Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության ուղեցույց»-ի շնորհանդեսը

Մեր էկոլոգիական օրենսդրությունը լուրջ համակարգման կարիք ունի: ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանն այս համոզմանն է եկել «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության ուղեցույց»-ի շարադրման ժամանակ:

Այսօր ԵՊՀ-ում «ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց»-ի շնորհանդեսն էր: Այն կազմակերպել էին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնը (EPAC):
Ուղեցույցը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում աշխատողների, շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների, անտառային տնտեսություն վարող սյուբեկտների, գործարարների և այլոց համար:
«Անտառային օրենսգրքում տեղ գտած ընդհանուր ձևակերպումներից, նորմ սկզբունքներից պետք է անցում կատարենք կոնկրետ մեխանիզմներ նախատեսող դրույթների: Այսօր շատ դեպքերում այդ օրենսդրությունը հռչակագրային է,- նշում է «ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց»-ի համահեղինակ, երիտասարդ իրավաբան-դասախոս Գոռ Մովսիսյանն, ու գրքի մասին iravaban.net-ին մանրամասնում,- Մեր խնդիրը չի եղել իրականացնել գիտահետազոտական վերլուծություն օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Մեր նպատակն է եղել մեկնել այն, ինչ որ կա»:
Գրքի համահեղինակի կարծիքով` անտառային օրենսդրության մեկնությունը շարադրել են այնպես, որ մատչելի լինի յուրաքանչյուրին:
Ուղեցույցը պատրաստվել և հրատարակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Անտառային օրենսդրության կիրառման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» (ENPI-FLEG) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ որպես WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության ոլորտում հզորությունների ստեղծում՝ անտառային օրենսդրության վերաբերյալ ձեռնարկի մշակման, հրատարակման և ուսուցողական դասընթացների իրականացման միջոցով» գործողության մաս:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել