Նորություններ

2013 թվականի առաջին կիսամյակի 13 օրինախախտ դատավորները

Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում

2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

2013 թվականի առաջին կիսամյակին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 13 դատավորներ, որոնցից 1-ը հեռացվել է պաշտոնից: Թե ովքե˚ր են այդ դատավորները և ի˚նչ հիմքով են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ներկայացնում ենք ստորև:

suren-baxdasaryanԱրդարադատության խորհուրդը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգտոկոսից զրկելով:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն է ունեցել այն փաստը, որ միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ս.-ն անազատության մեջ է գտնվել 2012թ. մարտի 15-ից, և նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված թույլատրելի ժամկետը լրանում էր 2012թ. սեպտեմբերի 15-ին: Անտեսելով վերը նշված օրենսդրական պահանջը` Դատարանն իր 10.09.2012թ. որոշմամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Ս.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամիս ժակետով` մինչև 15.11.2012թ.: Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 28.09.2012թ. որոշմամբ վերացրել է Դատարանի 10.09.2012թ. որոշումը և Ս. Ս.-ին ազատել կալանքից: Արդյունքում Ս. Ս.-ն կալանքի տակ է գտնվել 6 ամիս 13 օր` թույլատրելի ժամկետից 13 օրով ավելի:

vardan-grigoryanԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում:

Ըստ Խորհրդի` գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/1426/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է 2 տարի: Հրավիրվել են թվով 43 դատական նիստեր:

Թիվ ԵՇԴ/0045/02/09 քաղաքացիական գործի քննությունը տևել է 40 ամիս (3 տարի 4 ամիս), և 18.09.2012թ.-ից այն գտնվում է կասեցված վիճակում: Գործի քննության ընթացքում նշանակվել են 33 դատական նիստեր: Դատարանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, 2 անգամ (30.04.2010թ.-ին և 14.11.2011թ.-ին) փորձաքննություն նշանակելու հետ մեկտեղ գործի վարույթը չի կասեցրել և նշանակել է դատական նիստեր, սակայն համապատասխանաբար 5 (02.06.2010թ., 02.08.2010թ., 09.09.2010թ., 14.10.2010թ., 17.11.2010թ.) և 4 (12.03.2012թ., 03.05.2012թ., 03.07.2012թ., 18.09.2012թ.) անգամ դատական նիստեր նշանակելուց հետո նոր միայն կայացրել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Հատկանշական է, որ վերոնշյալ դատական նիստերը յուրաքանչյուր անգամ հետաձգվել են բացառապես փորձագետի եզրակացությունը չստանալու համար:

Թիվ ԵՇԴ/0139/02/11 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 08.02.2011թ., և 05.04.2011թ. նշանակվել է դատական նիստ: 26.09.2012թ. կայացված վճռով հայցը բավարարվել է: Սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու և այլ պատճառաբանություններով: Թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է մոտ 27 ամիս (2 տարի 3 ամիս): Գործի քննության ընթացքում նշանակվել են 38 դատական նիստեր:

Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ` մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

vladimir-grigoryanԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նախազգուշացում:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 15.07.2010թ., և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության: Դատարանի կողմից միայն 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ:

Ներկայումս թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը գտնվում է Դատարանի վարույթում, որի արդյունքում` սույն քաղաքացիական գործի քննությունը տևում է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս), որից մոտ 7 ամիս գտնվել է կասեցված վիճակում:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

goharik-khachatryanԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը նախազուշացում է ստացել:

Արդարադատության խորհրդի որոշման համաձայն` թիվ ԵԿԴ/2660/02/10, թիվ ԵԿԴ/0190/02/11, թիվ ԵԿԴ/0532/02/11, թիվ ԵԿԴ/1095/02/11, թիվ ԵԿԴ/0595/02/11, թիվ ԵԿԴ/1042/02/11, թիվ ԵԿԴ/1230/02/11, թիվ ԵԿԴ/0772/02/11, թիվ ԵԿԴ/0473/02/11 և թիվ ԵԿԴ/1279/02/10 քաղաքացիական գործերի 7 քննությունը համապատասխանաբար տևել է շուրջ 1 տարի 10 ամիս, 1 տարի 8 ամիս, 18 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 16 ամիս, 15 ամիս, 17 ամիս, 18 ամիս և 26 ամիս: Ընդ որում, նշված քաղաքացիական գործերից վերջին ութի նիստերի միջակայքը կազմել է 6-7 ամիս:

Խորհուրդը գտել է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Ինչ վերաբերում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի այն փաստարկին, որ 2011-2012թթ. քննված գործերի մի մասը եղել են մեծածավալ, հասարակական հնչեղություն ունեցող, ուստի դրանց քննությունը տեղի է ունեցել երկար ժամանակահատվածում, որի պատճառով այլ քաղաքացիական գործերի քննությունը հետաձգվել է, ապա Խորհուրդը գտել է, որ դատավորը ցանկացած ծանրաբեռնվածության պայմաններում պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովելու համար:

goharik-khachatryanԵրևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին Արդարադատության խորհրդի կողմից ենթարկվել է նախազգուշացման:

Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/0010/01/12 գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 11 ամսյա ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ սույն գործը չի քննվում ողջամիտ ժամկետում: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործի քննության ընթացքում մեղադրողը` 8 անգամ, իսկ տուժողի ներկայացուցիչը` 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին և դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից այդ կապակցությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել:

Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, այն է` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի կողմից դատական նիստերին բացակայության անթույլատրելիության վերաբերյալ չեն տեղեկացվել համապատասխանաբար գլխավոր դատախազը և Փաստաբանների պալատը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

suren-baxdasaryanԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանը ենթարկվել է նախազգուշացման:

Թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս և 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով: Մինչդեռ դատավորի անաչառության վերաμերյալ կասկածն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, որի արդյունքում դատավոր Ալվարդ Հունանյանի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 91-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելուց:

vardan-grigoryanԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը Դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահից սկսած տևում է ավելի քան 1 տարի: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ մեղադրանքի առաջադրումից և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահից սկսած Կ.Ավանեսյանը 1 տարի 9 ամսից ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ:

Խորհուրդը գտել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0013/01/12 քրեական գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 1 տարին գերազանցող ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրել է, որ Դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

vladimir-grigoryanvladimir-grigoryanvladimir-grigoryanՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Խորհուրդը գտել է, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չենթարկելով բողոք բերող անձի կողմից ներկայացված և գործի նյութերում առկա վերը նշված ապացույցները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

goharik-khachatryanԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել է 24.09.2012թ., սակայն դատական ակտը հայցվոր կողմին առձեռն հանձնվել է միայն 15.10.2012թ.: Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտել է, որ Դատարանի դրսևորած անգործության արդյունքում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատարանի` իր կողմից կայացված դատական ակտերը սահմանված ժամկետում` հրապարակման կամ հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու կոնկրետ պահանջ, թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի վերը նշված պահանջների խախտում` դատական ակտը հայցվորին հանձնելով վճռի հրապարակումից հետո քսանմեկերորդ օրը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով հայցվոր կողմի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության տարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի խախտման համար:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/1276/02/10 քաղաքացիական գործով Դատարանի կողմից 04.10.2012թ. կայացված վճռով, որը բաղկացած է երեք պարբերություններից, մերժվել է հայցապահանջն այն հիմքով, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել իր վկայակոչած հանգամանքները հիմնավորող ապացույցներ: Նման դիրքորոշումը Դատարանը փաստարկել է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերում ամրագրված դրույթների շարադրմամբ: Այնինչ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը թիվ ԵՇԴ/1276/02/10 քաղաքացիական գործով նախ պետք է որոշեր այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմեր ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն Դատարանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, պետք է որոշեր ապացուցման առարկան կազմող իրավաբանական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշերհայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Տվյալ դեպքում Դատարանի վճռում արտացոլված չէ Դատարանի կողմից որևէ ապացույցի հետազոտում և պարզ չէ, թե Դատարանը որ ապացույցների հետազոտման արդյունքում է եկել եզրահանգման` հայցը մերժելու առումով: Դատարանը միայն հղում է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածին: Այսպիսով, Դատարանի կողմից թիվ ԵՇԴ/1276/02/10 քաղաքացիական գործով ոչ միայն չի որոշվել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, այլ նաև հայցը մերժելիս ընդհանրապես չի պատճառաբանվել, թե հայցվորի կողմից ներկայացված որ ապացույցն է գնահատվել և համարվել թույլատրելի կամ ոչ թույլատրելի:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՇԴ/0933/02/12 քաղաքացիական գործով պատասխանող ընկերությունը Դատարանին միջնորդել է հայցը թողնել առանց քննության միայն լիզինգի պայմանագրի մասով, քանի որ ըստ լիզինգի պայմանագրի կողմերը համաձայնվել են իրենց միջև ծագող բոլոր վեճերը հանձնելարբիտրաժային դատարանի լուծմանը: Դատարանը, բավարարելով պատասխանողի միջնորդությունը, 13.11.2012թ. որոշմամբ հայցը թողել է առանց քննության, սակայն ոչ թե պայմանագրի մասով, ինչպես նշված էր միջնորդությամբ, այլ ամբողջությամբ` ներառյալ երկու լիզինգային համաձայնագրերից բխող վեճը, որպիսի պահանջները սակայն, ենթակա էին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քննությանը:

Վերոշարադրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը պարտավոր էր հայցը թողնել առանց քննության միայն լիզինգի պայմանագրից բխող վեճի մասով, իսկ թվով երկու լիզինգի համաձայնագրերից բխող վեճի մասով Դատարանն իրավասու չէրհայցը թողնել առանց քննության, ինչի արդյունքում Դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

goharik-khachatryanՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործի քննության ընթացքում` 2012թ. հուլիսի 19-ին, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով և 313-րդ հոդվածով, Ա. Գ.-ի նկատմամբ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել` նշելով, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: 20.09.2012թ. կայացած դատական նիստում գործին մասնակցող մեղադրողը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել Դատարանի 19.07.2012թ. որոշումը և քրեական գործը քննության առնել ըստ մեղադրանքի Ա. Գ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը 20.09.2012թ. որոշմամբ բավարարել է մեղադրողի միջնորդությունը, որի արդյունքում որոշում է կայացրել Ա. Գ.ի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու մասին Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.07.2012թ. որոշումը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու վերաբերյալ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի այսուհետ` Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երμ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե’ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, կետ 28):

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով մեղադրողի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում 20.09.2012թ. որոշումը կայացնելով` Դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ միջնորդության մեջ նշված փաստարկներին, ապա Խորհուրդը դրանց չի անդրադառնում` հիմք ընդունելով այն, որ թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում:

goharik-khachatryanԵրևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Արդարադատության խորհուրդը դիմել էր Հանրապետության Նախագահին: Հանրապետության նախագահի հրամանագրով Ալեքսանդր Մերանգուլյանն ազատվել է դատավորի պաշտոնից:

Տեղեկացնենք, որ եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Արդարադատության խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Ինչպես ավելի վաղ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր` 2012 թվականին Արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել 22 դատավորների, որոնցից 4-ին` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջնորդությամբ:

Նունե Հովսեփյան

Լուսանկարները` court.am

Իրավաբան. net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել