«Մեղադրանքը կարդում եմ, ոնց որ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից լինի. ով է սպանվել, չես հասկանում, ում եմ խանդել, չեմ ճանաչում». ամբաստանյալ

Հունիսի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստին չէին ներկայացել 5 վկաներից ոչ մեկը: Այնինչ դեռ հունիսի 5-ին դատարանը բավարարել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որ բերման ենթարկեն գործով ներգրավված 5 վկաների, այդ թվում` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա դստերը` Մանյա Ղուկասյանին, և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մորը: 

Ղուկասյանները դատարան չեն ներկայանում հիվանդության պատճառով:

Ամբաստանյալի մայրը` Անահիտ Նիկոլյանը, դատարան ներկայացրել էր դիմել, որ չի կարող ներկայանալ դատարան, քանի որ ստացել է 2 ոսկրի կոտրվածք և ներկայումս բուժում է ստանում: Անաշխատունակության թերթիկը հրապարակվեց դատարանի նիստի ժամանակ:

Արդեն ավարտվում է վկաների հարցաքննության փուլը:

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցիչը դատարան չներկայացած վկաներ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա դստեր Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին միջնորդություն ներկայացրեց:

Ամբաստանյալն առարկեց միջնորդությունը` նշելով. «Մեղադրանքը կարդում եմ, ոնց որ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից լինի. ով է սպանվել, չես հասկանում, ում եմ խանդել, չեմ ճանաչում: Բա բերեք տեսեք ճանաչում եմ գոնե էդ աղջկան: Առարկում եմ, պնդում եմ, որ բոլորին բերեն դատարան»: Այնուամենայնիվ դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և հրապարակել բացակա վկաների նախաքննական ցուցմունքները:

Հարություն Սարգսյանի մոր նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի հրապարակման ընթացքում ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Հունան Բաբայանը հրաժարվեց մասնակցելու դատական նիստին հրապարակելով. «Ես չեմ կարող ներկայումս իրականացնել իմ լիազորությունները, եթե դատարանն ապացույցների հրապարակման հետ կապված բավարարել է միջնորդությունը, և քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտմամբ փորձում է հրապարակել իրականում դատարան ներկայանալու ցանկություն ունեցող վկայի ցուցմունքները»:

Նախագահող դատավոր Սարոյանը նշեց, որ եթե ցանկություն ուներ վկան կարող էր գալ:

«Թող գա, թող դատարանը միջոցներ ձեռնարկի, ոստիկանության մարմինները թող բերման ենթարկեն…»,- հայտարարեց Հունան Բաբայանը և դուրս եկավ դատարանի դահլիճից, իսկ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը միջնորդեց`առանց փաստաբանի նիստ չկայացնել, դադարեցնել գործի քննությունը:
Դատական նիստը հետաձգվեց:

 

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել