Նորություններ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԱ թղթակից-անդամ Գագիկ Ղազինյան

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՆՈՂ ՉԵՆ

 

– Պարոն Ղազինյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայումս իրավաբանական կրթության վիճակը մեր երկրում: Եվ, ըստ Ձեզ, արդյո՞ք այսօր Հայաստանի իրավաբանական կրթական համակարգը ի վիճակի է պատրաստել մասնագիտական և հոգևոր բարձր կարողությունների և հատկանիշների տեր իրավաբան մասնագետներ, որոնք կարող են իրական և անշրջելի բարեփոխումներ իրականացնել երկրի իրավական համակարգում:

 

– Այսօր մեր հասարակության մեջ նկատվում է իրավաբանի մասնագիտության սոցիալական նշանակության լուրջ վերագնահատում. այն ներկայումս ամենամեծ պահանջ ունեցող մասնագիտություններից մեկն է: Սակայն, կարծում ենք, այս փաստը մեզանում լուրջ և հիմնավոր կերպով չի գնահատվում ու չի վերլուծվում: Փաստորեն՝ իրավական ոլորտի բարեփոխմանն ուղղված միջոցառումները սահմանափակվում են բացառապես օրենսդրության և իրավաբանական պրակտիկայի վերակառուցմամբ: Պատշաճ ուշադրության չի արժանացել այն հանգամանքը, որ այս ոլորտի բարեփոխումների արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրապետությունում իրավաբանական կրթության որակից, իրավաբան կադրերի մասնագիտական պատրաստավածության մակարդակից:

Բարձրորակ իրավաբան կադրերի նկատմամբ աճող պահանջարկը խթանեց բազմաթիվ մասնավոր իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, որոնց մեծ մասը, պետք է խոստովանել, որպես առաջնային նպատակ դիտում էին շահույթ ստանալը, այլ ոչ թե կրթությունը: Ցավով եմ նշում, որ առանց նվազագույն պայմանների ապահովման իրավաբաններ պատրաստելու գործին ձեռնամուխ են եղել նաև տնտեսական, գյուղատնտեսական, տեխնիկական պրոֆիլի բարձրագույն ուսումնական հաստատությունները: Նման ուսումնական հաստատություններում չկա անհրաժեշտ ուսումնամեթոդական բազա, բացակայում են որակյալ դասախոսական կադրեր, ինչն էլ լուրջ կասկածների տեղիք է տալիս այնտեղ պատրաստվող իրավաբանների մասնագիտական մակարդակի վերաբերյալ: Եթե սրան էլ ավելացնենք մասնավոր իրավաբանական բուհերի հավատարմագրման գործընթացի թերությունները, ապա պարզ է դառնում, որ նման պարագայում իրավաբանական կրթության վարկաբեկման, ինչպես նաև իրավաբանի մասնագիտության արժեզրկման լուրջ վտանգ է ստեղծվում, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ պետական ապարատի բնականոն գործունեության վրա: Այս առումով անհրաժեշտ են նոր մոտեցումներ իրավաբանական կրթության բնագավառում, որոնք պետք է կրեն համակարգված և հետևողական բնույթ և վերջին հաշվով միտված լինեն իրավաբանական կրթության նոր ձևերի և մեթոդների մշակմանը, իրավաբանական կրթության բնույթի ու բովանդակության կատարելագործման հիման վրա որակյալ իրավաբան կադրերի պատրաստմանը, իրավաբանական կրթության ու գիտության կողմնորոշմանը դեպի սոցիալական զարգացման պահանջները: Վերջին հաշվով հենց այս կարևոր խնդիրների լուծմանն է ուղղված մեր ամենօրյա աշխատանքը:

Այս խնդրի լուծման գործում չափազանց կարևոր է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դերը, որը ներկայումս լուրջ վերափոխումների փուլում է գտնվում: Այն առաջնային տեղ է զբաղեցնում մեր հանրապետության համալսարանական կրթության համակարգում և վճռորոշ դեր է խաղում այնպիսի իրավաբան կադրերի պատրաստման գործում, որոնք ի վիճակի կլինեն լուծել նախանշված կարևորագույն խնդիրները:

 

– Կարո՞ղ եք մատնանշել այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս գոյություն ունեն իրավաբանական կրթական համակարգում, մասնավորապես, Ձեր կողմից ղեկավարվող ֆակուլտետում և, ըստ Ձեզ, որո՞նք են դրանց լուծման ճանապարհները:

 

– ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լայն պրոֆիլի իրավաբաններ պատրաստող միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է ՀՀ-ում, որն իր գոյության 70-ից ավելի տարիների ընթացքում տվել է ավելի քան 10 000 շրջանավարտ: Հարկ է փաստել, որ այսօր էլ մեր ֆակուլտետի առջև դրված հիմնական խնդիրը մնացել է անփոփոխ, սակայն փոխվել են դրա իրագործման պայմանները: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող արմատական բարեփոխումների իրավական ապահովման անհրաժեշտությունը պայմանավորեց իրավաբանական կրթության վերակառուցումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող իրավաբանական դպրոցի ստեղծման հրատապությունը: Անցումը ուսուցման եռաստիճան համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա), իր հերթին, պահանջում էր նոր մոտեցումներ իրավաբանական կրթության բնագավառում:

Մեր ֆակուլտետում վերջին տասնամյակում իրականացվել և այսօր էլ իրականացվում են իրավաբանական կրթության արմատական վերափոխմանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական գործընթացի կատարելագործման, պրոֆեսորադասախոսական նոր կադրերի պատրաստման և վերապատրաստման, իրավաբանական ֆակուլտետի՝ որպես գիտական կենտրոնի զարգացման, ինչպես նաև արտերկրի բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ փոխշահավետ համա-գործակցության ընդլայնման ոլորտի խնդիրների լուծմանը: Որպես օրինակ կարող եմ վկայակոչել «Աջակցություն եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ու Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնի ստեղծմանը ԵՊՀ-ում և աջակցություն գործընկերության և համագործակցության ծրագրին» և «Աջակցություն բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտի կայուն բարեփոխումներին» երկարաժամկետ ու ծավալուն ծրագրերը, որոնք, ըստ ամենայնի, նպաստում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ինտեգրմանը եվրոպական իրավաբանական կրթական համակարգին:

Չնայած զգալի դրական տեղաշարժերին, որոնք արձանագրվել են այս ոլորտներում՝ ներկայումս ֆակուլտետում շարունակվում են աշխատանքները ուսումնական պլանի անընդհատ նորացման և այն հասարակական կյանքի պահանջներին հարմարացնելու, նոր ուսումնամեթոդական գրականություն մշակելու, նոր գիտամանկավարժական կադրեր պատրաստելու ու վերապատրաստելու, ինչպես նաև արտերկրի իրավաբանական դպրոցների հետ կայուն համագործակցություն հաստատելու ուղղությամբ:

Կարծում եմ, սրանք այն խնդիրներն են, որոնք կանգնած են ցանկացած ժամանակակից իրավաբանական դպրոցի առջև և որոնց արդյունավետ լուծումից է կախված դրանց վերջնական կայացումը: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, մեր համոզմամբ, մեծապես կախված է հիմնական նպատակային խմբի, այսինքն՝ ուսանողների ընտրության մեխանիզմի կատարելությունից: Սակայն մեզանից և ոչ մեկի համար գաղտնիք չէ ուսանողների տարեցտարի արձանագրվող թվաքանակի աճը և, միաժամանակ, որակի անկումը, ինչը գլխավորապես պայմանավորված է ընդունելության գործող կարգով:

 

– Ըստ Ձեզ, այսօր Հայաստանի իրավաբանական կրթական համակարգը որքանո՞վ է ինտեգրացված միջազգային իրավաբանական կրթական համակարգում, որո՞նք են զարգացման միտումները: Եվ այս առումով ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն իրավաբան ուսանողների համար արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու և արտասահմանյան հայտնի իրավաբանական դպրոցներից, թեկուզև կարճ ժակետներով, իրավաբան դասախոսներ ներգրավելու ուղղությամբ:

 

– Ներկայումս հնարավոր չէ գտնել որևէ բարձրագույն կրթական հաստատություն, որը կարող է գոյություն ունենալ միջազգային կրթական համակարգից դուրս, առանց այլ նմանատիպ հաստատությունների հետ կապ պաշտպանելու: Այս առումով բացառություն չեն կազմում նաև իրավաբանական բուհերը: Միջազգային իրավաբանական կրթական համակարգին մեր հանրապետության իրավաբանական կրթական համակարգի արդյունավետ ինտեգրումը դրա առաջադիմական զարգացման գրավականն է: Գիտակցելով այս գործոնի կարևորությունը՝ ֆակուլտետում քայլեր են ձեռնարկվել արտերկրի համալսարանների և իրավաբանական դպրոցների հետ կայուն կապեր հաստատելու ուղղությամբ: Արդյունքում ԱՊՀ մի շարք հանրապետությունների, ԱՄՆ և եվրոպական առանձին երկրների իրավաբանական բուհերի հետ ստեղծվել է գործընկերային ցանց, որը ծառայում է մեր երիտասարդ դասախոսների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտական համատեղ հետազոտությունների, զանազան ծրագրերի իրականացման գործին:

Ասվածին ավելացնենք նաև, որ բոլորովին վերջերս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը դարձավ Իրավաբանական ֆակուլտետների եվրոպական ընկերակցության (ELFA) լիիրավ անդամ: Այս հեղինակավոր կազմակերպությունը ներկայումս ունի մոտ 160 անդամ, որոնց թվում են ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների տարբեր համալսարանների իրավաբանական ֆակուլտետներ: Այսօր Ընկերակցության գործունեության կարևորագույն ուղղությունը բարձրագույն իրավաբանական կրթության բարեփոխումներն են Եվրոպայում:

 

– Ինչպե՞ս կգնահատեք ոչ ֆորմալ կրթության ձևերի (օր.՝ Ֆ. Ջեսափի անվան դատախաղ մրցույթի, իրավաբան ուսանողների մասնագիտական զանազան գիտաժողովների, մրցույթների) դերը իրավագիտության զարգացման գործում: Որքանո՞վ են Հայաստանում զարգացած ոչ ֆորմալ կրթության ձևերը, և ի՞նչ դեր ունի այս ոլորտում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

 

– Միանշանակ՝ դրական: Կարող եմ ասել, որ կրթության այս ձևերը հնարավորինս ներմուծված են մեր ֆակուլտետի դասավանդման գործընթացի մեջ՝ հաշվի առնելով դրանց՝ որպես գիտելիքի յուրացման արդյունավետ եղանակի կարևորությունը: Մենք ըստ ամենայնի խրախուսում, իսկ հնարավորության դեպքում նաև ֆինանանսական և այլ անհրաժեշտ աջակցության միջոցով մեր ուսանողներին հնարավորություն ենք ընձեռում մասնակցել ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակով կազմակերպվող միջոցառումներին: Բացի այդ՝ արդեն ավանդույթ է դարձել մեր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական գիտաժողով-մրցույթը, որին մասնակցելու հրավեր են ստանում բոլոր մյուս պետական և ոչ պետական իրավաբանական բուհերը: Սակայն, որպես կանոն, գիտաժողովին մեր ֆակուլտետի ուսանողների հետ միասին մասնակցում են ևս 4-5 բուհերի ներկայացուցիչներ, որոնք, ափսոսանքով եմ արձանագրում, չնչին բացառությամբ մեր ուսանողների համար լուրջ մրցակիցներ չեն:

 

– Այսօր Հայաստանում իրավաբանական կրթական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար արդյո՞ք հրատարակվում է բավարար չափով հայերեն լեզվով իրավաբանական գրականություն, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքով իրավիճակը այս բնագավառում:

 

– Այսօր արդեն կարող ենք դրական պատասխան տալ նաև այս հարցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով վերջին 6-7 տարիների ընթացքում պատրաստվել և լույս են տեսել իրավունքի բոլոր հիմնական ճյուղերի գծով հայերեն լեզվով դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, որոնք ժամանակի ընթացքում նաև մի քանի անգամ վերահրատարակվել են: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև գործնական պարապմունքների համար ուսումնաօժանդակ գրականություն ստեղծելու (խնդրագրքեր, պրակտիկումներ, քրեստոմատիաներ և այլն) ուղղությամբ: Ի դեպ, կան նաև առաջին արդյունքները:

 

– Եվ վերջին հարցը. ինչպե՞ս կգնահատեք ներկայումս ՀՀ դատաիրավական համակարգի վիճակը, և ի՞նչ ներդրում ունի և/կամ ի՞նչ կարող է անել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը դատաիրավական համակարգի կատարելագործման գործում:

 

– Գտնում եմ, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքները գոհացնող չեն: Կարծում եմ, որ ի սկզբանե իրատեսական չէր այդ բարեփոխումների իրագործման համար նախատեսված եռամյա ժամկետը: Իրականում դա անընդհատ ընթացող, մշտապես իրականացվող գործընթաց է: Ներկա պահին կարելի է խոսել միայն դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի ավարտի մասին, որի արդյունքը եղավ այդ բարեփոխումների հիմքը հանդիսացող հիմնական օրենսդրական ակտերի ընդունումը (քաղաքացիական, քրեադատավարական, քաղաքացիադատավարական, դատարանակազմական) և նոր դատական համակարգի ձևավորումը:

Դատաիրավական բարեփոխումների ներկա փուլը, որը սկիզբ առավ սահմանադրական փոփոխություններից հետո, ուղղված է գործող օրենսդրության կատարելագործմանը և նոր օրենսդրության մշակմանը, անկախ դատական իշխանության հիմքերի ամրապնդմանը՝ հասարակության սասանված վստահության վերականգման միջոցով: Այս ամենը նվաճելու համար հարկավոր է երկարատև, լուրջ, հետևողական աշխատանք: Այս գործընթացից անմասն չէ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որի մասնագետներն ակտիվորեն աշխատում են դատաիրավական բարեփոխումների հիմքը կազմող տարբեր օրենսդրական ակտերի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբերում: Բացի դրանից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներն իրականացնում են ՀՀ օրենքների նախագծերի մասնագիտական փորձաքննություն:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել