Նորություններ

«Ես ծրագիր ունեմ, նրանք` չունեն». Տիգրան Աթանեսյանը` մրցակիցների մասին

Հայաստանի փաստաբանները սեպտեմբերի 14-ին ընտրելու են Փաստաբանների պալատի թվով 3-րդ նախագահին: Այդ պաշտոնի համար առաջադրվել են 4 թեկնածուներ` փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը:

Իրավաբան.net-ը Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներին ներկայացնելու համար ընտրել է հարցազրույց- հարցաթերթիկի ժանրը: Բոլոր թեկնածուները պատասխանել են նույն հարցերին` տեղյալ չլինելով մրցակցի պատասխանից: Այս ժանրի ընտրության նպատակը նույն հարցերի վերաբերյալ 4 թեկնածուների կարծիքն նրանց ընտրողներին ներկայացնելն ու անկողմնակալ լուսաբանումն ապահովվելն է:

Իրավաբան.net-ը հարցազրույցները կհրապարակի թեկնածուների ազգանվան տառերի հաջորդականությամբ: Առաջինը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Աթանեսյանն է:

 

 

Անձնական թերթիկ

Ծնվել է 1975 թվականի օգոստոսի 19-ի Երևանում

1992 թվականին ավարտել է Երևանի Ֆ.Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը

1992 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1997 թվականին:

1997-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999-2000 թվականներին ծառայել է ՀՀ ՆԳՆ-ում` որպես քննիչ

2000-2002 թվականներին աշխատել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ում` որպես իրավախորհրդատու

2001 թվականի մարտի 15-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր` անդամակցելով Հայ փաստաբանների միջազգային միությանը

2002-2003 թվականներին աշխատել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» աուդիտորական ընկերության ավագ իրավախորհրդատու

2003-2006 թվականներին` «Օմզար» ՍՊԸ տնօրեն, որը եղել է ռուսական ՕՄԶ-Ուրալմաշ/Իժորա խմբի դուստր ընկերությունը

2006-2007 թթ.` «Մետալլոն-Արմենիա» հարավաֆրիկյան ընկերության գլխավոր տնօրեն

2008 թվականից աշխատում է իր փաստաբանական գրասենյակում
Ամուսնացած է, ունի 3 երեխա` երկու որդի և մեկ դուստր

 

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Որոշեցի առաջադրվել, որպեսզի պալատը չդառնա մի խումբ անձանց գրասենյակ, չիրականացվի «ժառանգ» օպերացիան, որովհետև ակնհայտ էր, թե ինչ թեկնածուներ են և ինչ նպատակով: Որոշումը կայացրել եմ, երևի, առաջադրումից մեկ-երկու օր առաջ:

– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի հիմնական թեզերը:
-Իմ հիմնական թեզերն իմ մրցակիցները կրկնում են. պլագիտով են զբաղված, մասնավորապես` պարոն Զոհրաբյանը: Ես մի բան մի տեղ, մի հանդիպման ժամանակ ասում եմ, մյուս օրը նա ներկայացնում է որպես իր ծրագիր: Իմ բուկլետները շատ ավելի վաղ են տարածվել, իսկ իր հարցազրույցներում, չգիտեմ ինչու, իմ բուկլետն է փաստորեն մեջբերում: Այսինքն` «ժառանգ» օպերացիան եղել է, ոչ մի ծրագիր, ոչ մի նախապատրաստություն էլ չի եղել: Այս ամեն ինչը` ասուլիսները, ծրագիր գրելը, սկսեց այն բանից, երբ որ ես առաջադրվեցի: Ոչ թե իմ անձն եմ գերագնահատում, այլ որ տեսան, որ կան մարդիկ, որ համաձայն չեն իրենց պլանների հետ:

Իմ նախընտրական ծրագրի հիմնական թեզերն են` փաստաբանների պաշտպանություն` այսինքն` պալատի զորակցում փաստաբանին խնդիր ունենալու դեպքում: Խոսքը գնում է ոչ է կոնկրետ գործով ինչ-որ մի բան ապացուցելուն, այլ երբ որ խախտվել են փաստաբանի իրավունքները: Երիտասարդ փաստաբանների օգնություն գործունեություն ծավալելու հարցում, ֆինանսական աուդիտ և թափանցիկություն և միջազգային համագործակցություն, որն իսպառ բացակայում է:

– Ինչո՞վ է Ձեր նախընտրական ծրագիրը տարբերվում պալատ նախագահի մյուս թեկնածուների ծրագրերից:
-Ես ծրագիր ունեմ, նրանք` չունեն:

– Ինչպե՞ս եք սկսել և անցկացնելու նախընտրական քարոզարշավը:
-Բոլոր փաստաբաններին ուղարկել եմ իմ բուկլետները, որտեղ կան իմ ծրագրի հիմնական թեզերը, անելիքները, կենսագրությունը, տեսահոլովակ եմ նկարահանել: Մարզային հանդիպումներ եմ ունեցել և կշարունակեմ դրանք: Այնուհետև կլինեն մամուլի ասուլիսներ, Երևանում հանդիպում փաստաբանների հետ:

-Հետևո՞ւմ եք մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավին:
-Նրանք կրկնում են իմ քայլերը: Նրանք քարոզարշավ չէին անելու:

-Առաջիկայում կայանալիք ընտրություններին ո՞ւմ եք տեսնում Ձեզ համար լուրջ մրցակից:
-Ես չեմ անձնավորել ընտրությունները, ես իմ անձը չեմ գովազդում, PR-ի կարիք չունեմ: Ես կայացած ու ճանաչված փաստաբան եմ: Այսինքն` զուտ իմ աշխատանքի համար սա պետք չէր: Ես ունեմ գաղափարներ` ինչպիսին պետք է լինի պալատը: Իմ մրցակիցը, «Ֆեյսբուք»-ով փնովող իր թիմակիցները և մնացած բոլորը ևս պալատի անդամ են և պալատը նաև իրենցն է. բոլոր փաստաբաններն էլ պետք է մասնակցեն պալատի և՛ կառավարմանը, և՛ գործերին տեղյակ լինեն:

– Ամենակարևոր հարցը` ինչո՞ւ պետք է փաստաբանները հենց Ձեզ ընտրեն:
-Որովհետև ես իրենց առաջարկում եմ պալատ, որը կլինի իրենցից յուրաքանչյուրինը:

– Որո՞ նք են պալատի առաջ ծառացած ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք ընտրվելու դեպքում պետք է լուծեք:
-Ամենառաջինը ֆինանսական ստուգումներն են լինելու, որովհետև, իմ կարծիքով, այս ամբողջ օպերացիան ֆինանսական ինչ-որ մեքենայություններ թաքցնելու համար է:

Պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, պետք է հասկանալ ինչ միջոցներ ունի պալատը, ուր կարող է գնալ պալատը, ինչ ծրագրեր կարող է այդ միջոցներով իրականացնել, ինչ միջոցներ են պետք: Աշխատանքը, պլանները, ծրագրերը պետք է լինեն թափանցիկ, նախապես քննարկվող: Պետք է մշակվի ծրագիր երիտասարդ փաստաբանների օգնելու, այլ ոչ թե տան արտոնագիր և թողնեն օվկիանոսում ոնց ուզեն լողան: Մարզերում լուրջ խնդիրներ ունեն փաստաբանները: Մարզում ունեցած իմ հանդիպումը ինձ վրա լավ և վատ տպավորություն թողեց. հանդիպմանը եկած մեկ-երկու փաստաբաններ խնդրեցին, որպեսզի տեսահոլովակից հանեմ իրենց դեմքերը, որ հանկարծ չնկատեն: Կային փաստաբաններ, որ, լսելով իմ անունը, կտրականապես հրաժարվել էին հանդիպման գալուց:

Ես ավելին գիտեմ` քննչական մարմիններին հանձնարարված է հավաքել փաստաբանների ցուցակներ, որոնք քվեարկելու են Արա Զոհրաբյանի օգտին: Այսինքն` ես չեմ հասկանում, սա ազատ մարդկանց ընտրություններ են, թե՞, շատ կներեք, նմանվում են համապետական ընտրություններին: Եթե ինձ հիմա մեղադրում են սև տեխնոլոգիաներ օգտագործելու մեջ, ապա ասեմ, որ սա սև չէ, այլ պարզ, թիրախային քննադատություն է: Ես նույնիսկ տեղեկություն ունեմ, թեև չի հաստատվել դեռ, որ ստորագրություններ են հավաքում փաստաբաններից, մասնավորապես` հանրային պաշտպանի գրասենյակից, որովհետև այդ մարդիկ կախված են պալատի ղեկավարությունից, կարող են աշխատանքից հանել: Այսինքն` աշխատանքի են դրել կեղտոտ ընտրությունների ողջ մեքենան, ինչքանով դա հնարավոր է:

– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու փաստաբանների դերը բարձրացնելու համար:
-Յուրաքանչյուր փաստաբան ինքն իր գործով կատարում է իր դերը և պետք է ազնիվ վերաբերի իր աշխատանքին, հարգի իր կոչումը, հարգի իր վստահորդին և չդավաճանի իր վստահորդին: Այստեղ երևի թե խոսքը գնա ավելի շատ ներքին կարգապահության մասին, որը, իմ կարծիքով, բարձր մակարդակի վրա չէ: Դա նպատակ ունի, թե ինչու են միշտ մեղմ վերաբերում, որովհետև հետևյալ վիճակն է. փաստաբանն ուրախ է իր գրասենյակում, պալատը ոչ մի ձև իրեն չի խանգարում և ինչ մեքենայություն պատահի, կարող է անել, իհարկե, դա մի փոքր խումբ փաստաբանների մասին է, որովհետև ես միևնույնն է հավատում եմ, որ փաստաբանների մեծ մասը շատ ազնիվ և շատ պարկեշտ են վերաբերում իրենց աշխատանքին:

Փաստաբանության զարգացմանը շատ հանգամանքներ են խոչընդոտում. բացի փաստաբանական ինստիտուտի ներսում առկա խնդիրներից, երկրի ընդհանուր վիճակը: Մենք ունենք կոռումպացված դատական համակարգ, որի պայմաններում չի կարող զարգանալ փաստաբանական ինստիտուտը հասնել ցանկալի մակարդակի: Պարզ ասեմ` եթե մի երկրում դատավորներն փաստաբաններից հարուստ են, այդ երկիրը խնդիր ունի. հակառակը պետք է լինի:

Պալատը պետք է արձագանքի երկրի կարևոր իրադարձություններին, իհարկե, ոչ առօրյա քաղաքական, բայց ինչ վերաբերում է դատաիրավական ոլորտին կամ առհարսարակ իրավապահ ոլորտին, ապա իր լուրջ, մտածված կարծիքը պետք է միշտ հայտնի:

Ես ավելին ասեմ` երբ որ անցյալ տարի գործադուլ էին անում փաստաբանները, փաստաբանների փոքր խմբով եկան ակցիայի Վճռաբեկ դատարանի մոտ: Վճռաբեկ դատարանի դատավորները ներսից նայում էին: Փաստաբանների մեծ մասը գնաց մի կողմ, որ իրենց չտեսնեին, մնացել էինք ես և Ռուբեն Սահակյանը, այսինքն` այն, ինչ վերաբերում է փաստաբանների հիմնական խնդիրների լուծմանը, դրանց միշտ մասնակցել եմ: Մենք քրեական օրենսգրքում ունեինք 334-րդ հոդված, որը հենց փաստաբանների դեմ էր: Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը դա հակասահմանադրական ճանաչեց: Այդ դիմումը ես եմ գրել, ես եմ տարել տվել Մարդու իրավունքների պաշտպանին: Թեպետ ես սովորական, շարքային փաստաբան եմ, բայց իմ մասնակցությունը հաճախ կարևոր հարցերի լուծմանն ավելի մեծ է եղել, քան Փաստաբանների պալատի նախագահինը և նրա տեղակալինը, որը հիմա թեկնածու է և ուզում է նախագահ դառնալ, որոնք իրենց անձնական շահն ունեն այս ամեն ինչի մեջ:

– Չընտրվելու դեպքում պատրա՞ստ եք շնորհավորել հաղթող թեկնածուին, իսկ ընտրվելու դեպքում` համագործակցել մյուս թեկնածուների հետ և օգտագործել նրանց պոտենցիալը:
– Եթե քվեարկությունն անցնի արդար, փաստաբանները կատարեն իրենց ընտրությունը, ապա ընտրված թեկածուին ես առաջինը կշնորհավորեմ: Հակառակ պարագայում, եթե ես ընտրվեմ` միանշանակ, կաշխատեմ:

– Հաջողություն ենք մաղթում Ձեզ:
-Շնորհակալություն:

 

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ի և կավարտվի սեպտեմբերի 13-ին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն`Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել