Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Արամ Մուղալյանի խոսքով իրեն պահում են անտանելի պայմաններում, ծանր հանցանք կատարած անձանց հետ նույն խցում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի և նրա երկու ընկերների` Գագիկ Առաքելյանի և Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրեց:

Ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանին գրավով ազատ արձակելու համար նրա պաշտպան Մկրտիչ Դավթյանը դատարանին ներկայացրեց հիմնավորում և Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանի և Լևոն Մարտիրոսյանի երաշխավորագրերը:

Ամբաստանյալ Գագիկ Առաքելյանի համար պաշտպան Դավթյանը ևս միջնորդեց գրավով ազատ արձակել: Իսկ ամբաստանյալ Արամ Մուղալյանի գրավով ազատելու համար նրա պաշտպան Անդրանիկ Հակոբյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն և ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ԵՊՀ դասախոս Խաչիկ Գևորգյանի և Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի երաշխավորագրերը:

Արամ Մուղալյանը դատարանին խնդրեց փոխել իր խափանման միջոց ընտրված կալանավորումը: Վերջինս հայտնեց, որ իրենք դեռ դատական նիստերի ժամանակ կապացուցեն իրենց առաջադրված ապօրինի մեղադրանքի ապօրինի լինելը:
«Սակայն, որ մեր ապօրինի կալանքը չշարունակվի, ես Ձեզ խնդրում եմ կիրառել երաշխավորությամբ ազատ արձակելը: Մեղադրող կողմը համոզիչ փաստարկներ չի ներկայարցել, թե ինչու է մեր կալանավորումն անհրաժեշտ»,- ասաց Արամ Մուղալյանը:

Նա նշեց , որ գործով ամբաստանյալ Արթուր Քլյանը, ով գրավով ազատ է արձակվել, պարզ օրինակ է` չի խուսափում դատական նիստերից և չի խոչընդոտում դրանց իրականացմանը: Արամ Մուղալյանը խոստացավ, որ ինքը ևս պարտաճանաչ կներկայանա դատական նիստերին:

«Ուզում եմ մի բան հասկանալ. պարտադի՞ր է, որ մարդը ծանր առողջական խնդիր ձեռք բերի կամ հոգեկան ծանր սթրես տանի, որ նոր դատարանը նրան գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակի: Այլ ելք չունենալով և այլևս անհնարին համարելով անտանելի պայմաններում մնալն ապօրինի կալանքի տակ կեղծ մեղադրանքներով, ես հայտարարել էի անժամկետ հացադուլ և այսօր 9-րդ օրն է գտնվում եմ հացադուլի մեջ: Հացադուլս ունի մեկ պահանջ, որ ինձ գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակեն և արդար դատավարություն իրականացնեն:… Չեմ կարծում, որ ես այնքան վտանգավոր եմ հասարակության համար, որ կարիք կա ինձ պահելու քրեակատարողական հիմնարկում խիստ մեկուցամամբ և անտանելի պայմաններում, ծանր հանցանք կատարած անձանց հետ նույն խցի մեջ: Այս պայմաններում ՔԿՀ ոչ թե ուղղում է մարդուն, այլ ունենում է հակառակ ներգործությունը նրա վրա»,- դատարանին ասաց Արամ Մուղալյանը:

Դատախազ Անդրանիկ Սահակյանը հիմնավորված համարեց երիտասարդների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և դատարանին խնդրեց մերժել միջնորդությունները:

Դատավոր Վահե Խալաթյանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի վաղը` ժամը 9:30-ին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել