Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով վկան չկարողացավ կարդալ իր ձեռագրով գրածը (լուսանկարներ)

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի»` Կարեն Եսայանի սպանության քրեական գործի քննությունը:

 

Նիստին ներկա էին Շիրակի մարզի դատախազ Մ. Սալոյանը, տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը, վերջինիս ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը, ներկա էին նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանը և վերջինիս պաշտպանները:

 

Երկուս ու կես ժամ տևողությամբ դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաններ Մանվել Թորոսյանը, Արմեն Խաչատրյանը, Արտաշես Զաքյանը և Վլադիմիր Ղազարյանը:

 

Կողմերը վկաներին նախապես մի քանի անգամ հարցրեցին՝ նախաքննության ընթացքում բացատրությունն իրե˚նք են գրել, նախքան ստորագրելը ընթերցե˚լ են, թե˚՝ոչ: Բոլորն էլ միաբերան պնդեցին, որ իրենք բացատրությունը կարդացել են և նախաքնննության ընթացքում ճիշտ ցուցմունք են տվել, տեղյակ են եղել սուտ ցուցմունք տալու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունից: Սակայն դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներից պարզվեց, որ առկա էին որոշակի հասկաություններ: Վկա Մ. Թորոսյանը նույնիսկ չկարողացավ ընթերցել իր ձեռագրով կազմած բացատրությունը:

 

Դատական նիստը այս անգամ նույնպես լարված էր, կողմերի միջև անհամաձայնություններ կային: Դատական կարգը խախտվում էր կողմերի լեզվակռիվների պատճառով: Պաշտպանները, մեջբերելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից, փորձում էին ցույց տալ իրենց առավելությունը` անձնական բնույթի վիրավորանքներ հասցնելով միմյանց: Մահացած Կարեն Եսայանի մայրը նույնպես մասնակցում էր լեզվակռվին:

 

Վկա Արմեն Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ գործի վերաբերյալ բացատրություն տալու ժամանակ վերջինիս ՀՀ Ոստիկանությունում, առանց օրինական հիմքերի, 2 օրից ավելի պահել են, որի ընթացքում խուզարկել են նրա բնակարանը և ավտոմեքենան:

 

Իսկ այն հարցին, թե Հարություն Սարգսյանը ունեցել է սև գույնի «Կատաֆալկա» մեքենա, վկաները դժվարացան պատասխանել, ապա ասացին, որ այո, ունի: Հարություն Սարգսյանը մեքենայի վաճառքով է զբաղվում և կարող էր ունենալ այդպիսին:

 

Հիշեցնենք, որ 2012թ-ի ապրիլին Կարեն Եսայանի սպանության համար կալանավորեցին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին:

 

Կալանավորի նկատմամբ սկզբում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի և 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ավելի ուշ` նախաքննության ավարտին, 253-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինվեց 188-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Դատական նիստը կշարունակվի վաղը` մարտի 19-ին: Այսօրվա նիստին չներկայացած վկաները կքննվեն վաղը:

 

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան


Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել