Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործով վկան դատարան ներկայանալու փոխարեն մեկնել էր Ռուսաստան

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը: Մեղադրող դատախազների բացականության պատճառով՝ դատական նիստը սկսվեց ուշացումով: 

Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել էր հարցաքննել մահացած զինվորի ընտանիքի հարևան Վարազդատ Ոսկանյանին: Նիստերի քարտուղարը դատարանին հայտնեց, որ վկային ծանուցում ուղարկել են, սակայն ծանուցումը հաստատող թուղթ չեն ստացել:

Մահացած զինվորի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, տեղեկացրեց, որ իր հարևանը գնացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Դատարանը անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը: Ընթերցվեց Հայկ Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Մինչև հրապարակումը՝ մահացած զինվորի հայրը դատարանի թույլտվությամբ առժամանակ լքեց դատական նիստերի դահլիճը:

Ապացույցների հետազոտման ընդունված կարգի հաջորդականության համաձայն՝ պետք է հարցաքննվեին երկու ամբաստանյալները:

Ամբաստանյալ Մինաս Մկրտչյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել դատավարության կողմերի հարցերին: Նա միայն նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, չնայած նրան, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքին:

Դատարանը որոշեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Մինաս Մկրտչյանը պնդել է, որ Հայկ Խաչատրյանի մոտ ջրծաղիկ հիվանդությունը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին, ինչպես նաև հերքել քննիչի այն դիտարկումը, թե մահացած զինվորի հոր ցուցմունքի համաձայն այն ավելի շուտ է հայտնաբերվել:

Մովսես Խաչատրյանը նշեց, որ ցուցմունքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:

Մինաս Մկրտչյանը՝ որպես կասկածյալ և մեղադրյալ, մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունք տալ: Ավելի ուշ՝ մեղադրյալի կարգավիճակով Մինաս Մկրտչյանը հայտնել է, որ ինքը զղջում է վարակաբանի կրկնակի զննում չկազմակերպելու համար և իրեն լիովին մեղավոր է համարում առաջադրված մեղադրանքում:

Նրա պաշտպան Լևոն Պողոսյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը վերջին ցուցմունք տալու ժամանակ գտնվել է հոգեկան անկման տակ և խնդրեց դատարանին արձանագրել, որ Մինաս Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանը դատաքննության բնականոն ընթացքը պարբերաբար խանգարելու, դատավարական կողմերին վիրավորելու համար Մովսես Խաչատրյանին դատարանը հայտարարեց նախազգուշացում:

Գործով մյուս ամբաստանյալը Միքայել Միքայելյանն է: Նա դատարանին հայտնեց, որ ինքը ցավում է դեպքի համար, բայց իրեն մեղավոր չի ճանաչում և պատրաստ է ցուցմունք տալ:

Ամբաստայալի և մեղադրող դատախազների միջև հարց ու պատասխանի առարկան օբսերվացիոն ռեժիմ հայտարարելու հրամանի բանավոր, թե գրավոր լինելու հարցն էր:

Այդ ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, հայտարարեց, որ Մովսես Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախաձեռնությամբ շտապ օգնություն հրավիրվեց: Նիստն ընդմիջվեց: Դատավորը նիստը շարունակելու համար ցանկանում էր ստանալ շտապ օգնության բժիշկների կողմից Մովսես Խաչատրյանի առողջական վիճակի, ինքնազգացողության անկման մասին հաստատող փաստաթուղթ: Նման փաստաթուղթ չտվեցին: Վլադիմիր Գրիգորյանն անձամբ զանգահարեց շտապ օգնություն՝ հասկանալու համար ինչո˚ւ փաստաթուղթ չեն տվել դատարանի և ինչպե˚ս կողմնորոշվել դատական նիստը շարունակելիս: Դատավորին հետաքրքել էր այն, որ Մովսես Խաչատրյանը դեռ երկար ճանապարհ էր գնալու մինչև Արթիկ: Ինչպե˚ս են պատասխան տալու շտապ օգնության բժիշկները, թե ճանապարհին ինչ-որ բան պատահի: Ասել էին, որ այդ դեպքում կպատժեն մեղավորին:

Դատարանը, հաշվի առնելով մահացած զինվորի հոր առողջական վիճակը, դատական նիստը հետաձգեց: Գործով հաջորդ նիստը տեղի կունեն մայիսի 2-ին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել