Կառավարությունը կհիշի՞ իր որդեգրած քաղաքականությունը, թե Սոնայի երազանքն այդպես էլ անկատար կմնա

22-ամյա Սոնան դեռ դպրոցական տարիներից երազել է իրավաբան դառնալու մասին: Սակայն 2007 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Մեզ հետ զրույցում Սոնան պարզաբանեց իր ընտրության իրական պատճառը. «Երբ արդեն մասնագիտություն ընտրելու պահը եկավ, և ես վստահ էի, որ ընդունվելու եմ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը, ծնողներս թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե դա աղջկա համար հարմար մասնագիտություն չէ: Սկզբում բավական ծանր էի տանում ծնողներիս նման որշումը, բայց այդ ժամանակ այլ ելք չկար»:

Ընդունվելով ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ` Սոնան չի դադարում երազել իրավաբանության մասին: Արդեն երկրորդ կուրսից սկսում է հաճախել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր դասընթացների և կոնֆերանսների: Նմանատիպ միջոցառումների մասնակցելու ընթացքում իրավաբան դառնալու ցանկությունն էլ ավելի է մեծանում:

ԵՊՀ-ն ավարտելուց հետո արդեն կարողանում է ծնողներին համոզել և փոխել մասնագիտությունը: Այս անգամ նրան հաջողվում է ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ. «Չնայած այնտեղ հիմնականում ընդունվում էին այն մարդիկ, ովքեր իրավաբանական կրթություն ունեին, բայց քանի որ ես քննությունները շատ բաձր էի ստացել, ինձ հաջողվեց ընդունվել նախընտրածս ֆակուլտետը»:

Ամերիկյան համալսարանում իրավաբանության մասին ստացած գիտելիքները չբավականացրին Սոնային, և նա որոշում է ուսումը շարունակելու համար մեկնել արտասահման:

Դիմելով Անգլիայի մի քանի համալսարաններ` ընդունվում է հինգը ՝ University Westminster, King΄s College London, Kent΄s Univesity, London School of Buiness and Finance, University of East Anglia:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում էր University Westminster-ի առաջարկած բաժինը՝ կորպորատիվ ֆինանսական իրավունք: Ես ընտրեցի հենց այդ համալսարանը և սկսեցի հովանավորներ փնտրել»,- պատմում է Սոնան և հավելում, որ հենց հովանավորներ փնտրելու ճանապարհին էլ հանդիպել է խոչընդոտների, որն իր համար արդեն անլուծելի է թվում. «Դիմել եմ ՀՀ նախագահին: Կարճ ժամանակ անց մի գրություն ստացա, որ մեկ ամիս անց կստանամ դիմումիս պատասխանը, բայց արդեն հինգ ամիս է անցել, իսկ ես դեռ պատասխան չեմ ստացել: Այնուհետև դիմել եմ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ինձ խորհուրդ է տվել դիմել «Լույս» հիմնադրամ: Բայց իմ համալսարանը նշված հիմնադրամի կողմից ֆինանսավորվող համալսարանների ցանկի մեջ չի մտնում»:

Սոնան դիմել է նաև մի քանի բարեգործական հիմնադրամների, սակայն ապարդյուն. «Հովնանյան բարեգործական հիմնադրամից ինձ ասացին, որ կպատասխանեն հունիս ամսվա ընթացքում, քանի որ այդ ժամանակ նոր տնօրենների խորհուրդը պետք է քննարկեր այդ հարցը: Սակայն ես շատ շուտ մերժում ստացա, ինչն ինձ համար բավական տարօրինակ էր:

Դիմել եմ նաև «Գագիկ Ծառուկյան» և «Արտակ Սարգսյան» բարեգործական հիրմնադրամներին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել»,- ասում է Սոնան, այնուհետև ավելացնում, որ եթե մինչև սեպտեմբեր չգտնի հովանավորներ և համապատասխան ֆինանսավորում, ապա իր արտասահմանում սովորելու և լավ իրավաբան դառնալու երազանքն այդպես էլ անկատար կմնա:

Զրույցի վերջում Սոնան ներկայացրեց նաև իր առաջարկությունները, որոնք կարծում է կօգնեն իրեն և իր նման շատ երիտասարդների արտասահմանում կրթություն ստանալ. «Ես կարծում եմ, որ պետք է ստեղծել ֆոնդ, որը կհովանավորի այն ուսանողներին, ովքեր ուզում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում, սակայն դրա հնարավորությունը չունեն»:

«Լույս» հիմնադրամի մասին Սոնան տեղյակ է, բայց, ըստ նրա, այն համալսարանների ցանկը, որոնց դիմորդներին ֆինանսավորում է հիմնադրամը, սահմանափակ է, ինչպես նաև ամբողջությամբ չի վճարում ուսման վարձը. «Կարծում եմ, բացի մեկ միասնական ֆոնդի ստեղծումը, կարելի է ստեղծել նաև մասնագիտական ֆոնդեր, այսինքն` յուրաքնաչյուր մասնագիտություն կունենա առանձին ֆոնդ, որը կֆինանսավորի տվյալ մասնագիտությամբ արտասահմանյան համալսարաններ ընդունված դիմորդներին»:

Ներկայումս Սոնան կանգնած է դժվարին իրավիճակի առջև, ինչի պատճառով կասկածի տակ է դրվում նրա արտասահմանում ուսումը շարունակելու հարցը:

Կարծում ենք նման ֆոնդերի ստեղծումը գերազանց հնարավորություն է ուսանողների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել արտասահմանում:

Հ.Գ.Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Կառավարության որդեգրած այն քաղաքականությունը, թե պետք է աջակցել երիտասարդների որակյալ կրթություն ստանալուն և ստեղծել գիտելիքահենք հասարակություն, այդքանել էլ այդպես չէ:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել