Մեղավոր է ճանաչվել` համակարգչային սաբոտաժի համար

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել համակարգչային սաբոտաժի համար Գ. Ավանեսովին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:
ՀՀ դատախազության փոխանցմամբ` դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Գ.Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների հնարավորությունները, «DDoS» տեսակի հարձակումներ է իրականացրել տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող կայքերի եւ IP-հասցեների վրա` խափանելով այդ կայքերի բնականոն աշխատանքը, ուղեփակելով այնտեղ պահվող համակարգչային տեղեկատվությունը եւ ոչ պիտանի դարձնելով այդ համակարգչային համակարգերը։
Մասնավորապես` 2010թ. հոկտեմբերի 1-ին Գ. Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների թվաքանակի 25 տոկոսը, «DDoS» տեսակի հարձակում է իրականացրել ռուսաստանյան «Մակոմնետ» ՓԲ ընկերությանը (https://macomnet.ru) պատկանող IP հասցեի վրա, որի հետեւանքով հիշյալ կազմակերպության համապատասխան սարքավորումը ժամանակավորապես շարքից դուրս է եկել եւ մոտ 192 հաճախորդ զրկվել է «Մակոմնետ» կազմակերպության մատուցած համացանցային ծառայություններից օգտվելու հնարավորությունից` առաջացնելով ծանր հետեւանքներ:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. մայիսի 21-ի դատավճռով Գ. Ավանեսովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից Գ. Ավանեսովին մեղադրանք էր առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով եւ 256-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը, հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե ՀՀ ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ին ընդունված որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Գեորգի Ավանեսովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով և 256-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել