Նորություններ

Երկօրյա սեմինար մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ

Մայիսի 2-3 Երևանում անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Երկօրյա սեմինարը կազմակերպել էին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Միջազգային իրավական համագործակցության իրավաբան-փորձագետ Օտտո Մալլմանն իր խոսքում մանրամասը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաքելությունն ու կառուցվածքը: Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու պայմանները, Եվրոդատարանի կարևորությունը ազգային դատարանների համար:
Միջազգային իրավական համագործակցության իրավաբան-փորձագետ Միրիանա Վիսենտինի կարծիքով իրենք նախապես մտածել էին` փաստաբանների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է կարիք լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու տարրական կետերի անդրադառնալ: Սակայն.
«Պետք է խոստովանեմ` մեզ համար իսկապես անսպասել էր փաստաբանների այն մակարդակը, ում հետ մենք հանդիպեցինք: Մենք գործ ունեինք բավականաչափ բարձր մասնագիտական մակարդակ ունեցող իրավաբանների հետ, ինչպես նաև լսեցինք շատ հստակ ձևակերպված, բովանդակային և կարևոր հարցեր»:
Դասընթացին մասնակցում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, ՇՊԱԿ ազգային ցանցի և Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբաններն ու իրավաբանները:
Սեմինարի երկրորդ օրը` մայիսի 3-ին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը անդրադարձավ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության վիճակին և Գերմանիայի պատրաստականությանը`Հայաստանի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ օգնություն տրամադրելուն:
«ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի» փաստաբան Կարեն Հովհաննիսյանը վերջերս վերապատրաստման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է եղել: Իր խոսքով շատ կարևոր է Եվրոդատարան գանգատ ուղարկելու հմտությունների և ընթացակարգերի վերաբերյալ արտասահմանյան փորձագետնների հետ քննարկումը:
Իսկ փաստաբան Տիգրան Սաֆարյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված մի քանի գործեր ունի: Երկօրյա սեմինարից ստացած իր տպավորությունների մասին ասում է. «Լավ հնարավորություն էր, որ կարողանայի ստուգել իմ իմացածը և որոշակի նորություններ նրանցից ստանայի»:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը Հայաստանում գործում է 2011 թվականից: Միջազգային իրավական համագործակցության ծրագրի ղեկավար Ֆրանցիսկա Զիմոնի փոխանցմամբ հիմնականում գործունեություն են ծավալում քրեակատարողական ոլորոտում և փողերի լվացման հարցերում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կարծիքով սեմինարը նպաստելու է, որ հայ փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ավելի ճիշտ և պատշաճ մակարդակով գանգատներ ուղարկեն. «Հիմնադրամի հետ մեր աշխատանքները ապագայում նունյպես շարունակվելու են նոր սերնդի իրավաբանների գիտակրթական մակարդակի բարձրացման առումով»:
Սեմինարի ավարտին մասնակիցներին բաժանվեցին հավաստագրեր:

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել