Ընտրություններ 2012. Իրազեկման թերթիկներ

Ընտրություններ 2012. Իրազեկման թերթիկներ՝ ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին:

Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման համար  նախատեսված է  պատասխանատվություն՝ ընդհուպ ազատազրկման ձեւով:

ՀՀ դատախազությունը պատրաստել է իրազեկման թերթիկներ՝ ՀՀ քաղաքացիներին տեղեկացնելու ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին՝ միաժամանակ երաշխավորելով, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր  նախապես, կամովին այդ մասին կհայտնեն իրավապահներին եւ կաջակցեն հանցագործության բացահայտմանը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով  կազատվեն  քրեական  պատասխանատվությունից:

Այսօր դատախազությունը հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հասարակական կազմակերպություններին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել  ընտրակաշառքի դեմ պայքարին եւ ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական  թերթիկների տարածմանը: Միջոցառմանը մասնակցելու համար ԶԼՄ-ների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, ինչպես նաեւ պատգամավորի թեկնածուների, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները կարող են նախապես հավատարմագրվել ապրիլի 28-ին՝ ժամը 09:00-11:00-ն՝ զանգահարելով 511-628 հեռախոսահամարով: Տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել