Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգև Օհանյան

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՃՅՈՒՂԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՐՁԵԼՈՎ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

 

-Պարոն Օհանյան, ի՞նչ վիճակում է գտնվում այսօր ՀՀ արդարադատության համակարգը:

 

-Չեմ կարող ասել, որ համակարգը լավ վիճակում է գտնվում, թեև, ինչ խոսք, բավականին գործ արված է՝ համեմատած նախկին խորհրդային դատական համակարգի: Կարծում եմ՝ անելիք շատ կա, և առաջին հերթին պետք է ապահովել դատական համակարգի անկախությունը: Այդ անկախությունն ապահովողը պետք է իր բարձրության վրա լինի և ապահովի անկախությունը՝ դրսևորելով քաղաքական կամք: Միայն դրանից հետո կարելի է խոսել արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ բարեփոխումների մասին:

 

-Իսկ ի՞նչ խնդիրներ եք այսօր տեսնում, որոնք ունեն ռեալ լուծում, որոնք պահանջում են բարեփոխումներ:

 

-Կարծում եմ՝ արտաքին կողմի ապահովման առումով արդեն բավականին բան արված է: Արդեն կամաց-կամաց ունենում ենք հրաշալի շենքային, աշխատանքային պայմաններ, այս կամ այն չափով իհարկե: Օրինակ՝ Կենտրոնի դատարանը ապահովված չէ բավարար չափով դահլիճներով, ինչը քիչ դեր չի խաղում. դատավորները հերթափոխով են աշխատում: Բայց խոսենք ավելի լուրջ բաների մասին: Ստեղծվում են մասնագիտացված դատարաններ, վարչական դատարաններ: Ես դրան կողմ եմ եղել շատ վաղուց: Շատ երկրներում նույնիսկ ընտրությունների վեճերը լսող դատարաններ կան, օրինակ՝ Մեքսիկայում: Գուցե մեր պայմաններում դրա անհրաժեշտությունը այդքան էլ չկա:

Դատավորներն էլ վատը չեն: Ընտրվում են փորձառու իրավաբաններ դատախազության, փաստաբանական համակարգից: Թեև, ի դեպ ասեմ, որ փաստաբաններից, կարծես թե, ավելի քիչ են ընտրվում, որը ճիշտ չէ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ բուհն ավարտողը նախ աշխատում է դատախազության համակարգում (չէի ասի որովհետև դա ամենահեշտն է, հավանաբար ավելի հեշտ է մեղադրելը, կամ գուցե պետական կառույց է և սկզբում ավելի հեշտ է պետական երաշխիքներով երաշխավորված լինելը, և հետո միայն անկախ մարմնի կողմից, ինչպիսին փաստաբանական համակարգն է), հետո՝ որպես փաստաբան, հետո միայն՝ դատավոր: Մեզ մոտ ինչ-որ աղավաղում կա՝ դատախազությունից միանգամից անցնում են դատական համակարգ. թեև ինքս էլ այդպես եմ նշանակվել դատավոր: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե դատախազության համակարգից անցնեն փաստաբանական համակարգ և հետո միայն դառնան դատավոր: Բայց, քանի որ մենք հավակնոտ հասարակություն ենք ձևավորել, ստացվում է, որ ոչ մի դատախազ չի ուզենա երբեք դառնալ փաստաբան, առավել ևս, երբ այդ ինստիտոտը բավականին արժեզրկված է, թեև շատ լավ փաստաբաններ կան, որոնց շնորհիվ գնում է հակառակ գործընթացը:

Մասնագիտական մի կարծիք էլ արտահայտեմ. ստեղծվեց ՀԿԳ քննչական մարմինը: Ես այն կարծիքին եմ, որ ժամանակն է, որ նախաքննություն և հետաքննություն հասկացությունները փոխարինվեն մեկ հասկացությամբ՝ քրեական հետապնդում իրականացնող, ինչը արդեն առկա է տեսության մեջ: Օրենսգրքում նախաքննություն բառը չկա, սակայն հին իներցիայով օգտագործում ենք: Հետաքննության մարմինները, որոնք կոչված են հանցագործությունները բացահայտելուն, կանխարգելելուն, մի կողմ են քաշվում, երբ քննիչը մտնում է վարույթ, իսկ երբ նրանք են գործում՝ քննիչը անելիք չունի: Ձևական է նրանց համագործակցությունը: Իմ կարծիքով իրավական պետություն կառուցելու համար ավելի արդյունավետ է ամերիկյան կամ եվրոպական համակարգը. քրեական հետապնդման մարմինը, որտեղ քննիչ չկա, ինքն է հարցումներ անում, բացահայտում, մի երկու կարևոր վկայի քննում, կազմում է արձանագրություն և ուղարկում դատարան: Արդյունքում շահում են ժամանակը, շահում են կողմերը: Իսկ իրական ապացույցների վերլուծությունն ու գնահատումը կատարվում է դատարանում: Իսկ մեր դեպքում դատախազությունը ինչ-որ չափով արդարադատություն իրականացնող է դարձել, որովհետև ինքն է գնահատում՝ այս կամ այն ապացույցը բավարա՞ր է, թե՝ ոչ, պետք է կարճել և այլն: Սա կարևոր է, քանի որ, եթե ուզում ենք քրեական գործի ընթացքը բերել ամերիկյան կամ եվրոպական մակարդակների, պետք է կարողանանք արագ և օպերատիվ աշխատել: Ի դեպ օրենքն այդպես էլ ասում է՝ հետախուզության մարմինը պետք է արագ բացահայտի և գործը հանձնի քննիչին, նա էլ արագ քննի՝ ուղարկի դատարան: Իսկ այստեղ այդ ամենը ամիսներ է տևում: Չկա հստակ, ճիշտ, օպերատիվ համակարգ: Անելիք շատ կա, և բարդ բան չկա, պետք է միայն ցանկություն, մի փոքր հնարամտություն և փորձ, որը մենք, իհարկե, ունենք:

Վերադառնալով ձեր հարցին՝ նորից պիտի կրկնեմ, որ արտաքին կողմը չէ կարևորը, այլ՝ էությունը, որը ապահովելու համար շատ բան կա անելու: Պետք է դրսևորվի քաղաքական կամք, ցանկություն՝ տեսնելու դատական իշխանությունը անկախ, իրապես անկախ, ոչ թե ձևականորեն, ստեղծելու հնարավոր նախապայմաններ կոռուպցիայից հեռու պահելու դատավորներին, որից հետո հնարավոր կլինի խոսել մնացած, ավելի ոչ էական բարեփոխումների մասին:

 

-Իսկ ըստ Ձեզ, եթե Հայաստանում անձի իրավունքները խախտված են, կարո՞ղ է նա ապավինել մեր այսօրվա դատական համակարգին:

 

-Ցավոք, ոչ մեծ չափով, կամ, համենայնդեպս, չերաշխավորված: Մարդիկ դիմում են, որովհետև ճար չունեն, այլ տեղ դիմելու հնարավորություն չունեն, բայց դիմում են անհույս: Եվ եթե ինչ որ արդյունքի են հասնում, ապա իրենց համար դա երևի հրաշք է լինում, մի հայտնագործություն, իսկապես մի բերկրանք: Մինչդեռ դա պետք է լինի սովորական: Չէի ուզի անհամեստաբար բերել իմ օրինակը, սակայն Ռոյալ Արմենիայի գործը դառավ մի ֆանտաստիկ բան, երբ դատավորը նման բան արեց: Մինչդեռ դատավորները բոլորը պիտի նման բան անեին, և, ընդհակառակը, դատավորի վատ բան անելուց պիտի աղմուկ բարձրանար մինչև ՄԱԿ և այլն: Բայց մեզ մոտ հակառակն է:

 

-Իսկ Ձեր պրակտիկայում եղե՞լ են, և եթե այո, ապա որքան, արդարացման դատավճիռներ:

 

-Եղել են: Եթե ամբողջ գործն է արդարացվել, ապա, կարծեմ, երեք: Բայց, եղել է, որ հինգ հոդվածով մեղադրվողը դատապարտվել է միայն մեկ հոդվածով: Լինսի հիմնադրամի հետ կապված գործով Արամ Կարապետյանը դատապարտվեց միայն մեկ հոդվածով, չորս հոդվածով ես նրան ճանաչեցի անմեղ, արդարացրեցի: Նման գործեր շատ են եղել: Իսկ ամբողջությամբ արդարացված գործերից առաջինը հասարակական հնչեղություն չստացավ, թերևս, ամբաստանյալի անձի պատճառով: Վաթսունհինգամյա մարդը մեղադրվում էր բռնաբարության փորձ կատարելու մեջ և նախաքննության ժամանակ անգամ փորձաքննություն չէր նշանակվել նրա սեռական ունակությունը ստուգելու համար, այն դեպքում, երբ ինքը առաջին օրվանից հայտարարել էր, որ ունակ չէ: Իսկ դատարանում նշանակված երկու փորձաքննությունները հաստատեցին նրա սեռական անընդունակությունը և նա արդարացվեց: Իսկ Վերաքննիչ դատարանը բեկանեց և յոթ տարվա ազատազրկման դատապարտեց նրան՝ հիմք ընդունելով ինչ-որ ցուցմունքներ: Սա միանշանակ համարում եմ սխալ և կարծում եմ, որ լիարժեք արդարացման էր ենթակա:

Հաջորդը մեկ տարի առաջ նորից հասարակական հնչեղություն ստացած գործն էր Վարդան Թեյմուրազյանի վերաբերյալ, որը պետավտոտեսուչների հետ ունեցել էր ընթարում: Ես նրան արդարացրեցի և քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ դիմեցի գլխավոր դատախազին, այդ դատավճիռը մնաց ուժի մեջ, սակայն պետավտոտեսուչների նկատմամբ քր.գործ հարուցելու մասով, կարծեմ, փոփոխվեց: Երրորդը արդեն ձեզ հայտնի Ռոյալ Արմենիայի գործն է:

 

-Որքանո՞վ է այսօր Հայաստանում հնարավոր լինել անկախ, անկաշառ և արդար դատավոր և արդյո՞ք դուք Ձեզ համարում եք այդպիսինը՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, որ դուք նշեցիք:

 

-Հայաստանում հիմա շատ դժվար է լինել և անկախ, և արդար և անկաշառ, որովհետև, այո, դրա համար ստեղծված չեն այն օբյեկտիվ պայմանները, որոնց մասին խոսեցի: Եվ ես ինքս էլ ինձ այդպիսինը լիարժեք չեմ կարող համարել, այսինքն՝ չէի կարող համարել, որովհետև անկախ քեզնից դու այդ համակարգի մի մասն ես և անկախ քեզնից այդ համակարգը իր ազդեցությունը թողնում է քեզ վրա: Որքան էլ, որ ուզենաս անկախ լինել, երբեմն լիարժեք անկախ չես, այս կամ այն չափով կատարում ես, հուսով եմ՝ խղճին ոչ դեմ պատվերներ, և նույն չափով մյուս հանգամանքներն ես խախտում: Որպեսզի վերանան այդ հանգամանքները, անհրաժեշտ են շատ գործոններ, կամք, ցանկություն նախ՝ վերևներից, երկրորդ՝ սոցիալական խնդրի լուծում, այսինքն՝ դատավորների աշխատավարձի բավարար չափով ապահովում, հետո նաև անհրաժեշտ հսկողություն: Թեև պետք է լինի նաև վստահություն (դատավորը պետք է լինի նաև վստահելի), որից հետո նոր կարելի է խոսել արդարադատություն իրականացնելու մասին:

 

-Իսկ որո՞նք էին, ըստ Ձեզ, Ձեր լիազորությունների դադարման հիմնական պատճառները:

 

-Եթե ձեր հարցը վերաբերում է արդարադատության խորհրդում տեղի ունեցած գործընթացին, ապա, անկեղծ ասած, մինչև հիմա ես նույնիսկ որոշմանը չեմ ծանոթացել, որովհետև նախ՝ ինձ չի էլ ուղարկվել, միայն մեր կողմից հետաքրքրվելուց հետո: Այն շատ ծավալուն է և ամեն ինչից երևում է, որ ջանք չեն խնայել փորձելու համար հիմնավորել ոչ միայն խախտումները, այլ դրանց ակնհայտ ու կոպիտ լինելը: Թե որքանով է դա նրանց հաջողվել, չգիտեմ, քանի որ չեմ ծանոթացել, չեմ էլ ուզում ծանոթանալ, քանի որ դա ինձ համար լինելու է տհաճ: Որովհետև կարծում եմ, և բոլորի համար էլ պարզ է, որ դա չէր լինի, եթե չլիներ Ռոյալ Արմենիայի գործով իմ կայացրած արդարացման դատավճիռը: Որքան էլ տգեղ հնչի, պետք է ասեմ, որ այդպիսի՞ խախտումներ են, որ տեղի են ունենում և չեն արձանագրվում, շեշտվում: Ես այդ մասին արդարադատության խորհրդի իմ ելույթում նշեցի, որ իմ՝ որպես դատավորի, հիմա էլ՝ որպես նախկին դատավորի կամ որպես մարդու արժանապատվությունից շատ ցածր կհամարեմ անդրադառնալ այդ ճղճիմ խախտումներին և փորձեմ ապացուցել, որ դրանք անգամ խախտումներ էլ չեն, որը հիմնականում չի բացառվում, թեև համեստորեն ասեմ, որ նաև չի բացառվում, որ այդ խախտումները իրականում տեղ են գտել: Բայց դրանք ակնհայտորեն կարող է կոպիտ և ակնհայտ չեն. համենայնդեպս որևէ մեկով հետևանք չի առաջացել:

 

-Կուզենայի՞ք նշել որևէ բան, որ չարծարծվեց հարցազրույցի շրջանակներում:

 

– Գուցե, թեև ճառեր ասելը իմ նախասիրությունը չէ, բայց ինձ ստիպեցին, դարձրին ճառ ասող: Ես խնդրեցի, որ ինձ չհերոսացնեն՝ հերոսացրին, ուզեցի ապացուցել, որ ընդամենը իմ գործն եմ արել՝ պարզվեց իմ գործը չեմ արել, ինչ որ ուրիշ, արտառոց բան եմ արել:

Շատ բան պիտի փոխվի, միայն դատական համակարգը չես կարող փոխել, անհնար է միայն իշխանության մեկ ճյուղը փոխել ու դրանով ինչ որ բան լինի: Իշխանության երեք ճյուղերը նման են մի օրգանիզմի, որը բաղկացած է մարմնից, հոգուց և մտքից: Պատկերացրեք՝ սրանից մեկը չլինի: Կամ կլինի անհոգի մարմին, կամ անուղեղ մարմին. մարմինը, ի դեպ, գործադիր իշխանությունն է: Հետևաբար անհրաժեշտ է բարեփոխել իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ առաջին հերթին ապահովելով դրանց իրական անկախությունը և փորձելով վերացնել կոռուպցիան: Շատերը կոռուպցիա ասելով միայն կաշառակերությունն են հասկանում: Բառարաններից մեկում կոռուպցիա բառի բացատրությունը տրվում է հետևյալ կերպ՝ կոռուպցիա – տՏՊՍցտ, տՐՏՊՈՋվՏրՑՖ ՊՏսՋվՏրՑՖվօւ Ռ ՏոքպրՑՉպվվօւ սՌՓ: Եթե փորձենք թարգմանել՝ ծախվածություն: Ի՞նչ է նշանակում ծախվածություն: Արդեն պարզ է, որ միայն կաշառակերությունը շատ քիչ է արտահայտում այդ բառի իմաստը: Կաշառակերությունն էլ է ծախվածություն, որովհետև քեզ առնում են, դու այդպիսով ծախվում ես և կատարում որևէ մեկի օգտին գործողություն: Որպես կոռուպցիայի դասական օրինակ կնշեի այն, երբ պաշտոնատար անձը և անօրինական գործունեություն ծավալած գործարարը սերտաճում են և մեկը մյուսին տանիք է դառնում, մյուսն էլ իրականացնում է իր անօրինական գործողությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել