Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյան

ՈՐՔԱՆՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՅԴՔԱՆՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՐԿՐՈՒՄ

 

-Տիկին Գյուլումյան, որո՞նք են ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև ծառացած խնդիրները, և, այս առումով, արդյո՞ք այն ունի բարեփոխումների կարիք:

 

-Հայտնի է, որ Եվրոպական դատարանի ստեղծման պահին դատարանի իրավազորությունը տարածվում էր միայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի հիմնադիր անդամ 10 երկրների վրա: Այժմ Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմ են հանդիսանում 46 պետություն, և այդ երկրների ավելի քան 800 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրն իր խախտված իրավունքի պաշտպանության համար կարող է ուղղակիորեն դիմել միջազգային այս դատական մարմնին: Եվրոպայի խորհրդի ընդլայնումը հանգեցրել է դատարանի վարույթում գտնվող գործերի քանակի էական աճի և այժմ արդեն դատարանի վարույթում են գտնվում շուրջ 90000 չքննարկված դիմումներ: Դիմումների ահագնացող քանակը գործնականում անհնարին է դարձնում դրանց ժամանակին և արդյունավետ քննարկումը, ինչն էլ կարող է նվազեցնել դիմողների վստահությունը դատարանի նկատմամբ և վնասել դատարանի հեղինակությանը: Ուստի այսօր դատարանի առջև ծառացած գերխնդիրն է ապահովել կուտակված գործերի և նոր ստացվող դիմումների քննարկումը պատշաճ ժամկետներում: Այս առումով դատարանն, անշուշտ, բարեփոխումների կարիք ունի, և այդ ուղղությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Առաջին հերթին, իհարկե, դատարանն էլ իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է իր ամենօրյա գործունեությունը բարելավելու և աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար: Բայց դա բավարար չէ, քանի որ դատարանը կաշկանդված է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, և անհրաժեշտ է բարեփոխել Կոնվենցիան, ինչպիսի քայլ արդեն արված է: Եվ Դատարանի աշխատանքը զգալիորեն կարող է բեռնաթափվել, եթե ուժի մեջ մտնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 14 Արձանագրությունը: Այդ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Կոնվենցիայի կողմ հանդիսացող բոլոր երկրները, և այսօր արդեն չի վավերացրել միայն Ռուսաստանը:

 

-Որո՞նք են, ըստ Ձեզ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2007թ.-ին կայացրած հասարակական մեծ հնչեղություն ունեցող որոշումները, և այս համատեքստում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերով եվրոպական դատարան դիմած գործերով ո՞ր երկրներն են համարվում «առաջատարներ»:

 

-Կարելի է ասել, որ Եվրոպական դատարանի յուրաքանչյուր որոշում հասարակական որոշակի հնչեղություն է ստանում առնվազն այն երկրում, որի վերաբերյալ այն կայացվել է, ուստի դժվար է առանձնացնել որևէ վճիռ: Իհարկե կան կրկնվող գործեր, որոնցով կայացված վճիռները կարծես սովորական են դառնում և կարևոր են միայն դիմողի համար, բայց կան վճիռներ որոնք, տալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների մեկնաբանություններ, զարգացնում են Կոնվենցիան՝ որպես «կենդանի» փաստաթուղթ և սահմանում են մարդու իրավունքների պաշտպանության համաեվրոպական ստանդարտներ: Վերջին խումբ վճիռները, որոնք ունեն նախադեպային նշանակություն, կարևոր են ոչ միայն այն երկրի համար, որի նկատմամբ կայացվել են, այլ նաև եվրոպական մյուս երկրների համար: Դրանց հետևելու դեպքում հնարավոր է և խուսափել նմանօրինակ սխալներից, և եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը հաշվի առնելով՝ կատարելագործել սեփական օրենսդրությունը: Այս առումով պետք է կարևորել եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումների հայերեն թարգմանությունն ու հրապարակումը, իսկ Հայաստանի վերաբերյալ որոշումներն ուղղակի անհրաժեշտ է թարգմանել և հրապարակել:

Դժվար է նաև մարդու իրավունքների խախտումների առումով որևէ երկրի «առաջատար» համարել, որովհետև պետք է նկատի ունենալ ազգաբնակչության թիվը, եվրոպական դատարանի մասին քաղաքացիների տեղեկացվածությունը, համակարգային խախտումների առկայությունը և այլն: Կարող եմ նշել այն երկրները որոնցից առավել մեծ թվով դիմումներ են ստացվում: Դրանք են` Ռուսաստանը, Թուրքիան, Ռումինիան, Ուկրաինան, Լեհաստանը, Չեխիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բուլղարիան և Սլովենիան:

 

-Ինչպիսի՞ն է Հայաստանից մուտք արված գործերի պատկերը, և այս առումով (մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից) ներկայումս արդյո՞ք արդյունավետ է իրականացվում արդարադատությունը ՀՀ-ում:

 

-Արդարադատությունն իմ կարծիքով հենց մարդու իրավունքի պաշտպանությունն է, և որքանով պաշտպանված են մարդու իրավունքները, այդքանով արդարադատությունն արդյունավետ է երկրում: Եթե մարդուն դատապարտում ես նրա կատարած հանցանքի համար, բայց միաժամանակ խախտում ես նրա իրավունքները, ապա իրականացնում ես ոչ թե արդարադատության, այլ զուտ պատժիչ ֆունկցիա: Բայց պետությունը ոչ միայն չպետք է խախտի մարդու իրավունքներն ու ազատությունները, այլև հաճախ պարտավոր է պայմաններ ստեղծել դրանց իրացման համար: Միայն եվրոպական դատարան մուտք եղած դիմումների թիվը կամ դրանցում մատնանշված խախտումները, անգամ կայացված վճիռները բավարար չեն երկրում արդարադատության իրականացման արդյունավերությունը գնահատելու համար: Ես կգերադասեի գնահատական չտալ մեր երկրում արդարադատության արդյունավետությանը, քանի որ գտնում եմ, որ դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարել: Զուտ վիճակագրությունը ներկայացնելու համար կարող եմ ասել, որ դատարան մուտք եղած դիմումների ընդհանուր թիվը 2006 թվականին 2005 թվականի համեմատությամբ աճել է 13 տոկոսով, բայց Հայաստանից ստացվող դիմումների թիվը նույն ժամանակաշրջանում նվազել է: 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից ստացված դիմումների թիվն է 263: Մեր երկրից ստացված դիմումների մեծ մասը` շուրջ 70 տոկոսը, անընդունելի է համարվել, երկու գործով արդեն վճիռ է կայացվել, իսկ մնացած դիմումները դեռևս ընթացքի մեջ են: Կայացված վճիռներով մի դեպքում դատարանը գտել է, որ խախտվել է հանրահավաքներին և ցույցերին մասնակցելու անձի իրավունքը, իսկ մյուսով` որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

 

– Ինչպե՞ս կգնահատեք մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը Հայաստանում, և որո՞նք են հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրները:

 

-Վերը նշված երկու դեպքում էլ իրավունքի խախտմանը նպաստել էր օրենսդրական բացը: Առաջին դեպքում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացման վերաբերյալ օրենսդրության բացակայությունը, քանի որ դատարանը գտավ, որ նախկին խորհրդային միության օրենսդրական ակտը Հայաստանի անկախության հռչակագրի և նոր Սահմանադրության պայմաններում քաղաքացու համար անկանխատեսելի էր և նա չէր կարող իմանալ, որ այն ենթակա է կիրառման, և իր վարքագիծը համապատասխանեցնել դրան: Այս առումով կարծում եմ, որ այլևս խնդիր չի ծագի, քանի որ ընդունվել է համապատասխան օրենք: Երկրորդ գործի պարագայում օրենքով նախատեսված է, որ անօրինական եղանակով ձեռք բերված ապացույցները չեն կարող օգտագործվել, բայց, իմ կարծիքով, նախատեսված չէ դրանք քրեական գործի վարույթից բացառելու կարգը, որն էլ նպաստել է խախտմանը: Այս օրինակները վկայում են, որ անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել օրենսդրությունը և, իհարկե, ուսուցանել իրավակիրառողներին:

 

-Ի՞նչ կարծիք ունեք ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին, և որքանո՞վ է մեր դատաիրավական համակարգի զարգացումը ընթանում եվրոպական իրավական համակարգի հետ համահունչ:

 

-Հավատացած եմ, որ դատաիրավական բարեփոխումների նպատակը հենց համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է և հուսով եմ, որ այն կծառայի նպատակին:

 

– – – – – – – – – – – – – – – – – – –

 

ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր

 

Ծնվել է 1956թ.-ի հունվարի 20-ին,
1972-ից 1979թ.-ը ստացել է իրավաբանական կրթություն Երևանի Պետական Համասարանում,
1979-ից 1985թ.-ը եղել է փաստաբան, Փաստաբանների միության անդամ,
1985-ից1996թ.-ը եղել է Գերագույն դատարանի դատավոր,
1996-ից 2003թ.-ը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր,
1997-ից 1999թ.-ը հանդիսացել է Դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ,
1998-ից 2001թ.-ը հանդիսացել է Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ,
1998-ից 2003թ.-ը եղել է Դատավորների խորհրդի նախագահ,
2003թ.-ի ապրիլի 2-ից մինչ օրս հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել