Ինչո՞ւ են Երևանի գետնանցումները երեկոյան ժամերին վերափոխվում զուգարանների

Իրավաբան.net-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Մասնավորապես, մի քանի անգամ արդեն մեր հրապարակումներում ընթերցողի ուշադրությունն ենք բևեռել մայրաքաղաքում գոություն ունեցող գետնանցումների անբարվոք և անմիխիթար վիճակին:

 

Խնդրի վերհանումը պատահական և աննպատակ չէ, քանի որ դրանք իրենց մեջ կրում են իրավական հետևանքներ, անգամ` ստեղծված իրականությունում մարդուն ստիպում են դառնալ իրավախախտ, իսկ արդեն իսկ քրեական հանցագործություն կատարած անձինք` այդպես էլ մնում են չբացահայտված:

 

Իրավաբան.net-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող գետնանցումների ներկայիս վիճակը:

 

Գրեթե բոլոր գետնանցումներում խնդիրները նույնն են. վատ լուսավորություն (եթե, իհարկե, լուսավորություն կա), ջրահեռացման համակարգի բացակայություն (դրա կարիքն առավել զգացնել է տալիս առատ տեղումների ժամանակ), կիսաքանդ ու խոնավ պատեր, կասկածելի «ջրային ավազաններ» ու դրանից եկող գարշահոտություն, հակահիգիենիկ վիճակ, վանդալիզմ, իսկ երեկոյան ժամերին դրանցից օգտվելու դեպքում առաջին հայացքից վստահություն չներշնչող դեմքերն այս ողջ համայնապատկերի ներքո ակամա վախ ու տագնապ են ներշնչում: Այս ամենը նպաստում են, որպեսզի մարդ հրաժարվի օգտվել գետնանցումից և խախտելով Վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածի պահանջը, փողոցը հատի արգելված հատվածով, և ենթարկվի վարչական պատասխանատվության` երեք հազարից-հինգ հազար դրամի չափով:

 

Տարիներ շարունակ քաղաքի գետնանցումները վնասվում են վանդալիստների կողմից: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում վանդալիզմի համարը. այն է` շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները (վանդալիզմ) համար՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Իսկ ի՞նչ բովանդակությամբ գրություններով են հեղեղված գետնանցումների պատերը: Գրաֆիտից, սիրային խոստովանություններից, խոցված և անպատասխան սիրային գրառումներից, անձնանուններից մինչև անպարկեշտ, սադոմազոխիստական, սատանայական գրություններ, անգամ` սեռական բնույթի հայհոյանքներ` գործողությունների մանրամասն նկարագրությամբ: Այլ կերպ ասած` վառ երևակայություն ունեցողներն իրենց մտքի արգասիքները փոխանցում են «հանրության պատերին», փոխանակ թուղթ ու գրիչ վերցնեն ու իրենց մտքի թռիչքները հանձնեն թղթին, իրենց սիրած էակին հրապարակավ սիրային անշնորք խոստովանությունը փոխարինեն երկտողով, միջանձնային հարցերը «պարզեն» հանրության աչքից հեռու, այլ ոչ թե իրենց թուլությունից` կատաղությունն ու բարկությունը ներկայացնեն պատերին անձնավորած անվայել գրառման տեսքով: Հետաքրքիրն այն է, իսկ գետնանցումների վանդալիզմի համար որևէ անձ մինչ այժմ պատասխանատվության ենթարկվե՞լ է:

 

Բացի այդ, գետնանցումների պատերը հեղեղված են նաև տարաբնույթ գունագեղ հայտարարություններով, որոնք մոռացվում են մաքրվել հենց փակցնողների կողմից` անկախ հայտարարության արդյունքներից:

 

Մեկ ածանցյալ խնդիր, որը ևս անմասն չի մնացել Իրավաբան.net-ի հրապարակումներից: Խոսքը հասարակական զուգարանների բացակայության խնդրին է վերաբերում: Մեր հանրապետությունում, մասնավորապես` Երևանում հասարակական զուգարանների բացակայության արդյունքում երեկոյան ժամերին, իսկ ավելի համարձակների համար նաև ցերեկային ժամերին, գետնանցումները վայրկենապես վերափոխվում են զուգարանների: Այստեղ «գենդերային խտրականություն» կա. նման անշնորք վարքագիծ հիմնականում դրսևորում են մեր ազգի արական սեռի ներկացուցիչները:

 

Որոշ գետնանցումներ ծանրաբեռնված են կրպակներով, կրպակների դիմաց էլ ցուցադրվում են առաջարկվող ապրանքների ողջ տեսականին: Անհասկանալի է, թե ինչու՞ պետք է ծանրաբեռնել գետնանցումը նման կրպակներով, եթե դրանց առկայության պարագայում զգալիորեն փոքրանում է անցորդների համար նախատեսված ճանապարհային հատվածը, ինչը, միանշանակ, անհարմարություններ է առաջացնում մարդկանց ազատ տեղաշարժման համար:

 

Մի անհասկանալի երևույթ ևս. մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից (Մոսկովյան-Աբովյան-Իսահակյան) գետնանցումից երեկոյան ժամերին չես կարող օգտվել, քանի որ տարածքում ճաղավանդակներ են տեղադրել, որոնք երեկոյան ժամերին կողպեքով փակվում և անանցանելի են դարձնում քաղաքացիների շարժը: Նման ճաղավանդակներ նկատեցինք նաև նախկին «Հայրենիք» հանրախանութին հարող Արշակունյաց-Գ.Նժդեհ փողոցներին հարող գետնանցումում: Իսկ ու՞ր կորավ գետնանցման իմաստը:

 

Առավել անընդունելի է գետնանցումներում տարիներ շարունակ գոյություն ունեցող «քյաբաբա-հոթդոգային» սանիտարա-հիգինիկ նորմերից հեռու «բիզնես» կոչվող երևույթները: Հետաքրքրական այն է, որ համապատասխան պետական մարմինները նման վայրերում չեն արգելում նմանօրինակ բիզնեսի գործումը:

 

Այս ամենն այնքան տխուր ու անմխիթարական է, որ բացասականի շղարշի ներքո մոռացվում են ոլորտում նկատվող դրական փոփոխությունները: Այն, որ վերջին մի քանի տարում ավելացել է գետնանցումների թիվը, որոշներում վերականգնվել են լուսավորությունները, նորացվել են աստիճանաքարերը, բազրիքները, իսկ որոշ վայրերում ստորգետնյա անցումներին փոխարինման են եկել վերգետնյա անցումները, անհերքելի փաստեր են:

 

Խնդիրն այն է, որ այս ամենի մեղավորությունը միայն պետական մարմիններից չի, որ գալիս է: Դրա մեղավորները հենց մեր հասարակության անդամներն են:

 

Կա խնդիր և պետք է այն լուծել: Լուծման համար առանձնահատուկ բանաձևերի և բարձրագույն մաթեմատիկա իմանալու կարիք չկա: Կարևորը լինի պետական ցանկություն և կամք, իսկ որպես բանաձև առաջարկում եմ բյուջեի խնայողությունները և կրճատումներն ուղղորդեն դրանց վերացմանն ուղղված աշխատանքների իրագործմանը: Ինչպես ասում են ֆրանսիացիները` ցանկանալը կարողանալ է:

 

 

Սույն թեմայի վերաբերյալ կարող եք կարդալ նաև`

 

Նորընտիր քաղաքապետը մտահո՞գ է գյումրիի խնդիրներով (տեսանյութ եւ լուսանկարներ)

 

Ե ՞րբ են տեղադրվում շարժական զուգարաններ

 

Հանրային զուգարանների բացակայությունից միչեւ WIFI ունեցող զուգարաններ

 

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել