Նորություններ

Կայացավ ՀՀ կառավարության նիստը

Կմշակվեն երկրի տնտեսական զարգացմանը նպաստող տեխնոլոգիաներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը։ Հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը և կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական և գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և այլն։ «Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, և նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն, – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, և իմ կարծիքով՝ այս կենտրոնը բավական հեռանկարային է։ Մենք նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ նախորդ ամիս այցելել ենք այդ կենտրոն։ Տեղում հնարավորություն ունեցանք ծանոթանալ հեռանակարային ծրագրերին, որոնք այսօր կան հիմնադրամում։ Այս որոշումը հիմնադրամին հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել և կայացնել այդ կենտրոնը»:

Կբարելավվի սոցիալական ծառայությունների աշխատանքը

Շարունակվում է երկրի մարզերում սոցիալական ծառայության ստորաբաժանումների ստեղծման գործընթացը։ Այսօրվա որոշումներից մեկով նման ստորաբաժանումների համար տարածք է տրամադրվել Շիրակի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արևածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ, որի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար ընտանիքի կտրամադրվի 3-ական շիշ արևածաղկի ձեթ։
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։
Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն տրամադրելու համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել է մոտ 6 մլն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր – Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին` ավելի քան 4.7 մլն, «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` ավելի քան 4 մլն դրամ։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀՀ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը։
Լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունն իրավական բավարար հիմքեր է ապահովել ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման համար, նպաստել քաղաքաշինության բնագավառում արդյունավետ և համագործակցված պետական վերահսկողության իրականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Իր նիստում կառավարությունը նախկինում ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են առևտրի և ծառայությունների ոլորտի կարգավորմանը, սպառողների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը, արտոնագրման գործընթացի բարելավմանը։
Կառավարության որոշմամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրվող վարկային ծրագրերի գծով տրամադրվող ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ներդրվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, ինչի շնորհիվ ընկերության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի ավելանա, և սակագները չեն բարձրանա։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Սթրես կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, ինչի շնորհիվ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը։
Կառավարությունը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց գույքային հարաբերությունները կարգավորող իր երեք նախկին որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ` շահառու հանդիսացող քաղաքացիներին հնարավորություն տալով առանց նոտարական վավերացման կնքել նվիրատվության պայմանագրեր։

Կվերահսկվի նոր անձնագրերի վավերականությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի և նույնականացման քարտի համարների ձևավորման կարգերը, որոնց համաձայն անձնագրի համարը սերիայի և թվային յոթ նիշերի համակցություն է, իսկ նույնականացման քարտի համարը ձևավորվում է ինը նիշից,
-ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք պատերազմի և բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստն ու վնասը, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտները,
– ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմի արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվության որոշմամբ արտաբյուջետային հաշվի միջոցների 2012 թ. ծախսերի նախահաշիվը, որի նպատակն է նպաստել ջրօգտագործողների ընկերությունների և «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ բնականոն և արդյունավետ գործունեությանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թթ. միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին. կմշակվեն ոլորտում և հարակից բնագավառներում կիրառելի նոր տեխնոլոգիաներ, կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, ինչպես նաև նոր աշխատատեղեր,
– Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման հայեցակարգին, որը հայ արտադրողների և արտահանմամբ զբաղվող անձանց համար կստեղծի թանկարժեք մետաղների միջազգային շուկաներում առանց խոչընդոտի հանդես գալու և կայուն դիրքեր գրավելու նպաստավոր պայմաններ։

Միջազգային համագործակցություն

Հ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակում մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Համագործակցության առաջարկները վերաբերում են մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտին, արդյունաբերության ոլորտին և արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծմանը, տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտին, զբոսաշրջության խորհրդի ստեղծմանը, համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանք կատարող սերտիֆիկացման մարմինների և փորձնական լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աշխատանքի արդյունքների փոխճանաչմանը, բույսերի կարանտինի հարցերի համակարգող խորհրդի ստեղծմանը։ Նիստում համաձայնություն է տրվել ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում համաձայնեցված քաղաքականության վարման 1992 թ. մարտի 13-ի, անտառարդյունաբերական համալիրի և անտառտնտեսության ոլորտի համագործակցության 1998 թ. սեպտեմբերի 11-ի, էլեկտրաէներգետիկ համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովման 1998 թ. նոյեմբերի 25-ի, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտի համագործակցության 1992 թ. հոկտեմբերի 9-ի, միջգրադարանային աբոնեմենտի համակարգի ստեղծման 1999 թ. հունվարի 13-ի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի համագործակցության 2007 թ. մայիսի 25-ի համաձայնագրերում փոփոխություններ կատարելու արձանագրությունների կնքման առաջարկություններին։

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը, սահմանել ցանկը միջազգային զարգացման այն կազմակերպությունների, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշնլ ԱԳ»-ի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին։ Փաստաթղթով նախատեսվում է արտոնյալ վարկ տրամադրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահի համար բեմական սարքավորումների ձեռքբերման և տեխնիկական վերազինման նպատակով։ Ծրագրի ընդհանուր գումարը 8 մլն եվրո է, մարման ժամկետը` 16 տարի, արտոնյալ ժամկետը` 7 տարի։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին, քանի որ բնակարանային ֆոնդի անհատույց մասնավորեցման գոյություն ունեցող կարգը թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականություն, այլ լուծում է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերին։ Իրավական ակտի նպատակն է ապահովել պետական բնակարանների ֆոնդի առկայությունը և նպատակային խմբերի միջև արդյունավետ բաշխումը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը փոխել է Սյունիքի մարզի Սպանդարյանի և Անգեղակոթի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել