Նորություններ

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց

2009 թ. դեկտեմբերի 25- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու պարտավորեցնելու պահանջի մասին դիմումը:
Կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն քննիչի կողմից անօրինական գործողությունների,մասնավորապես` քաղաքացու բնակարանում առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելու համար: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն,  անձի բնակարանում խուզարկելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:

Ներկայացված հաղորդման հիման վրա, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատախազությունը պարտավոր էր կայացնել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:Հակառակ դրան, դատախազությունը կազմակերպությանն է ներկայացրել ոչ թե որոշում, այլ բացատրություն`քննիչի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ:

Փաստորեն, կազմակերպությունը այդպես էլ տեղեկատվություն չստացավ դատախազության կողմից քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ:

Նիստի ժամանակ դատախազության ներկայացուցիչ, դատախազ Ստեփանյանը դատախազության այս գործողությունը բացատրում է նրանով, որ օրենքով Լոռու մարզի դատախազությունը համապատասխան իրավասություն չունի: Ըստ Ստեփանյանի` քննիչների թույլ տված անօրինական գործողությունների քննության և դրա հիման վրա համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է Հատուկ քննչական ծառայությունը:

Դատախազ Ստեփանյանը հաշվի չի առնում օրենքի այն դրույթը, որ դատախազը նման դեպքում ևս պարտավորվում է որոշում կայացնել գործը ըստ ենթակայության հանձնելու վերաբերյալ և այդ որոշման պատճենը հանձնելու հաղորդումը ներկայացրած անձին:

Փաստորեն, օրենքը բոլոր դեպքերի համար էլ դատախազությանը պարտավորեցնում է որոշում կայացնել:

Այս հանգամանքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Հովակիմյան/  հաշվի չառավ և այդպես էլ դատախազությանը չպարտավորեցրեց: Այս դիրքորոշումը պատճառաբանվեց քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով` իբր կազմակերպությունը պարտավոր էր Լոռու մարզի դատախազության գործողությունները բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ապա մերժումից հետո միայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2009 թ. դեկտեմբերի 7-ից ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմամբ 290 հոդվածի հենց այդ հատվածը”…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից” ճանաչվել է հակասահմանադրական, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չկիրառեց այդ որոշումը և մերժեց: Սահմանադրական դատարանը գտել է, որ նման դրույթը սահմանափակում է մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այդ պահանջը չկատարեց:

 ՇՊԱԿ-ը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը պարտավորեցնելով Լոռու մարզի դատախազին քննիչի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին ՇՊԱԿ-ի կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ կայացնել որոշում և որոշման օրինակը տրամադրել ՇՊԱԿ-ին:

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել