ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյան

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

 

-Պարոն Օսիկյան, որո՞նք են ներկայումս ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության առջև ծառացած իրավական բնույթի հիմնական խնդիրները, և արդյո՞ք հարկային պետական ծառայությունն ունի բարեփոխումների կարիք:

 

-Նախ նշեմ, որ Հարկային պետական ծառայությունում վերջին տարիներին ընթացել են լուրջ բարեփոխումներ, ինչը տրամաբանական շարունակությունն էր և նաև արդյունքը ՀՀ-ում իրականացվող պետական կառավարման համակարգի բարեփոխումների: Արդեն ավելի քան չորս տարի է ընդունվել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող մոտ երկու տասնյակ ենթաօրենսդրական ակտեր, որոնք հիմնովին բարեփոխել են Հարկային պետական ծառայության համակարգը: Օրենքով նախատեսվել են մի շարք դրույթներ, հարկային ծառայության հիմնարար սկզբունքներ, որոնք ունեն թե կազմակերպչական-իրավական նշանակություն և թե հակակոռուպցիոն նշանակություն: Օրինակ՝ այսօր հարկային ծառայության կարելի է անցնել միմիայն մրցույթի արդյունքներով, ինչը էականորեն նվազեցնում է «անորակ» կադրերի մուտքը պետական համակարգ, կամ օրենքով նախատեսվել է ռոտացիայի սկզբունքը, համաձայն որի՝ հարկային ծառայողները չպետք է երկար ժամանակ աշխատեն միևնույն  պաշտոնին և որոշակի ժամանակի ընթացքում նրանք պետք է փոխադրվեն այլ համարժեք պաշտոնի, ընդունվել են հարկային ծառայողի վարքագծի կանոնները, օրենքով նախատեսվել են նաև մի շարք սահմանափակումներ հարկային ծառայողների համար: Բայց կան դեռևս չլուծված խնդիրներ թե իրավական և թե վարչարարական բնույթի: Օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հարկային պետական ծառայության եռամյա ծրագիրը, որով և փորձ է կատարվելու լուծել ծառայության առջև ծառացած իրավական հիմնախնդիրները: Նշեմ նաև, որ ծրագրի իրականացմանը անմիջականորեն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, և այսօր արդեն կա ընտրված խորհրդատու կազմակերպություն և հաստատված համատեղ գործողությունների ծրագիր, որտեղ նախատեսված են թե իրավական բնույթի, թե կազմակերպչական և թե հարկային վարչարարության կատարելագորմանն ուղղված միջոցառումներ: Վերջիններիս իրականացման արդյունքում, համոզված եմ, որ էականորն կբարելավվի վիճակը:

 

-Հիմնականում ի՞նչ իրավախախտումներ են կատարվում հարկային իրավահարաբերությունների ոլորոտւմ և որո՞նք են, ըստ Ձեզ, դրանց կատարման պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները:

 

-Հարկային բնույթի իրավախախտումները բազմաբնույթ են, բայց հետևանքը, արդյունքը հիմնականում մեկն է` չեն վճարվում կամ պակաս են վճարվում հարկերը, տուրքերը կամ օրենքով նախատեսված պարտադիր այլ վճարները: Հիմնական իրավախախտումները, որոնք վեր են հանվում հարկ վճարողների մոտ կատարված ստուգումներով, հարկերը սխալ հաշվարկելն է, հարկի վճարումը ուշացնելն է, հաշվապահական հաշվառումը խախտումով վարելն է, հարկվող օբյեկտ թաքցնելը կամ պակաս ցույց տալն է, անապրանք գործարքները` առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթերի տրամադրելը, ինպես նաև առանց պետական գրանցման կամ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելն է: Այս խախտումների արդյունքում ստուգման ակտով առաջադրվում են լրացուցիչ հարկային պարտավորություններ, նշանակվում են տուգանքներ, հաշվարկվում են տույժեր: Բացի այդ՝ նշված խախտումների հետևանքով անձինք կարող են ենթարկվել կամ վարչական կամ քրեական պատասխանատվության՝ կախված իրավախախտման բնույթից, պատճառված վնասի աստիճանից: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե որոնք են այդ  իրավախախտումների պատճառները, ապա դա, կարծում եմ, մի դեպքում հարկային օրենսդրության չիմացությունն է, անորակ հաշվապահությունն է, բայց ամենից «վտանգավոր» պատճառը ուղղակի ցանկությունն է հարկեր չվճարել: Նպաստող պատճառները կարող են լինել թե ժամանակին չկանխելը, թե օրենքների որոշ անկատարությունը, ինչին էլ ուղղված են մեր  ամենօրյա ջանքերը, աշխատանքները, ծրագրերը:

 

-Ի՞նչ դեր ունի ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների նախազգուշացման, կանխման, խափանման և բացահայտման գործում: Որքանո՞վ է արդյունավետ Ձեր կողմից ղեկավարվող մարմնի իրականացրած աշխատանքները հարկային օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու գործում:

 

-Պետք է նշեմ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության գործառույթները նախատեսված են «Հարկային ծառայության մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներով: Եվ հիմնական իրավական «գործիքը», որի օգնությամբ օպերատիվ հետախուզության վարչությունը պայքարում է հարկային իրավախախտումների դեմ, ստուգումներն են: Այդ ստուգումները հիմնականում ուղղված են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, անապրանք  գործարքներ (այսպես ասած թուղթ վաճառողներ) իրականացնողների դեմ, իրականացվում են նաև ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելուն ուղղված ստուգումներ: Արդյունքում, եթե լինում են անհրաժեշտ իրավական հիմքեր, ապա  նախապատրաստվում են նյութեր և ուղարկվում են ՀՊԾ հետաքննության բաժին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հետաքննություն իրականացնելու համար: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ հետաքննության բաժնի կողմից նախապատրաստվող նյութերի հիմնական մասը ուղարկվում են հենց օպերատիվ հետախուզության վարչության կողմից: Կարծում եմ վարչության ամբողջական գործունեության համար կա իրավական դաշտի բաց. դեռևս չի ընդունվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքը, որն էականորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: Սակայն, ինչպես ասում են, սառույցը տեղից շարժվել է, և Ազգային ժողովի կողմից նշված օրենքը արդեն իսկ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

 

 Ինչ վերաբերվում է նշված ստորաբաժանման կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը, ապա ցանկանում եմ նշել, որ դրանք պայմանավորված են թե ստուգումների արդյունավետությամբ` արձանագրված և պետական բյուջե վերականգնված գումարներով, և թե նախապատրաստված և ընթացք տրված նյութերի քանակով, ինչը, կարող եմ ասել, ըստ ամփոփված արդյունքների, գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:

 

-Ինչպե՞ս կգնահատեք հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրության որակը: Արդյո՞ք բավարար է գործող օրենսդրության մակարդակը հարկային հանցագործությունների և զանցանքների դեմ արդյունավետ պայքարելու համար:

 

-Գիտեք ինչ, հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը մշտական կատարելագործման, փոփոխությունների մեջ  է գտնվում: Դա նշանակում է, որ այն հեռու է կատարյալ լինելուց: Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից պետք է նշեմ, որ մոտ մեկ տարի առաջ (2006 թվականի հունիսի 1) փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում (հոդված 205),  որն ըստ էության փորձ  էր լրացնել  օրենսդրական բացը, ինչը չարաշահվում էր անբարեխիղճ հարկատուների կողմից: Այսպես՝ մինչ փոփոխությունները  հարկեր վճարելուց խուսափելը հանցագործություն էր, եթե անձը խեղաթյուրված տվյալներ էր մտցնում հարկային մարմիններ ներկայացվող  հաշվետվությունների, ինպես նաև հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի մեջ: Նոր փոփոխություններով արարքը դառնում է քրեորեն հետապնդելի, եթե անձը հարկերը վճարելուց խուսափում է նաև հաշվետվություններ չներկայացնելու եղանակով: Սակայն, եթե քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նախկին խմբագրության համաձայն արարքը համարվում էր հանցագործություն մեկ միլիոն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարները  չվճարելու համար, ապա, արդեն գործող խմբագրությամբ, չվճարված գումարի չափը բարձրացվել է երկու միլիոն դրամ: Այսինքն՝ եթե չվճարված հարկի գումարը պակաս կլինի երկու միլիոն դրամից, ապա անձը կենթարկվի վարչական պատասխանատվության: Բացի այդ՝ նոր փոփոխությամբ առաջին անգամ հանցանք կատարած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հատուցում է  պետությանը պատճառված վնասը: Տեղեկատվության համար  նշեմ նաև, որ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի, Հարկային մարմինը համարվում է հետաքննության մարմին և քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետաքննություն հարկային հանցագործություններով. դրանք են՝ հարկեր վճարելուց խուսափելը, ապօրինի ձեռնարկատիրությունը, կանխամտածված սնանկությունը, կեղծ սնանկությունը, կեղծ ձեռնարկատիրությունը, ակցիզային դրոշմանիշներ  կեղծելը և այլն: Տեղեկատվության կարգով նշեմ, որ ՀՊԾ հետաքննության բաժնի կողմից 2002 թվականին հարուցվել էր ընդամենը 1 քրեական գործ, բայց արդեն դրան հաջորդող տարիներին հետաքննության բաժինը սկսեց ավելի հաճախ օգտվել իրեն վերապահված իրավասությունից, այսպես` հարուցվել են 2003-ին` 4, 2004-ին` 24, 2005-ին` 37, 2006-ին` 46 քրեական գործեր, իսկ այս տարվա երեք ամիսներին արդեն 12 քրեական գործեր: Դրանց մեջ հիմնականում հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելու և ապօրինի  ձեռնարկատիրության դեպքերն են` մոտ 60% միասին վերցրած:

 Ցանկանում եմ նշել նաև, որ, ներկայումս հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում, Հարկային պետական ծառայությանը վերապահվել են նաև նախաքննության մարմնի գործառույթներ,  և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ ՀՊԾ-ում կստեղծվի նաև Քննչական բաժին, որի քննչական ենթակայությանը վերապահվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հարկային հանցագործությունները: Այս փաստը, կարծում եմ, կնպաստի նաև հարկային հանցագործություններով պետությանը պատճառված վնասի վերականգնման արդյունավետության բարձրացմանը:

 

-Ի՞նչ աշխատանքներ են ներկայումս կատարվում հարկային պետական ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման և հարկատուների հետ քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորման համար:

 

-Նախ, արդեն վերը նշեցի, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն աշխատանքի կարող են ընդունվել միայն  մրցույթի  արդյունքներով,  որի կարգը հաստատվել է կառավարության որոշմամբ, բացի այդ, կան կոնկրետ մասնագիտությունների ցանկ և կոնկրետ չափանիշներ, որոնց առկայության դեպքում միայն կարելի է  մասնակցել մրցույթի: Բացի այդ՝ բոլոր հարկային ծառայողները պարտավոր են առնվազն երեք տարին մեկ անգամ անցնել ատեստավորում, ինչի արդյունքում լինում են պաշտոնի իջեցման, աշխատանքից ազատման դեպքեր: Կարծում եմ՝ ատեստավորման գործընթացը ստիպում է հարկային ծառայողներին, որպեսզի նրանք լինեն ավելի զգոն և մշտապես մտածեն իրենց գիտելիքների մշտական խորացման համար: Վերը նշված ծրագրի շրջանակներում պլանավորվում է հարկային ծառայողների համար ստեղծել հարկային ծառայության ոսումնական կենտրոն` հագեցված թե տեխնիկական և թե պրոֆեսիոնալ դասախոսական կազմով: Այսօր գործում են նաև հարկային ծառայության ծառայողական քննությունների և գանգատարկման հանձնաժողովները, որոնք քննարկում են հարկային ծառայողների կողմից թույլ տրված բացթողումները, խախտումները, հարկային ծառայողի վարքագծի կանոններին ոչ հարիր գործողությունները և  դրանց տրվում են համապատասխան գնահատականներ: Նշված հանձնաժողովներին հրավիրվում են նաև համապատասխան հարկ վճարողները: Մշակվել և ՀՊԾ պետի կողմից հաստատվել է նաև ստուգումների իրականացման ռազմավարությունը, որտեղ տեղ են գտել նաև նոր մոտեցումներ, սկզբունքներ եվրոպական երկրներում իրականացվող ստուգումների որոշակի չափորոշիչներ:

 

-Արդյոք կա՞ն հարցեր, որոնք այս հարցազրույցում չարծարծվեցին, բայց դուք կցանկանաք անդրադառնալ դրանց:

 

-Ես միայն կցանկանայի հավաստիացնել, որ մեր ծառայության գործունեության հիմնական նպատակը բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունն է, նրանց գործերին անտեղի չմիջամտելը, իսկ նրանք, որոնք  անբարեխիղճ հարկատուներ են և չեն կատարում Սահմանադրությամբ նախատեսված իրենց պարտականություները, ապա նրանց նկատմամբ  գործելու ենք օրենքով նախատեսված ամենակոշտ մեթոդներով` ի բարօրություն մեր պետության և հասարակության: Կա՞ն դեռևս բացթողումներ, իհարկե կան, կա՞ն թերացումներ, իհարկե կան, կարևորն այն է, որ դրանք մեզ  համար տեսանելի են և արվելու է ամեն ինչ դրանք շտկելու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել