Նորություններ

Մտորում եմ Երևանի խնդիրներով…

Կարծում եմ, որ Երևանցուն էլ հարցնեք «սիրու՞մ ես Երևանը», կպատասխանի. «սիրում եմ Ի´Մ Երևանը»… Իսկական երևանցին իր քաղաքն այլ կերպ է տեսել, հիշում, պատկերացնում, անգամ` սիրում…

 

Սիրում եմ զբոսնել իմ քաղաքով, մանավանդ ամառային երեկոները: Հին ու նորացված փողոցներ, միշտ ծանոթ դեմքեր, հաճելի ժպիտներ, գլխի թեթև շարժումով «բարևներ», սիրահարված երիտասարդներ, ընկերական խմբեր, մարդկանցով լի սրճարաններ, զրույցներ, տխուր ու երջանիկ հայացքներ… Ակամա կյանքը սկսում է եռալ, սկսում ես ամեն ինչ վառ գույներով պատկերացնել, ամենօրյա աշխատանքային հագեցած օրվանից հետո` լիցքաթափվել… Եվ արի ու տես, որ այս ամենի հետ մեկտեղ քո սիրելի քաղաքը շարունակում է հիշեցնել, որ դեռ հոգսեր ունի…Բայց այնքան խնդիրներ են կուտակված այս փոքրիկ քաղաքում, որ ակամայից զայրանում ես ու քաղաքիդ խնդիրները սկսում են դառնալ քո խնդիրները: Եթե իսկական երևանցի ես, ապա քեզ նույնպես կմտահոգեն դրանք:

 

Նորություն չի լինի, եթե ասեմ, որ մեր քաղաքի գետնանցումները բնավ էլ բարվոք վիճակում չեն և չեն կարող մրցակցել որևէ քաղաքակիրթ երկրներում գոյություն ունեցող գետնանցումների հետ: Ինչու՞ մրցակցել, որովհետև մենք միշտ սիրում ենք համեմատվել… Այն, որ դրանցից ակամա խորշում ես օգտվել, ինձ հետ կհամաձայնվեն գրեթե բոլորը: Օրինակ, Ս.Սարգիս եկեղեցուն հարող գետնանցումը. երեկոյան ժամերին Առաջնորդարանից դուրս գալiս միշտ խախտում եմ արել և երբևէ չեմ օգտվել գետնանցումից: Վատ լուսավորությունը (եթե, իհարկե, լուսավորություն կա), գարշահոտությունը, կիսախոնավ պատերը, կասկածելի դեմքերն ակամա վախ ու տագնապ են ներշնչում:

 

Առհասարակ, սարսափի, միստիկայի ժանրի էպիզոդներով են հագեցած մեր գետնանցումները: Գերադասում եմ խախտել ՀՀ ՎԻՎ օրենքի պահանջը, վտանգել կյանքս «գետնից բարձր», քան` «գետնի տակ»: Պատրաստ եմ եղել նույնիսկ ճանապարհային ոստիկաններին էլ բացատրել պատճառները, բայց արի ու տես, նրանք էլ երբևէ չեն տուգանել կամ իրենց հասանելիք բարձրախոսով ասել «անցումով անցե´ք»… Վստահ եմ, որ իրենք էլ չեն օգտվում դրանցից և քաջ գիտակցում են յուրաքանչյուր «իրավախախտի» նման վարքագծի դրդապտճառները:

 

Բայց ինձ համար առավել տպավորիչ է մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից (Մոսկովյան-Աբովյան-Իսահակյան) գետնանցումը, որը երեկոյան ժամերին դառնում է «անանցանելի», որովհետև…ՓԱ´Կ Է, ԿՈՂՊԵՔՈՎ… Այո, փակ է: Գետնանցումի տարածքում գրքավաճառները, երևի թե մտավախություն ունենալով, որ կվնասվեն կամ կթալանվեն իրենց գրքերը, ճաղավանդակներ են տեղադրել, որոնք երեկոյան ժամերին փակվում են և անանցանելի դարձնում քաղաքացիների շարժը: Դժվարանում եմ ասել պետական պատկան մարմինները տեղյա՞կ են այս կամայականությունից, թե` ոչ, սակայն արդյունքում տուժում են մեր համաքաղաքացիները, որոնց ակամա իրենց կամքից, ստիպում են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը վերջիններիս նկատմամբ, նաև իմ նկատմամբ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 131-րդ հոդվածի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 3000 ՀՀ դրամի չափով: Չեմ էլ ուզում մեղադրել գրքավաճառներին, գուցի և նրանց եկամտի միակ աղբյուրը այդ գրքերի վաճառքից ստացված գումարն է: Անգամ գիշերները գրքավաճառները «հերթապահում» են գետնանցումում, հեռուստացույց դիտում: Այս դեպքում պետք է արձանագրենք, որ այն պայմանները, որտեղ որ նրանք են աշխատում, ավելի քան անմիխաթար են:

 

Նույնիսկ Փարիզի կենտրոնում, Սենայի ափով, Էյֆելյան աշխատարակից մինչև Լուվր և Փարիզի Աստվածամոր տաճար զբոսնելով տեսնում ես, թե ինչպես են «բուքինիստներն» իրենց հատկացված տեղերում, ամեն օր աշխատում, իսկ օրվա վերջում գրքերը դնում կողպեքներով առանձնացված երկաթյա փակ արկղիկներում և հեռանում, և բնավ էլ չեն մտածում գիշերային հերթապահության մասին: Փարիզն իր այցելուների մեջ տպավորվում է նաև իր բուքինիստներով, եթե անգամ գիրք էլ չցանկանաս գնել, ամեն դեպքում կանգնել, գրքեր թերթելը, նայելը հաճելի է: Ի դեպ, Փարիզում բուքինիստներն ի հայտ են եկել դեռևս 16-րդ դարից: Բուքինիստների գործունեությունը Փարիզում օրինականացվել է 1822թ-ին, իսկ արդեն 1857թ-ին, երբ անցկացվել է առաջին հանրաքվեն, Փարիզում գործել են 68 բուքինիստներ: 1892թ-ին բուքինսիտների թիվը 156-ի է հասել, իսկ արդեն մեր օրերում նրանք ավելի քան 250-ն են: Բացի այդ, իրենց հատկացված արկղիկների չափսերը խիստորեն կանոնակարգված են: Փաստերեն, ցանկալի է համեմատվել…

 

Խնդիրներ, որոնք լուծում են պահանջում… Բանաձևեր պետք չեն, կարևորը դրանց լուծման ցանկության մղումն է:

 

Իսկ մենք ամեն օր շարունակում ենք օգտվել գետնանցումներից, ու շարունակում ենք սիրել ՄԵՐ Երևանը…

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել