Քաղաքացու և գյուղապետարանի միջև ծագած խնդիրը հարթվեց

ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն դիմած քաղաքացին գտնվում էր անհուսալի և փոքր-ինչ խաբված վիճակում, և ինչպես պարզվեց, նշվածի պատճառը իր իրավունքների խախտումն էր տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
Քաղաքացին հայտնեց, որ դիմել է գյուղապետարան` բնակության վայրի մասին տեղեկանք ստանալու նպատակով: Սակայն, վերը նշված մարմինը հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ տեղեկանքը, պատճառաբանելով, թե քաղաքացին չի վճարել գույքահարկ: Հայտնվելով նման իրավիճակում` քաղաքացին խոստացել էր կատարել վճարումները՝ դրա համար խնդրելով տրամադրել որոշակի ժամանակ, քանի որ ներկա պահին չուներ համապատասխան գումար: Սակայն, գյուղապետարանը ոչ մի կերպ չի եկել համաձայնության քաղաքացու հետ, և կտրուկ հրաժարվել է նրան տրամադրել անհրաժեշտ փաստաթուղթը: Գյուղապետարանի հետ համաձայնության գալու ապարդյուն փորձերից հետո՝ քաղաքացին դիմել է ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն:
Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինը (տվյալ դեպքում՝ Գյուղապետարանը) անհրաժեշտության դեպքում պետք է քաղաքացուն տրամադրեր փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք: Հակառակ դեպքում ստացվում է մի այնպիսի իրավիճակ, երբ նշված մարմնի աշխատակցի անհիմն մերժման հետևանքով քաղաքացու մոտ առաջ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ներկայումս այդ փաստաթղթի բացակայության պատճառով վերջինս զրկված է օրենքով սահմանված կարգով մտնել քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ: Վայոց Ձոր ՇՊԱԿ-ի իրավաբանները ծանոթանալով գործին, անմիջապես կապ հաստատեցին գյուղապետարանի հետ և օրենքով սահմանված կարգով տալով համապատասխան պարզաբանումներ ծագած խնդրին, տեղական ինքնակառավարման մարմինը քաղաքացուն հենց նույն օրը տրամադրեց անհրաժեշտ փաստաթուղթը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել