկերացրեք՝ փաստաբանի գիտելիքների պատճառով վստահորդը կորցնում է բնակարանը, սա չարիք չէ՞: Սա հրամայական խնդիր է, որը պետք է լուծենք: Յուրաքանչյուր փաստաբան պետք է ստանա որոշակի ժամաքանակով դասընթացներ օրենքի փոփոխությունների կամ փաստաբանական հմտությունների առումով: Փաստաբանների հեղինակության բարձրացման խնդիրը ևս առաջնահերթություն է: Հենց գիտելիքների պակասը բերել է նրան, որ փաստաբանը պահանջված չէ: Սակայն դա պայմանավորված է նաև դատաիրավական համակարգի արատներով, որ տասնամյակներ շարունակ եղել են խորհրդային տարիներից, այսօր դեռ կան և դեռևս կշարունակվեն: Ժողովրդի մոտ կա այսպիսի մի մոտեցում. ավելի լավ չէ՞ գումարը տանել տալ քննիչին, դատավորին, դատախազին և ստանալ ցանկալի արդյունք, քան տալ փաստաբանին, որը ոչինչ չի կարող անել, ու հետո պետք է նորից այնտեղ տանք: Սա պետք է հաղթահարել, որի համար հարկավոր են լուրջ դատաիրավական բարեփոխումներ, հասարակության լուրջ աշխատանք, ՀԿ-ների հետ համատեղ աշխատանք՝ համակարգի թերությունները վեր հանելու համար, չվարանել և անուններ շեշտել, որ այս կամ այն քննիչը, դատավորը այսինչ սխալն արեց: Այդպիսի սխալների մի մասը ես հանցագործություն եմ համարում: Անհրաժեշտ է ժողովրդի տարրական իրավական գիտելիքների քարոզչություն, իրավագիտակցության բարձրացում: Եթե քաղաքացին չգիտի իր իրավունքները, նա արդեն պարտվել է, մինչ փաստաբանին դիմելը կատարում է գործողություններ, որ երբեմն անդառնալի են դառնում: Փաստաբանական շուկայի ձևավորումը նույնպես խնդիր է: Խնդիրներ շատ կան:

 

– Ըստ Ձեզ, ինչու՞ փաստաբանները դատավորների պես չունեն կորպորատիվ շահի միասնական ընկալում և ինչու՞ չեն մոբիլիզացնում իրենց ներուժը՝ հանուն հզոր ու անկախ փաստաբանական ինստիտուտի:

 

– Այդ ամենին խանգարում է փաստաբանի նյութական վիճակը: Կա տարածված բայց սխալ կարծիք, որ փաստաբանը բարձր է վարձատրվում: Կա մի փոքր խումբ, որոնք բարձր են վարձատրվում, սակայն համարժեք աշխատանքի համար: Ճնշող մեծամասնությունը չունի այդ հնարավորությունը: Ինքը՝ ազգաբնակչությունը, չունի հնարավորություն վճարելու, և փաստաբանը սկսում է գործ փնտրել, որ ընտանիքը պահի: Այստեղ կորպորատիվ շահի մասին արդեն խոսք լինել չի կարող: Եվ շատ անգամ կտեսնեք դատարանում, որ երբ գրագետ փաստաբանը ինչ-որ միջնորդություն է ներկայացնում, մյուսը, որ արդեն մի քանի կոպեկ է վերցրել, հակառակվում է, բայց ոչ օրենքի շրջանակներում, որպեսզի վստահորդի սպասելիքներն արդարացնի: Հակառակվելով իր կոլեգային՝ չի պատճառաբանում, թե, օրինակ, ինչու է նրա միջնորդությունն անհիմն և հանիրավի առաջարկում է մերժել այն: Այսինքն՝ մինչև ժողովրդի սոցիալական վիճակը չլավանա, այս խնդիրները չեն լուծվի: Իսկ դատարանը կուռ մարմին թվում է առաջին հայացքից, դա կուռ մարմին չէ:

 

– Ձեզ, որպես Փաստաբանների պալատի ղեկավարի, այսօր բավարարո՞ւմ է փաստաբանների պրոֆեսոնալ ու բարոյական որակները, և այս առումով առաջիկայում ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել:

 

– Լավ փաստաբանների պրոֆեսիոնալ և բարոյական վիճակը բավարարում է այնքանով, որքանով կա, իսկ այն, ինչ վատ է, ես գիտեմ, գիտեմ ով ինչ գիտելիքներ ունի: Ոչ 100%-ով իհարկե: Իմ ժամանակի մեծ մասը ծախսվում է փաստաբաններին ընդունելու վրա, չէ՞ որ պալատում չկա այլ մարմին, որի հետ փաստաբանը կիսվի իր պրոբլեմով:
Փաստաբանը մշտապես պետք է աշխատի իր գիտելիքների վրա: Մենք փաստաբաններին նախազգուշացնում ենք՝ ժամանակն է աշխատել ձեր գիտելիքների վրա, անհրաժեշտ է, որ ծանոթ լինեք դատաիրավական բոլոր բարեփոխումներին: Սպասվող դատաիրավական փոփոխությունները բավականին տարբերակելու են առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության սահմանները: Առաջին ատյանում դրական արդյունքի չհասաք՝ վերաքննիչում իրավունք չեք ունենա ներկայացնել ձեր փաստարկները, վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայելու է առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը, առաջվա նման գործի փաստական հանգամանքները չի հետազոտելու, ապացույցները չի հետազոտելու: Վճռաբեկ դատարանում էլ բողոքը կընդունվի կամ չի ընդունվի՝ դա էլ հարց է: Եվ այստեղ կարող է պարզ դառնալ, որ փաստաբանի մեղքով է սխալը եղել, վստահորդը կբարձրաձայնի դա: Մեկ, երկու այդպիսի դեպք, և այդ փաստաբանի մոտ մարդիկ չեն գնա:

 

– Եվ վերջին հարցը. ՀՀ Դատական դեպարտամենտի որոշմամբ դատարանների շենքերում իրենց գործունեությունը ծավալող փաստաբանները դուրս են հրավիրվում դատարանների տարածքներից: Խնդրում եմ այս կապակցությամբ հայտնել Ձեր դիրքորոշումը:

 

– Ես կողմնակից չեմ, որ փաստաբանները տարածք ունենան դատարանների շենքերում: Կողմնակից չեմ մի պարզ պատճառով: Փաստաբանը, մոտիկ լինելով կամ դատարանի շենքին, կամ լինելով այդ շենքում, կամա թե ակամա անընդհատ շփվում է դատավորի հետ: Ակնկալիքներ է ունենում նրանից, որպեսզի ունենա վստահորդներ: Եվ եթե դատավորն է նրան գործ տալիս, ապա այստեղ արդարադատության մասին խոսք լինել չի կարող: Փաստաբանը չի կարող այն օբյեկտիվությամբ, սկզբունքայնությամբ, հետևողականությամբ զբաղվել գործով, որն իրեն տվել է դատավորը, քննիչը, դատախազը: Կաշկանդվածություն է առաջանում, մտածում է՝ եթե ես այստեղ ակտիվ լինեմ, վաղը դատարանի նախագահը ինձ կարող է դուրս հանել շենքից: Այդ պատճառով իր գործողությունները փորձում է այնպես չափավորել, որ չհայտնվի փողոցում: Այս տեսակետից փաստաբանը դավաճանում է իր սկզբունքներին: Բացի այդ՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ եթե դու փաստաբան ես, դու պետք է ունենաս գրասենյակ, չէ՞ որ դու ձեռներեց ես, գումար ես վաստակում, ինչո՞ւ քեզ պետք է պետությունը տարածքներ տրամադրի: Գտնում եմ, որ շատ ճիշտ որոշում էր, որ փաստաբանները դուրս գան դատարանների շենքերից: Սակայն այստեղ մի խնդիր էլ կա: Տարիներ շարունակ փաստաբանները գտնվել են հետին պլանում և արդարադատության իրականացման գործընթացում որևէ դեր չեն ունեցել: Բայց ժամանակները փոխվեցին. այսօր մենք ասում ենք, որ փաստաբանը դատավարության լիարժեք մասնակից է, ունի հավասար իրավունքներ մյուս մասնակիցների հետ: Պետությունը բոլոր հնարավորությունները ստեղծել է և շարունակում է տրամադրել դատարանին, քննիչին, դատախազությանը, նրանք ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ես կարծում եմ, որ պետությունը ինչ-որ տեղ պետք է աջակցություն ցույց տար փաստաբաններին, որպեսզի փաստաբանությունը ոտքի կանգներ և դառնար լիիրավ դատավարության մասնակից: Այստեղ, կարծում եմ, կարևոր դեր պետք է ունենար նաև ՀՀ Նախագահը, որը ի պաշտոնե դատական իշխանության երաշխավորն է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել ձեր պարբերականի ընթերցողներին: Պարբերականը ինձ շատ է դուր եկել, անգամ վերջին էջում գտել եմ մի բան, որ վրիպել էր պալատի խորհրդի ուշադրությունից, և, շնորհիվ ձեզ, ուղղում մտցրեցինք ընդունված փաստաթղթերից մեկում: Ողջունում եմ իրավաբանական լրատուն, նրա ստեղծողներին, կազմակերպիչներին: Ուզում եմ շնորհավորել ինչպես Ձեր կոլեկտիվի, այնպես էլ բոլոր փաստաբանների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանալ, որպեսզի իրականանան պալատի ռազմավարական պլանում նախատեսված կետերը՝ այն ժամանակացույցին համապատասխան, որը կներկայացնենք հանրությանը երկող տարվա սկզբին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել