Նորություններ

Խղճահարություն մեղադրյալի, թե՞ նրա նկատմամբ իրականացվող արդարադատության հանդեպ (Տեսանյութ)

Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում»`  Պոդոլսկ գյուղի մոտակայքում, «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս էր եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին`  այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել:

«Կամազ»-ի վարորդը եղել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել   ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն  անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդկանց մահ: Ռուսական քրեական օրենսգրքի այս հոդվածը սահմանում է մինչև յոթ տարի ազատազրկում, ինչպես նաև մինչև երեք տարի ժամկետով զրկում վարորդական իրավունքից: Մեղադրյալը չի ունեցել նաև ռուսական վարորդական իրավունք: Մեքենան վարել է ՀՀ-ի կողմից տրամադրված համապատասխան միջազգային վարորդական իրավունքով:

Ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերից պարզ է դարձել, որ ամբաստանյալին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթը հագին: Հարությունյանը գտնվել է շոկային վիճակում է և չի կարողացել  պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, իսկ եթե անգամ պատասխանել է, ապա շատ կցկտուր և գլխիկոր:

Նշենք, որ նրան հիվանդանոցից դատարան են տարել խափանման միջոց ընտրելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«ՀՀ Սահմանադրությունը,  ՌԴ Սահմանադրությունը, ինչպես  նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր երաշախավորում են և կարևորում, որ անձի արժանապատվության իրավունքը չպետք է սահմանափակվի»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի աշխատակազմի իրավականվերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքերով` պետությունը   պարտավոր է երաշխավորել և ապահովել բոլոր  այն մեխանիզմները, որոնք ոչ մի կերպ չեն  սահմանափակի անձի արժանապտվությունը. «Այս պարագայում տղամարդուն դատարան ներկայացնելը  կանացի խալաթով,  հիմք է հանդիսանում որակելու որպես անձի  արժանապտվությունը  նվաստացնող հանգամանք»:

Արամ Վարդևանյանը փաստեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով առկա են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է պահանջել,  որ ՀՀ պատասխանատվություն կրի Հրաչյա Հարությունյանի արդար,  բազմակողմանի  և օբյեկտիվ դատաքննության և նաև դատավճռի իրականացման համար:

Ա. Վարդևանյանը զրույցի վերջում հավելեց, որ  մեզանից ոչ ոք չի կարող դեռևս կանխատեսել, թե ինչպիսի դատավճիռ է կայացվելու, քանի որ գործի փաստական հիմքերը տարաբնույթ են:

Ըստ ՌԴ Սահմանդրության 21-րդ հոդվածի` պատվի և  արժանապատվության իրավունքը  յուրաքանչյուր քաղաքացուհիմնական իրավունքներից է, որը ոչ մի կերպ չի կարող սահմանափակվել:  Արդյո՞ք այս պարագայում չի խախտվել հիշյալ հոդվածը:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև  դատապարտյալների հանձման մի շարք համաձայնագեր կան կնքված, բայց այս պարագայում, Հրաչյա Հարությունյանը դեռևս դատապարտյալ չէ, հետևաբար գործը պետք է քննվի Ռուսաստանում:

Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը կարծես թե խղճահարություն են առաջացնում հայ մեղադրյալի հանդեպ, բայց արդյո՞ք մեղադրյալին նման տեսքով դատարան ներկայացնելը հենց նրա նկատմամբ  իրականացվող արդարադատության հանդեպ չպետք է խղճահարություն առաջացնի:

 

Տեսանյութը` lifenews.ruի

 

Արև Ավագյան

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել