Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պարույր Հայրիկյանը պատմեց, թե ինչպես են կրակել իր վրա

Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործի ժամանակ ցուցմունք կտա գործով տուժող Պարույր Հայրիկյանը:

Մինչև դեպքի մանրամասները դատարանին ներկայացնելը, Պարույր Հայրիկյանը նախ պատմեց իր անցած ճանապարհը՝ նշելով, որ դա կարող է օգնել գործի քննությանը:

Նրա խոսքերով՝ իր հանդեպ կիրառված այս մահափորձը առաջինը չէր, եղել է երկու նախադեպ՝ մեկը Մոսկվայում, իսկ մյուսը բանտում՝ երբ նրան պահում են թմրամոլների համար նախատեսված բանտում, թեև իր պնդմամբ, երբեք անգամ ծխախոտ չի օգտագործել: Իրեն այնտեղ պահելու նպատակը եղել է թմրամոլների միջոցով կյանքից զրկելը:

Պատմելով դեպքի մանրամասները` նշեց, որ մի քանի անգամ իմ զինակիցներն իրեն ահազանգել են, որ հետևող մեքենաներ կան. «Բայց ես ուշադրություն չէի դարձնում, քանի որ կարծում էի, թե արդեն վաղուց անցել են այն ժամանակները, երբ Հայրիկյան քաղաքական գործչի հանդեպ սպանության փորձ են իրականացնում»:

Նա ասաց, որ մշտապես կրել է օրինական զենք, բայց նախագահական քարոզարշավի ժամանակ իր հետ չէի վերցրել:

Տուժողի խոսքերով` նա մտել է բակ, մեքենան կայանել իր տեղում:

«Հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ: Ետ դարձա, վերցրի պայուսակս և երբ դուռը փակեցի ու շրջվեցի, տեսա դիմացս կանգնած է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: Ես զենքը չտեսա, միայն տեսա փաթաթված ձեռք և միանգամից հասկացա, որ զենք էր, հասկացա նաև, որ խոսելու ժամանակ չունեմ ես գոռացի ու կրակոցը իմ գոռոցին միաժամանակ հնչեց: Ցավ զգացի և պայուսակս ընկավ, ինքս հետ շպրտվեցի, հենվեցի հարևանիս մեքենայի վրա, տեսա որ երկրորդ անգամ է նշան բռնում ու սկսեցի կտրուկ շարժումներ անել: Ես գոռացի նաև օգնեցեք»,- պատմեց Պարույր Հայրկյանը:

Նշենք, որ Հայրիկյանը տեղեկացրեց նաև, որ երբ ինքը հենվել է մեքենային, միացել է մեքենայի ձայնային ազդանշանը, մինչդեռ վկաների հարցաքննության ժամանակ հարևաններից ոչ ոք հստակ չի նշել, որ լսել է ձայնային ազդանշան:

«Երկրորդ կրակոցի միայն ձայնն եմ լսել, բայց հետևանքը չեմ զգացել, միայն զգացի, որ ուժերս սպառվում են: Ես տնքոցով բարձրացա աստիճաններով և զգացի, որ քունս տանում է, հարևանս՝ Կարենը, ապտակելով ասում էր, որ բացեմ աչքերս և չքնեմ»,- հիշեց տուժողը:

Նա պատմեց նաև, թե ինչպես են իրեն շտապօգության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ինչպես տեղեկացրեց տուժողը, երկրորդ կրակոցից հետո ամբաստանյալը՝ Խաչատուր Պողոսյանը, վազելով լքել է տարածքը:

Նա պատմեց մի դեպք, որը տեղի է ունեցել մահափորձից երեք օր առաջ. «Այդ կրակոցից մի երեք օր առաջ տանս դուռն էի բացում, երբ տեսա, որ մարդ է մոտենում և բարձրանում աստիճաններով: Ես մի պահ ուշադիր նայեցի և զարմացա, որ այդ եվրոպական արտաքինով երիտասարդը ինձ չբարևեց, քանի որ մեր հարևնանների մոտ ընդունված է միմյանց բարևելը: Հետագայում ինձ թվում էր, թե դրանք նույն մարդ են, բայց ինչպես պարզել է քննությունը նման բան չկա»:

Պարույր Հայրիկյանը դատարանին հայտնեց նաև, որ ամբաստանյալներ Սամվելին և Խաչատուրին չի ճանաչել, իսկ Վարդան Սեդրակյանի հետ ծանոթ է եղել նախագահական քարոզարշավի ժամանակ, ու վերջինիս մի հայտարարությունը շատ է զարմացրել իրեն. «Մի հայտարարությունը ինձ զարմացրեց` իմ մեքենան ավելի թանկ արժի, քան Պարույր Հայրիկյանը: Դա ինձ համար վիրավորանք չէր, այլ զուտ զարմանք կամ մարդու անառողջ դրսևորում, քանի որ նման բան ասելը մարդկային չէ»:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի այն հարցին, թե երբ է եղել այդ հայտարարությունը կրակոցից առաջ, թե հետո, Հայրիկյանը պատասխանեց, որ լավ չի հիշում, բայց ըստ նախնական տպավորության եղել է հետո:

Նա դատարանում մի քանի անգամ նշեց, որ այս մահափորձը ուղղված էր ոչ թե Հայրիկյան մարդու, այլ Հայրիկյան քաղաքական գործչի հանդեպ:

Դատական նիստը կշարունակվի վաղը: Դատարանը կանցնի ապացույցների հետազոտման փուլին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել