Նորություններ

Հարևանուհին չի ծեծել հարևանուհուն. արդարացման դատավճիռ Գյումրիում

Մայիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող Դոնարա Մանուկյանի քրեական գործի դատավճռի հրապարակումը:

Գործով Գյումրի քաղաքի բնակչուհի Դոնարա Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ համաձայն` նա 2012թ. հուլիսի 25-ին կենցաղային առիթով վիճաբանել է իր հարևաններ Մ. Հովհաննիսյանի և Կ. Մարտիրոսյանի հետ և վիճաբանության ժամանակ դիտավորությամբ Կ. Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածել է:

Մինչև նրան այդ հոդվածով մեղադրանք կառաջադրվեր, Դոնարա Մանուկյանն իր բնակարանի հարթակում` նույն հարթակի հարևան և սույն գործով տուժող` Կ. Մարտիրոսյանի կողմից ապօրինի զուգարան կառուցելու կապակցությամբ հայցով դիմել էր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր: Այդ գործով հայցը բավարարվել էր, դատարանը վճիռ էր կայացրել քանդել զուգարանը:

Գործով մեղադրող, Շիրակի մարզի դատախազ Մ. Սալոյանը դատարանից պահանջել էր Դոնարա Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նշանակել պատիժ`60.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանն իր պաշտպանական ճառում ներկայացրել էր մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են Դ. Մանուկյանի անմեղությունը:

«Պաշտպանական ճառի ժամանակ հայտնեցի, որ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի ապացույց չկա, որ Դոնարա Մանուկյանը կատարել է հանցանք: Մեղադրանքի կողմի վկաները գործի ընթացքում տվել են կեղծ ցուցմունքներ, ինչը հաստատվել է ինչպես դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով, այնպես էլ քննիչի և հետաքննիչի ցուցմունքներով: Ավելին, վկա Մարգարիտ Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է, որ դեպքը տեղի է ունել է մայիսին, իսկ գործի նյութով հիմնավորվում էր, որ այն պետք է տեղի ունեցած լիներ հուլիսի 25-ին: Բազմաթիվ այլ վկաների ցուցմունքով ապացուցվեց, որ այդ օրը Դոնարա Մանուկյանն այլ վայրում է եղել:

Դատաքննության ընթացքում չփարատված շատ կասկածներ մնացին, որոնք այդ պարագայում հօգուտ մեղադրյալի են մեկնաբանվում: Հետքննիչն ու քննիչը նախաքննությունն իրականացրել էին դատավարական նորմների խախտմամբ, գործով ներգրավել էին անթույլատերի և ոչ վերաբերելի ապացույցներ, իսկ դատախազը մեղադրանքը հաստատել էր առանց լուրջ իրավական փաստարկների և հիմնավորման` հանցանքի կատարման մասին ապացույցերի բացակայության պայմմաններում»,-Իրավաբան.net-ին փոխանցեց Կարեն Հովհաննիսյանը:

Պաշտպանական ճառից հետո դատավորը նիստի քարտուղարից պահանջել էր պաշտպանական ճառի տառացի արձանագրումն և վկա` Մարգարիտա Հովհաննիսյանի ցուցմունքի ձայնագրման արձանագրությունը:

Դատարանը Դոնարա Մանուկյանին մեղավոր չճանաչեց` չհիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը:

Ի դեպ, դատավճռի հրապարակմանը ներկա չէր մեղադրող Մ. Սալոյանը:

Սույն գործով Դոնարա Մանուկյանը անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնին, որի մասնագիտական աջակցության շնորհիվ էլ հնարավորություն ստացավ դատական կարգով պաշտպանել իր իրավունքները:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել