Ընտրական վեճերի վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվություն

ՀՀ դատական օրենսգրքի և 2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ընտրական վեճերի ճնշող մեծամասնության քննությունը վերապահվեց մասնագիտացված դատարանի, այն է՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը։

 Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերի քննությունը, հաշվի առնելով դրանց օպերատիվությունն ու ընտրական պասիվ իրավունքի իրականացումը, վերապահվեց ընդհանուր իրավասության դատարաններին՝ ինչպես նախկինում էր։

Վերոգրյալի հաշվառմամբ ներկայացնում ենք հակիրճ տեղեկատվություն ՀՀ դատարաններում 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ստացված հայցադիմումների վերաբերյալ։

Այսպես.  2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական իրավունքների խախտման, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ ՀՀ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում։

 Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից ՀՀ վարչական դատարանում 06.05.2012 թվականի ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրվել է 17 հայցադիմում, որոնցից 8-ի ընդունումը մերժվել է, 3-ը վերադարձվել են, իսկ մնացած 6-ն ընդունվել են վարույթ, որոնցով կայացվել են համապատասխան դատական ակտեր։

Մնացած 20 հայցադիմումները ստացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում։

2012թ. մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4 հայցադիմում, որոնք բոլորն էլ վերաբերել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու պահանջին։ Ընդ որում, հիշյալ հայցադիմումներից 3-ը ստացվել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որոնցից 2-ը բավարարվել են, իսկ 1-ը վերադարձվել է` դիմողի դիմումի հիման վրա։

 Մյուս հայցադիմումը ստացվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ հայցադիմումը վերադարձվել է։

 Մայիսի 6-ին` ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 3-ի ընդունումը մերժվել է, 13-ն ընդունվել են վարույթ։ Վարույթ ընդունված 13 հայցադիմումներից 6-ով պահանջները մերժվել են, 7-ով` բավարարվել` համապատասխան անձանց իրավունք է վերապահվել ընդգրկվելու համապատասխան լրացուցիչ ընտրական ցուցակում։

Տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության բաժնից: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել