Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Զինվորական համազգեստից սրտնեղած՝ մահացած զինվորի հայրն առժամանակ դուրս եկավ նիստերի դահլիճից

Այսօր՝ մարտի 4-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը:

Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանը, Միքայել Միքայելյանը, վերջիններիս պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Լևոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը, մեղադրող Անահիտ Եղիազարյանը, վկաներ Յուրի Բադալյանը և Արսեն Ղարիբյանը:

Գործով ցուցմունք տվեց զինվոր Արսեն Ղարիբյանը:

Ըստ ցուցմունքի՝ նա հոսպիտալում 2011 թվականի նոյեմբերի մոտ 10-ից (կոնկրետ օրը չէր հիշում) նյարդաբանական բաժանմունքի նույն հիվանդասենյակում է եղել մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հետ: Սենյակում երեք զինծառայող են եղել: Առաջինը Յուրի Բադալյանն է վարակվել ջրծաղիկ հիվանդությամբ, երկրորդը՝ ինքը, դեկտեմբերի 24-ին: Հենց դեպի մասին իմանալու օրը Յուրի Բադալյանին տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իրեն նույնպես այն օրն են տեղափոխել, երբ ինֆեկցիոն բաժանմունքում հաստավել է ջրծաղիկ հիվանդությունը:

Վկան հիշեց, որ Յուրի Բադալյանին տեղափոխելուց հետո հիվանդասենյակը «հոտ ունեցող» նյութով մաքրել են: Առաջին անգամը լավ հիշում էր, հետո՝ ախտահանել են հիվանդասենյակը, թե՝ ոչ, չէր հիշում: Արսեն Ղարիբյանը, պատասխանելով ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Լևոն Պողոսյանի հարցին, ասաց, որ պարբերաբար չափել են իրենց ջերմությունը, ուշադիր են եղել իրենց նկատմամբ:

Մովսես Խաչատրյանը նախ ճշտեց՝ արդյո˚ք Հայկը ջերմություն ունեցել է, վկան պատասխանեց՝ ոչ, այնուհետև մահացած զինվորի հայրը բարձրաձայնեց, որ վկային՝ Արսեն Ղարիբյանին, ստիպել են ճշմարտությունը չասել և, զինվորական համազգեստից սրտնեղած, Մովսես Խաչատրյանը դատավորի թույլտվությամբ դուրս եկավ նիստերի դահլիճից: Մնաց այնտեղ մինչև վկայի հարցաքննության ավարտը:

Դատավորը ևս մեկ անգամ հարցրեց վկային՝ արդյո˚ք նա «պագոնի ճնշման տակ չէ նման ցուցմունք տալիս, վախենո˚ւմ է ճշմարտությունն ասել կամ քննիչին ցուցմունք տալուց հոգեբանական ընկճվածության ենթարկվե˚լ է, սպառնալիքի, կաշկանդվածության» և այլնի, վկան պատասխանեց, որ նման բան չկա՝ ինքն ասում է ճշմարտությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը մտահոգություն հայտնեց, որ նախաքննական մարմնում ցուցմունք շարադրելիս վկային օգնել են: Արսեն Ղարիբյանը նշեց, որ ինքը բանավոր ասել է այն, ինչ պատրաստվում է գրել, և բաներ եղել է, որ հարցրել է քննիչից, որ գրվածը «կիրթ լիներ»:

Վկան դատարանին հայտնեց, որ Հայկ Խաչատրյանի մոտ ինքը ջրծաղիկ չի նկատել: Գործով հաջորդ վկան՝ Յուրի Բադալյանը, ևս նույնը պնդեց: Անգամ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից վերադառնալուց հետո՝ դեկտեմբերի 28-ին, ջրծաղիկ չի նկատել Հայկի մոտ: Նրա կարծիքով՝ գուցե նաև այն է եղել պատճառը, որ Հայկի դեմքը միշտ շալով փաթաթված է եղել:

«Տղան բժշկների օմբուդսմենն է»,- կարծիք հայտնեց Մովսես Խաչատրյանը:

Դատարանը մերժեց Մուշեղ Շուշանյանի այն միջնորդությունը, որով առաջարկում էր ցուցմունք տալու կանչել այն մարդկանց, ովքեր դեռ զորամասում օրենքի խախտմամբ Հայկ Խաչատրյանին առանց հանգստի 36-ժամյա պահակային ծառայության են նշանակել: Նրա կարծիքով՝ Հայկը հենց այդ ցուրտ ժամանակ էլ դիմային նյարդի բորբոքում է ստացել, իսկ այդ մարդիկ միայն կարգապահական պատասխանատվության են ենթարկվել:

Մեղադրյալը, պաշտպանական կողմը պնդեցին, որ նրանց ցուցմունքները լսելն այս գործի մասի հետ կապ չունի, դա առանձին վարույթի խնդիր է:

Մարտի 12-ին գործով ցուցմունք կտան այսօր դատարան չներկայացած երկու վկաներ Արմեն Իսոյանը և Հարություն Վարդանյանը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել