Իրավունքները վերականգնվել են, ոչ իրավաչափ վարչական ակտը` վերացվել

Երևանի ՇՊԱԿ դիմած քաղաքացի Ա. Ա.-ը 26.02.2010թ. Վրաստանի Հանրապետությունից “ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել “Լինքոլն ավիատոր” մակնիշի ավտոմեքենա և մինչև մաքսազերծում կատարելն ավտոմեքենան ենթարկվել է վթարի և այն այժմ գտնվում է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում ու շահագործման ենթակա չէ:
14.05.2010թ. Մաքսանենգության դեմ պայքարի և Կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն ավտոմեքենայի վերաբերյալ փաստաթղթերը ստուգելուց հետո պարզել են, որ Բագրատաշենի մաքսակետում “Լինքոլն ավիատոր” մակնիշի փոխարեն նշված է “Կրայսլեր” մակնիշի ավտոմեքենա:
Շահառուն Վրաստանից 26.02.2010թ. ՀՀ է ներմուծել “Լինքոլն ավիատոր” մակնիշի ավտոմեքենա, հայտարագիրն Ա. Ա.-ը լրացրել է մաքսային միջնորդի միջոցով, որը և հայտարարագում “Լինքոլն ավիատոր” մակնիշի փոխարեն նշել է “Կրայսլեր” մակնիշի ավտոմեքենա: Հայցվորը հայտարարագիրը մաքսային ծառայության պաշտոնատար անձին հանձնելուց ներկայացրել է “Լինքոլն ավիատոր” մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը նրա կողմից չի ստուգվել և ընդունվել է հայտարարագիրը: Մեքենայի մակնիշի վերաբերյալ սխալ տեղեկություններ նշված լինելու հանգամանքի մասին հայցվորը իմացել է միայն մաքսային աշխատակիցների կողմից հետագայում ստուգելուց հետո:
23.07.2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշման համաձայն` շահառուն ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենգրքի 203 հոդվածով և նրան տուգանվել է մակնիշի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված “Լինքոլն ավիատոր” մակնիշի ավտոմեքենայի մաքսային արժեքի չափով` 5.558.193 դրամ:
Ա. Ա.-ը դիմել է Երևանի ՇՊԱԿ իր իրավունքների պաշտպանության խնդրանքով: Գործի քննության հետագա ընթացքը հանձնվեց ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանին: Վերջինիս կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` 23.07.2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ իրականացվել է Ա. Ա.-ի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից վերը նշված ակտի հիման վրա ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա. Ա.-ի գումարի բռանգանձման պահանջի քննության շրջանակներում:
ՀՀ վարչական դատարանը 13.07.2011 թվականին համատեղ մեկ վարույթում քննել է վարչական գործն ըստ հայցի Ա. Ա.-ի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի 23.07.2010թ. վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ա. Ա.-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը վճռել է Ա. Ա.-ի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի 23.07.2010թ. վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի 23.07.2010թ. վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Ա. Ա.-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժել:
Վերը նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Այսպիսով Երևանի ՇՊԱԿ դիմած շահառուի խախտված իրավունքները վերականգնվել են և վերացվել է ոչ իրավաչափ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել