«Ես ցավում եմ էդ տղայի համար, ողբում եմ, հետ չի կարող բերել, բայց իմ տղես էլ սաղ-սաղ է թաղվում». Սամվել Սարգսյան

Մայիսի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության դատաքննությունը: Այս անգամ դատական նիստին որպես վկա ներկա էին սպանված Կարեն Եսայանի հայրը` Ռազմիկ Եսայանը, և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը:

Այս դատական նիստը փաստաբաններ Լ. Սահակյանի և Հ. Բաբայանի կողմից որակվեց որպես հերթական անգամ օրենքի կոպիտ խախտումներով ընթացող դատավարություն Ամբաստանյալի փաստաբանները, հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, միջնորդեցին նախքան վկա Հակոբ Կարապետյանի հարցաքննությունը` նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն` պարզելու համար, թե վերջինիս արդյոք ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործի էությունը Սակայն դատարանը վկայի ցուցմունքը չհետաձգեց և որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև ապացույցների հետազոտության ավարտը:

Վկայի հարցաքննությունը տևեց մոտ 40 րոպե Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 86.2.1 -ի` որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել` անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները Փաստաբան` Լ. Սահակյանի այն հարցին, թե դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր նորմով է առաջնորդվել միջնորդության քննարկումը հետաձգելու համար` դատավոր` Մ. Սարոյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսգրքով Ըստ Քրեական դատավարության 102 հոդվածի` միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո Տուժողի պաշտպանների կողմից վկային տրվեց բազմաթիվ հարցեր, իսկ պաշտպանական կողմը, թեև ունենալով բազմաթիվ հարցեր, նշեց. «Մենք չենք պատրաստվում խախտել քրեական դատավարական օրենսգրքի նորմերը, հարցեր չենք տա, երբ կլինի փորձագետի եզրակացությունը և դրա համաձայն կպարզվի, որ նա ունակ է ընկալելու և վերարտադրելու՝ այդ ժամանակ կմիջնորդենք նրան կրկին դատարան հրավիրել»:

Որպես վկա հարցաքննվեց նաև ամբաստանյալ Հ. Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը: Դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա էին հակասություններ Մասնավորապես նախաքննության ընթացքում նշել էր, որ քաղաքապետարան էր գնացել Վարդան Ղուկասյանի հետ իրենց երեխաների առաջիկա ամուսնության մասին պայմանավորվելու համար: Նախաքննության և դատարանում տված ցուցմունքների տարբերությունը վկան բացատրեց նրանով, որ ցուցմունքի տակ ստորագրելուց առաջ քննիչին վստահելով ամբողջը չի կարդացել, իսկ հարցաքննության ընթացքում քննիչը մի քանի անգամ թղթերով դուրս է եկել և վերադարձել.

«Քննիչները սարքել են Ես ուրիշ բան էլ կարող եմ ասել, էդ երեխու (Կարեն Եսայանի) մահը միլիցեքի տակն է»,- նշեց Սամվել Սարգսյանը:

Կարեն Եսայանի մոր հարցին, թե «միլիցեն» ինչ կապ ունի, վկան պատասխանեց. «Քո տղուն սպանել են, ես եղել եմ ոստիկանությունում, որտեղ ասում էին, որ էդ երեխեն չկա, մեքենայով սպանված է, բայց քո երեխուն գտել են ութն անց կես»:

Նշենք, որ Կարեն Եսայանին վերջին անգամ տեսել են բենզալցակայանում, որտեղ գնացել էր նախորդ օրը լվացման կետում թողած մեքենայի հետևից, սակայն վերջինիս դին հայտնաբերվել է նույն օրը՝ ուշ երեկոյան: Դարձյալ անդրադառնալով ցուցմունքների հակասություններին՝ տուժողի իրավահաջորդը հարցրեց, թե ինչու այն բանից հետո, երբ վկան հասկացել է, որ այլ ցուցմունքի տակ է ստորագրել, երկրորդ անգամ ուրիշ ցուցմունք չի տվել, վերջինս պատասխանեց. «Զգացի, որ Գյումրու ոստիկանությունը մարզային ոստիկանապետի գլխավորությամբ փաստեր են սարքում, որ տղես հանցագործ է, և այդ նույն մարդիկ իմ նկատմամբ քրեական գործ հարուցեցին, որպեսզի տղայիս պահեն ճնշման տակ»:

Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել նախաքննությանը խոչընդոտելու մեղադրանքով, ինչի կապակցությամբ այսօր վկան դատարանում նշեց, որ իրեն դատում էին դատախազի մոտ գնալու, նրա դուռը թակելու համար: Հարցին, թե երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատելուց հետո չէիք պատկերացնո՞ւմ, որ անհրաժեշտ է ցուցմունքը կարդալ, նոր ստորագրել, վերջինս պատասխանեց, որ վստահել է քննիչներին, քանի, որ Երևանից են եղել:

«Եթե ինձ լսեին՝ էս գործը շուտ բացված էր Իրենց թշնամին իմ թշնամին էլ է Ես ցավում եմ էդ տղայի համար, ողբում եմ, հետ չի կարող բերել, բայց իմ տղես էլ սաղ-սաղ է թաղվում»,-ասաց Սամվել Սարգսյանը:
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 22-ին:

 

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել