Ե՞րբ ոստիկանությունը կարող է ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել երթի մասնակիցների նկատմամբ

Ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի. «…Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)…»:

Այսպիսով, երթը` մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով իրականացվող հավաքն է:

Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի. «Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»:

Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի. «Հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, ծառայողական շներ և այլ), որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:

Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի. « Արգելվում է հատուկ միջոցները գործադրել … խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ»:

Այսպիսով, ոստիկանությունը, խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով անցկացվող հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ մի դեպքում իրավունք չուներ կիրառելու հատուկ միջոցներ:

Խաղաղ հավաքի մասնակիցներից պետք է տարանջատել այն քաղաքացիներին, ովքեր կատարել են հարձակումներ այլ քաղաքացիների, ոստիկանության ծառայողի/ծառայողների վրա, քանի որ տվյալ քաղաքացիները համարվում են իրավախախտներ և նրանց նկատմամբ կարող էին կիրառվել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, սակայն յուրաքանչյուր ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի:

Փաստաբան Կարեն Քոչարյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել