Ինձ հետաքրքիր է, արդյո՞ք հարկային մարմնի պաշտոնատար անձը իրավունք ունի առանց ստուգման ակտի իրականացնել ստուգումներ, ուսումնասիրություններ: Եվ արդյո՞ք հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները հնարավոր է գանգատարկել վերադասության կարգով, թե պարտադիր կերպով պետք է վիճարկվի դատարանում:

 

Հարգելի° ընթերցող,

 

Ձեր` որպես հարկատուի, իրավունքները պաշտպանվում են ՀՀ մի շարք օրենքներով: Այսպես, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` հարկ վճարողն իրավունք ունի ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին: Այսինքն, ստուգում կատարելուց առաջ հարկային տեսուչի կողմից պետք է կազմվի ստուգման ակտ: Հարկատուի իրավունքների պաշտպանությունը գտնվում է նաև քրեական իրավունքի պաշտպանության ներքո: Մասնավորապես, ԱՁ կամ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերն ակնհայտ ապօրինի սահմանափակելը, ինչպես նաև այլ ակնհայտ ապօրինի միջամտությունը դրա գործունեությանը, որը կատարել է պաշտոնոտար անձը` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ակնհայտ անհիմն ստուգումներ նշանակելը և իրականացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն: Ստուգում կատարելու կասկածը պետք է առաջանա կոնկրետ գործով և հիմնավոր լինի: Օրինակ` հարկատուն արդեն իսկ մեկ անգամ խուսափած լինի հարկային պարտավորությունից: Առանց ստուգման ակտի նշանակված հարկային ստուգումը համարվում է առանց հիմնավորման: Եթե նույնիսկ  պարզվում է, որ հարկատուն իրոք խուսափել է հարկային  պարտավորությունից, սակայն որոշումը վիճարկվում և անհիմն է ճանաչվում, ապա չկատարված հարկային պարտավորությունները համարվում են առոչինչ, ինչը հանդիսանում է որպես անհիմն (առանց ստուգման ակտի) որոշման անվավերության հետևանք: Ինչպես շատ երկրներում, ՀՀ-ում ևս խախտված իրավունքների պաշտպանության բարձրագույն ձևը համարվում է դատական պաշտպանությունը: Սակայն պետք է նշել, որ դա հարցի լուծման վերջնական և որոշիչ փուլն է, երբ գերատեսչական մարմինները ի զորու չեն եղել լուծելու իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանության գերատեսչական միջոցները սպառված են: Այսինքն, քաղաքացու իրավունքները և օրինական շահերը փաստացի շարունակվում են մնալ խախտված:

Մինչ իրավունքների պաշտպանության վերջնական մարմին` դատարան դիմելը, օրենքը թույլ է տալիս դիմել իրավասու պետական մարմին այս կամ այն հարցի լուծման կամ դրա շուրջ պատշաճ պարզաբանում ստանալու նկատառումներից ելնելով: Հարկային ոլորտը բացառություն չէ: ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքի 36 հոդվածի համաձայն հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել հարկային տեսչության այն մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային տեսչության մարմնի կողմից քննության են առնվում և դրանց կապակցությամբ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատները ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Գանգատի կապակցությամբ հարկային մարմնի կողմից կայացված որոշումները անբեկանելի և վերջնական չեն: Գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյան ժամկետում կարող են վերադասության կարգով գանգատարկվել հարկային տեսչության վերադաս մարմին կամ դատարան:

Գանգատի քննարկմանը իրավունք ունեն մասնակցել հարկ վճարողը և (կամ) նրա կողմից լիազորված անձը: Կարևոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող հարկային մարմինը հարկային տեսչության վերադաս մարմնի համաձայնությամբ իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը: Այստեղից  հետևություն, որ քաղաքացին կարող է դիմել հարկային տեսչություն մինչև գանգատի լուծումը հարկի գանձումը դադարեցնելու խնդրանքով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել