«Ծխախոտը սպառում է իր սպառողին». Նարինե Մովսիսյան

«2011թ-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մասնավորապես Արդարադատության նախարարությունը մշակել էր հակածխախոտային նոր օրենքի նախագիծ, որը 2011թ-ի փետրվարին ուղարկվեց Ազգային ժողով: Այսօր արդեն կարող եմ ասել` այն պարզապես քնեցվեց. քննարկումից մի քանի ժամ հետո նախագիծը հետ կանչվեց: Ակնհայտ չէ, բայց կարելի է հասկանալ, թե ում շահերից ելնելով այդ նախագիծը նույնիսկ չքննարկվեց»,-ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար, ծխախոտի դեմ պայքարի ոլորտի մասնագետ Նարինե Մովսիսյանը:
Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է: Իսկ մեր երկրում մասնագետի կարծիքով պաշտպանված չեն չծխողների իրավունքները: iravaban.net-ի հետ զրույցում Նարինե Մովսիսյանը նշեց, որ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում լուրջ բացթողումներից մեկն այն է, որ չի պաշտպանվում հանրային սննդի օբյեկտներում աշխատողների մաքուր օդի իրավունքը:
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող, հանրային առողջապահության մասնագետ Արուսյակ Հարությունյանի փոխանցմամբ` ծխախոտի օգտագործումը, հատկապես տղամարդկանց շրջանում, հանրային առողջապահական լուրջ հիմնախնդիր է: «2010թ-ի հանաձայն ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքների` 2010թ-ին 15-47 տարեկան տղամարդկանց 63%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտ, իսկ նույն ցուցանիշով կանանց շրջանում ծխախոտի օգտագործումը 2% է»,- նշում է Արուսյակ Հարությունյանը:
Նարինե Մովսիսյանի խոսքով` Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային, որը պարտավորեցնող կոնվենցիա է` պաշտպանել մարդկանց ծխախոտի ծխից:
Անդրադառնալով էլոկտրոնային սիգարետների թեմային մասնագետը նշեց, որ այդ սիգարետները խեժ չեն պարունակում, սակայն նիկոտին պարունակում են, և այն կախվածությունից ազատվելու ելք չէ: «Մեր երկրում մեծամասնությունը չծխող է` ընդ որում մեծահասակները, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ Հայաստանը ծխում է: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում 3-րդ տեղում է ծխախոտի տարածվածության առումով »-ասում է Նարինե Մովսիսյանը:
iravaban.net-ի հարցին, թե «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 8-ր հոդվածը նախատեսում է, որ առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, արգելվում է ծխախոտի իրացումը, բայց Երևանի տարածքում կան նման սարքավորումներ, Արուսյակ Հարությունյանը նշեց, որ տուգանք նախատեսում է օրենքը, սակայն գործադրման, կիրառման մեխանիզմներ չկան` դեռ չկան:
Նարինե Մովսիսյանի կարծիքով` ծխախոտային թեմայով խոսելը բավականին դժվար է, քանի որ ծխախոտային ինդուստրիան ուժեղ բիզնես է, այդ թվում Հայաստանում, իսկ հանրային առողջապահությունը միայն մեկ ուժ ունի` ճշմարտության ուժն է և հանրայի շահը:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել