Կնոջ բիժուտերիայի կեսը ամուսնու սեփականությո՞ւնն է

Ինչպես հայտնի է, անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է: Հետևաբար, անհատական օգտագործման թանկարժեք իրերը և պերճանքի առարկաները համարվում են ամուսինների համատեղ սեփականություն:
Իսկ որո՞նք են համարվում թանկարժեք իրեր:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրը թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք և գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության և օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանքն է, որն իր վրա կարող է ունենալ նաև ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր:

Թանկարժեք մետաղներ են համարվում թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)` ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն):

Թանկարժեք իր կարող է հանդիսանալ նաև թանկարժեք քարերից պատրաստված իրերը: Թանկարժեք քարեր են համարվում բնական, անմշակ և մշակված՝ ալմաստը, զմրուխտը, սուտակը, շափյուղան, ալեքսանդրիտը և բնական մարգարիտը:

ՀՀ օրենսդրությամբ պերճանքի առարկա և թանկարժեք իր հասկացության բնորոշումը չի տրվում: Թանկարժեք գույքի շրջանակը տրվում է միայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդ օրենքի՝ թանկարժեք է համարվում 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք, բացառությամբ գույքագրման ենթակա անշարժ և շարժական գույքի, արժեթղթի:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Թանկարժեք իր և պերճանքի առարկա հասկացությունները մեկնաբանվում են համապատասխանաբար թանկ՝ բարձր արժեք ունեցող, մեծ արժեք ներկայացնող, թանկագին իր և արդուզարդի առարկա: Հետևաբար, ամուսինների համատեղ սեփականություն են հանդիսանում և ենթակա են բաժանման նաև արդուզարդ հանդիսացող ոչ թանկարժեք զարդարանքները:

Արփինե Եղիկյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել