«Ծավի գյուղապետը գայլի սիրտը չի կերել». Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող

Սյունիքի մարզում գործող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը Ծավ համայնքում համասեփականության իրավունքով երկու ընտանիքներին պատկանող վարելահողում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու մասին մարզի դատախազությանը հաղորդում է տվել 2012 թվականի նոյեմբերի 15-ին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանը:

Վերջինս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ` 2012 թվականի դեկտեմբերի 8-ին, անձամբ է Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի և Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանի ուշադրությունը հրավիրել այդ գործին:

Նրա խոսքով` նրանց այդ գործով զբաղվելու խնդրով դիմել են Սյունիքի մարզի ավելի քան 100 քաղաքացիներ:

Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղում համասեփականության իրավունքով Անդրանիկ Գալայանին, Սիլվա Զաքարյանին, Սաթենիկ Գալոյանին և Լուսինե Գալոյանին պատկանող 0,557 հա վարելահողի մի հատվածում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ և կառուցված ՓՀԷԿ-ի գլխամասային կառույցի մի հատվածը, առանց հողամասի սեփականատերերի համաձայնության, հայտնվել է նրանց պատկանող հողամասում:

Արշավիր Խալափյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանքում «Ծավ» ՓՀԷԿ-ի գլխամասային կառույցը գրանցված չէ, քանի որ զբաղեցրած հողամասի որոշակի հատվածը սեփականության իրավունքով գրանցված է Անդրանիկ Գալայանի, Սաթենիկ և Լուսինե Գալոյանների և Սիլվա Զաքարյանի անուններով:

«Համաձայն «Էներգացանցշին» ԲԲԸ-ին 20.03.2007թ.-ին տրված շինարարության թույլտվության հատուկ պայմանների 1-ին կետի` կառուցապատողը նախքան շինարարությունը սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ: Սակայն վնասներ կրած քաղաքացիների հետ որևէ համաձայնություն չի կայացվել, չնայած այն հանգամանքին, որ շինարարական աշխատանքների պատճառով հողամասը անօգտագործելի է դարձել, առաջացել են սողանքներ, ոչնչացվել է քաղաքացիների գույքի մի մասը, խիստ ծախսատար և անարդյունավետ է դարձել հողամասի դեռևս պահպանվող հատվածի օգտագործումը»,- նշեց Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը:

Մարտի 6-ին Հակակոռուպցիոն կենտրոնը Սյունիքի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Մ. Մարտիրոսյանից ստացել է իրենց նախապատրաստած նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը:

Քրեական գործ է հարուցվել Ծավ համայնքի նախկին ղեկավար Սեյրան Զաքարյանի և ներկայիս գյուղապետ Արարատ Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315²-րդ հոդվածի (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) և 214-րդ հոդվածի 1-ին մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Արշավիր Խալափյանի կարծիքով` եթե գործով օբյեկտիվ, արդար, բազմակողմանի քննություն իրականացվի, ապա ավելի շատ պատասխանատվության պետք է ենթարկվեն Քաղաքաշինության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Ներսիսյանը և Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները, ովքեր ստորագրել են ակտի տակ, քան Ծավ գյուղի նախկին ու ներկա համայնքապետերը:

«Դե յուրե գյուղապետն է շինարարություն իրականացնելու թույլտվություն տալիս, բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ պատկերավոր ասած Ծավի գյուղապետը գայլի սիրտը չի կերել, որ նման մեծահարուստի` խոսքը «Էներգացանցշին» ԲԲԸ-ի սեփականատիրոջ մասին է, շինարարության թույլտվության տալու կամ չտալու հարցն ինքնագլուխ որոշեր. դա բոլորիս համար ակնհայտ է, որ նա առանց «վերևների» հրահանգի չէր կարող այդ թույլտվության հարցը որոշել»,- հայտնեց Արշավիր Խալափյանը:

Նրա ցանկությունն այն է, որ ոչ մի հանգամանք կամ շահարկում չխոչընդոտի դատախազությանն օբյեկտի քննություն իրականացնելիս:

Գործն ուղարկվել է Սյունիքի մարզի քննչական բաժին նախաքննություն կատարելու համար:

Հ.Գ. Եթե դարձել եք կոռուպցիայի զոհ, կարող եք դիմել Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցին: Այցելեք ք.Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 կամ զանգահարեք թեժ գծի անվճար հեռախոսահամարով` 080001110 կամ մուտք գործեք www.aac.am կայքէջը:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել